Շիականության ծագումը. Դավիթ Հովհաննիսյան

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am

Ալին խալիֆ է ընտրվում: Աիշայի ապստամբության ճնշումից հետո Ալին արշավում է Դամասկոսում իշխող Մուավիայի դեմ: Գրեթե հաղթելով ճակատամարտը՝ Ալին որոշում է բանակցություններ վարել հակառակորդի հետ, ինչով դժգոհություն է առաջացնում սեփական զինակիցների մոտ: Տասներկու հազար զինվոր լքում է Ալիի բանակը՝ իրենք իրենց անվանելով խարիջիներ (հրաժարվածներ, լքածներ) և իսլամում առաջացնելով առաջին պառակտումը:

Խարիջիները դավադրություն են կազմակերպում այդ պառակտման մեղավորների՝ Մուավիայի, Ամր իբն ալ-Ասի և Ալիի դեմ: Սակայն եթե առաջին երկու մահափորձերը ձախողվում են, ապա Ալին սպանվում է 661թ. : Ալիի որդիները՝ Հասանը և Հուսեյնը, ստիպված էին Մուավիայի պայմաններն ընդունել և նրան խալիֆ ճանաչել: Հասանի վաղաժամկետ մահից հետո (շիաների համոզմամբ՝ թունավորումից), Հուսեյնը, հիմնվելով Քուֆայում գտնվող բազմաթիվ կողմնակիցների վրա, շարժվում է դեպի քաղաք, որտեղ նրան սպասում էին՝ իբրև առաջնորդի: Քուֆայի մոտ Հուսեյնի ջոկատը (որի մեջ էին նաև նրա ընտանիքի անդամները) բախվում է խալիֆական զորքերի հետ, և Ալիի երկրորդ որդուն սպանում են:

Հուսեյնի մարտիրոսությամբ վերջնականապես ձևավորվում է շիականությունը՝ որպես կրոնական և գաղափարական ուսմունք: Դրանում չափազանց կարևոր է դառնում «իմամ» հասկացությունը՝ Ալլահի կողմից ներշնչվող և նրա խոսքը կրող առաջնորդի կերպարը: Ալիի կողմնակիցները ընդունում են, որ Ալիի հետնորդները նույնպես օժտված են Ալլահի հետ կապով և կարող են իմամ լինել: Հուսեյնի՝ երրորդ իմամի մահով սկվում է շիականության պատմությունը: