Ամենամյա Լրագրողական Մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

 

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի Հայաստանում բնակվող տարբեր համայնքների նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։

 

Այստեղ ներկայացված են տարբեր տարիներին ներկայացված լավագույն լրագրողական նյութերը։ 

Տեսանյութեր

Էմիլիո Քրիքիո – Հրեական վերածնունդը Հայաստանում Ռուսաստանից արտագաղթի ֆոնին

 

Տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է Սիվիլնեթի յութուբյան ալիքում․ հասանելի է այստեղ:

Հայաստանի հրեական համայնքը հարուստ պատմություն ունի, սակայն այն մնում է փոքրաթիվ և համեմատաբար ամուր: Փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դրդեց Ռուսաստանից, ինչպես նաև Բելառուսից և Ուկրաինայից բազմաթիվ հրեաների հաստատվել Հայաստանում՝ նոր շունչ հաղորդելով երկրի հրեական համայնքին: Պարգևատրված տեսանյութում ՍիվիլՆեթը զրուցել է համայնքի անդամների և Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնի հետ՝ ավելի լավ ծանոթանալու այս համայնքին, որը որոշ պատմաբաններ թվագրվում են հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներից։

Լիլիթ Հովհաննիսյան – Եզդի կինը աշխատաշուկայում․ ԽՍՀՄ-ից մեր օրեր

Տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է Արարատ ԻնֆոՏան ֆեյսբուքյան էջում․ հասանելի է այստեղ:

Արարատի մարզի եզդի բնակիչներ Հաջե Բաքոյանը և Թելո Թամոյանը տեսանյութում կիսվում են իրենց հիշողություններով և պատմություններով։ Նրանք նշում են, որ Խորհրդային Հայաստանի աշխատաշուկայում եզդի կանանց դերը մեծ է եղել, և որ եզդիական գյուղերում բոլոր կանայք աշխատել են՝ հատկապես զբաղվելով գյուղատնտեսական ու հողագործական աշխատանքներով։ Նրանք նշում են, որ թեև իրենց ծնողները դպրոց չեն հաճախել, բայց խրախուսել են իրենց երեխաներին կրթվել։ Հաջեն ասում է, որ կցանկանար, որ իր ձայնը լսելի լինի և եզդի ծնողները չհանեն իրենց երեխաներին դպրոցից։ Տեսահոլովակի հերոսները խոսում են իրենց աշխատանքային փորձառության մասին և խրախուսում են այլ եզդի կանանց աշխատել նույնիսկ ուշ տարիքից: Տեսահոլովակի հերոսներն անդրադառնում են նաև եզդիական համայնքում վաղ ամուսնությունների խնդրին և կոչ անում եզդի աղջիկներին ու կանանց գնալ իրենց երազանքների հետևից։

Սաթենիկ Հայրապետյան – Մեկ-մեկ վատ բառեր էլ են ասում․ հնդիկները գալիս են ավելի լավ կյանքի որոնումներով, բայց ի՞նչ են գտնում

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Factor.am կայքում։ Հասանելի է այստեղ։

 

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Factor.am կայքում։ Հասանելի է այստեղ։

Ֆահրան (անունը փոխված է) 3 տարի առաջ է Հնդկաստանից Հայաստան ժամանել ամուսնու հետ։ Ուզում էին աշխատանք գտնել ու ապրել Հայաստանում, բայց խնդիրների հանդիպեցին։ «Մինչ  կորոնավիրուսի համաճարակը մենք ֆինանսական խնդիրներ ունեինք և ոսկեղենը 1000 դոլարով գրավ դրեցինք։ Երկու ամիս հետո պատրաստ էինք վարկը մարել, գնացինք այնտեղ, որ կանխիկ վճարենք, ոսկին հետ վերցնենք։ Ասացին՝ ոսկին չկա, թալանել են, ոստիկանություն են դիմել, որ քրեական գործ հարուցվի։ Երկու տարի է անցել՝ ոսկին չկա, բայց առանց ոսկու տուն չենք կարող գնալ», – պատմում է Ֆահրան: Ամուսնական վզնոցի, օղերի ու մատանու դիմաց գումար տրամադրողն անհատ է եղել․ նրա հեռախոսահամարներն այժմ չեն գործում։ Ոստիկանություն դիմել չեն կարող, Հայաստանում օրինական կարգավիճակ չունեն։ Ամուսինն աշխատանք է գտել ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Պրակաշը (անունը փոխված է) ամեն աշխատանք կատարում է՝ աղբ թափելուց մինչև բեռնակրություն։ Լինում է՝ աշխատեցնում են՝ չեն վճարում։ «Փող կա՝ տալիս է, եթե չէ՝ ասում է՝ վաղը, մյուս օրը։ Մի օր շատ, մի օր քիչ՝  2000, 3000․․․  Մարդ կա, ասում է ՝ 5000 կտամ 1 ժամվա համար, մարդ կա՝ ամբողջ օրվա համար 7000, կախված աշխատանքից։ Մեկ-մեկ շատ լավ է․ ասում են՝ տուն արի, հաց կեր։ Որոշ մարդիկ վատն են, բոլորը չեն, որ լավն են։ Վատ բաներ էլ են ասում», ասում է Պրակաշը։ 2022-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 2660 քաղաքացի։ Նրանցից 100-ը մնացել է Հայաստանում։ Ժամանողների մեծ մասը  ուսանողներ են ու աշխատանքային միգրանտներ։ Ֆահրան և նրա ամուսինը Հայաստանում վատ վերաբերմունքի ու խաբեության զոհ դարձած միակ միգրանտները չեն։ Վերջին կես տարում Միգրացիոն ծառայությունը Հնդկաստանի քաղաքացիներից աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու  126 հայտ է ստացել։ 60-ը հաստատվել է, 11-ը՝ կարճվել։ 

Մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ Հայաստանում աշխատում են առանց օրինական կարգավիճակ ունենալու։ Հնդիկներին նաև փաստաբանական ծառայություններ մատուցող Աննա Պարսյանը ասում է, որ Հայաստան ժամանած հնդիկները տարբեր խնդիրների են բախվում օրենքի և լեզվի չիմացության պատճառով։ Նրա խոսքով կրթություն չունեցող հնդիկները աշխատում են մատուցողներ, մաքրման ծառայություններում, շինհրապարակներում կամ գյուղատնտեսական ծանր աշխատանքներում և քիչ են վճարվում, երբեմն՝ ընդհանրապես չեն վճարվում։ ՀՀ-ում վերջին 5 տարում Հնդկաստանի քաղաքացիներին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու միայն 1 դեպք է պաշտոնապես գրանցվել՝ 2018 թ-ին։ Խաբեության կամ աշխատավարձի չվճարման վերաբերյալ հաղորդում ոստիկանությունում ընդհանրապես չի ստացվել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 2021-2022 թ-ին գրանցվել է միայն 1 դեպք։ ՄԻՊ-ը վերջին 4 տարիների ընթացքում աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ դիմում-բողոք չի ստացել, ըստ ՄԻՊ ներկայացուցչի, պատճառը նաև Հայաստանում գտնվելու անօրինական կարգավիճակն է։ Ի տարբերություն անօրինական միգրանտների, ուսանողները կարող են դիմել պատկան մարմիններին՝ իրավունքների խախտման դեպքում։ Երևանի պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Ակաշ Պանուն Հայաստանում է արդեն 5 տարի։ Բնակվում է համալսարանի ուսանողական հանրակացարանում, սենյակը կիսում է ընկերոջ հետ։ «Հնդկաստանում շատ մարդ կա և շատ ուսանող, տարեկան մոտ 1 միլիոն ուսանող ընդունելության քննություններ է հանձնում բժշկական ինստիտուտների համար, բայց նրանց համար հասանելի տեղերը մոտ 50 հազար են: Այսպիսով՝ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար, որտեղ ես ուսանող եմ, վճարում եմ մոտ 5 հազար դոլար, Հնդկաստանում մասնավոր հաստատություններում վարձը սկսվում է 10 հազարից, ու կարող է նույնիսկ անցնել 40 հազարից, 50 հազարից, կախված է նրանից, թե ինչպիսի ինստիտուտ է և ինչ հարմարություններ ունի», – ասում է նա։ Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, ուսման նպատակով Հայաստանում գտնվողների իրավունքներ ավելի հազվադեպ են խախտվում։ 2021-22 ուստարում, սակայն, աղմկահարույց դեպք գրանցվեց․ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի լիցենզիայի դադարեցումից հետո շուրջ 120 հնդիկ ուսանող կանգնեց խնդրի առաջ։ Ուսանողներին առաջարկվեց տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն՝ ուսումը շարունակելով 1 կուրս ցածր մակարդակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Կուշանե Չոբանյան – «Ղազարավան՝ Հայաստանի միակ մենաստանը»․ Մենաստան Փոդքասթ

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքում․ հասանելի է այստեղ։

 

«Մենաստան»  փոդքասթի հատուկ ռեպորտաժը նվիրված է Հայաստանի միակ՝ Ղազարավանի մենաստանին, որը հիմնադրվել է 2018 թվականի հունվարին: Մենաստանում ապրող 8 միանձնուհիներից երեքը պատմում են վանք գալու ու Տիրոջը ծառայելու իրենց որոշման, հարազատների արձագանքի ու բարդ ճանապարհի մասին:

Քույր Եղիսաբեթը, որ 21 տարի է միանձնուհի է, 41 տարեկանում է հավատքի եկել ու Աբխազիայից տեղափոխվել Հայաստան: Սկզբում ծառայել է Սուրբ Հռիփսիմե, Հաղպատ, Սուրբ Գայանե վանքերում, իսկ հիմա ապրում է Ղազարավանում: Եթե քույրերից շատերը քրիստոնեական դաստիարակություն են ստացել ու տարիների ընթացքում հասկացել, որ ուզում են միանձնուհու կյանքով ապրել, ապա քույր Եղիսաբեթի դեպքում դա տեղի է ունեցել մեկ ակնթարթում: Մայրը, որ հավատացյալ կին էր, նեղսրտում էր՝ տեսնելով աղջկա պաշտամունքը Լենինի ու Ստալինի գաղափարախոսության հանդեպ: Այդ պատճառով էլ, երբ Սպիտակի երկրաշարժից հետո զանգեց մորն ու ասաց, որ Աստված կա, մայրը սկսեց լաց լինել:

Քույր Շուշանիկն էլ պատմում է, որ առաջին անգամ միանձնուհի դառնալու մասին մտածել է 25 տարեկանում ու եղբորը խնդրել հետաքրքրվել, թե արդյո՞ք Հայաստանում կա մենաստան: Փորձաշրջանը հաղթահարելուց հետո, սակայն, վերանայել է որոշումն ու վերադարձել դպրոց՝ աշխատելու որպես դաստիարակ: Հինգ տարի է պահանջվել քույր Շուշանիկից, որ վերջնական որոշում կայացնի ու այս անգամ հաստատվի մենաստանում ընդմիշտ: Բարեկամներից հաճախ էր լսում խորհուրդ, թե երիտասարդ է, պետք է ամուսնանա, երեխաներ ունենա: Ասում է, որ այնպես չէ, որ նման ցանկություն չի ունեցել, բայց Աստծուն ծառայելը միշտ առաջնահերթ է եղել ու մնացած զգացումները ճնշել է հանուն այդ նպատակի:

Քույր Մարիամը, որ Ղազարավանի մենաստանի նորեկներից է, ասում է, որ իր համար միանձնուհու կյանքով ապրելը երազանք էր: Եթե ընկերուհիները դասերից հետո կարող էին գնալ սրճարան, թատրոն կամ կինո, ապա նա ժամերով նստում էր Գյումրու Յոթ վերք եկեղեցում ու աղոթում: Ընտանիքի անդամները դժվարությամբ ընդունեցին նրա որոշումը՝ դառնալ միանձնուհի: Մեկ տարի շարունակ համոզում էր, բացատրում, որ այլ կյանք իր համար գոյություն չունի: Վերջապես ձմռան մի օր եկավ Ղազարավան ու մեկ տարուց ավելի է, ինչ չի լքել մենաստանը գեթ մեկ րոպեով: Ընկերուհիներ ունեցել է, սակայն մենաստան գալուց հետո բջջայինից էլ է հրաժարվել, հետևաբար կապի միջոց չունի նրանց հետ շփումը պահելու: Խոստովանում է, որ ցանկություն էլ առանձնապես չկա: Տնեցիներին էլ խնդրել է հաճախ այցելության չգալ, որովհետև նա մենություն է փնտրում ու իր առաքելությունն է համարում Տիրոջը ծառայելը։

Կուշանե Չոբանյան - Մեր կողքին ապրող մարդիկ․ Արջունը

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Մեդիալաբի կայքում։ Հասանելի է այստեղ։

 

Հնդիկ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը երկու տարեկանում ծնողների հետ Հնդկաստանից տեղափոխվել է Նահանգներ ու բավական երկար ժամանակ ապրել ԱՄՆ-ում: 2010 թվականին նա տեղափոխվել է հայրենիք՝ Տիրուվանանդապուրամ, որը Երևանի չափ քաղաք է: Քովիդի ժամանակ տևական շրջան՝ մոտ վեց ամիս, տանն էր ծնողների հետ ու կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ այդ ընթացքում շատ էին տարաձայնություններ ունենում:

 

Մի օր հասկացավ, որ եթե այդկերպ շարունակվի, կխենթանա ու կտրուկ որոշեց տեղափոխվել մի հեռու տեղ՝ փոխելով նաև կենսակերպը: Քարտեզի վրա նա դժվար թե Հայաստանն այնքան հեշտությամբ գտներ, որքան գուգլում: «Ա» տառով սկսվող երկրների մեջ գտավ Արմենիան ու տոմս գնեց դեպի Հայաստան:

 

Տաք ամերիկանո և սառը էսպրեսո պատվիրելուց հետո Արջուն անունով հնդիկ երիտասարդը ակնդետ նայում է՝ անհամբեր սպասելով հարցերիս: Նա ժամանակակից գրող է ժամանակակից հագուկապով՝ թեթև շապիկ, վրայից վերնաշապիկ, ջինսե տաբատ ու սև, անհատակ աչքեր, որ նրան գրավիչ դարձնող երևի ամենակարևոր «ատրիբուտն» է: 

 

– Հայաստանում մի կարծրատիպ կա, որ դուրեկան չէ, բայց փորձում եմ արդարացնել՝ համարելով, որ մարդիկ վատ փորձ են ունեցել: Մի օր տաքսի նստեցի, վարորդը նայեց դեմքիս, ասաց՝ վա՜յ, հնդիկ ես, բայց քո վրայից վատ հոտ չի գալիս: 

 

Այն, որ մենք տեսնում ենք հնդիկների, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են ավտոլվացման կետերում, հաճախ՝ աղբահավաք մեքենաներում, միայն հարգանքի է արժանի, որովհետև մարդիկ վաստակում են իրենց ուսման վարձը, որը մատչելի չէ, բնակարանի վարձ են մուծում ու փորձում են արժանապատիվ ապրել այս երկրում: Ու եթե անգամ մենք ունենք կարծատիպեր, որոնք գոյացել են տարբեր պատճառներով, վստահաբար չարժի այդ մասին բարձրաձայնել: 

 

– Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար մարդիկ հաճախ են ստիպված լինում մի քանի հոգով մեկ սենյակում մնալ, և սրա հետևանքով մի այլ կարծրատիպ էլ է ի հայտ եկել: Երբ բնակարան էի փնտրում Երևանում, իսկ ես այս գրեթե երկու տարվա ընթացքում 9 բնակարան եմ փոխել, բոլորն ասում էին՝ հանկարծ տունը կեղտոտ չպահես, նայիր, տես՝ ստուգելու ենք, որ մաքուր լինի ամեն բան: 

 

Արջունը Հայաստանում խտրականության չի ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, երբ ընկերների հետ ակումբ էր գնում, նրան կանգնեցրել ու ասել են՝ դու պարսիկ ես, քեզ ներս չենք թողնում: Այս երևույթներին բավական թեթև է արձագանքում, քանի որ միշտ մարդկանց բացատրելուց, խոսելուց հետո իրեն հասկանում են, փորձում վերլուծել ունեցած կարծրատիպերը:

 

Արջունն ասում է, որ շատ մարդկանց համար, որոնք տեղափոխվել են Հայաստան մեծ երկրներից, այստեղ ձանձրալի է: Հաճախ են ծանոթներն ասում, թե գիշերային կյանք չկա, եռուզեռն է քիչ, բայց ինքը ավելի տնային մարդ է՝ տնից աշխատում է, տնից գրում գիրք, պատրաստում ուտելիքներ և երբեմն նաև իրեն թույլ տալիս ճամփորդել Հայաստանով: Եղել է բոլոր մարզերում ու սիրահարվել Վայոց ձորին: 

 

— Ես սովորում եմ ոչ միայն հայերեն, այլ նաև ուսումնասիրում եմ հայոց պատմություն, ավելի ճիշտ՝ Հայաստանի պատմության կարևորագույն դրվագները: Ինձ համար ամենազարմանալին Կիլիկյան թագավորությունը բացահայտելն էր, որովհետև ապշեցուցիչ է տեսնել, որ հայերը ոչ իրենց հողում Հայաստան են ստեղծել: 

 

Սկզբում գուգլի թարգմանության օգնությամբ, հետո արդեն պարապելով՝ հասավ բավական լավ արդյունքի: Երբ Հայաստան եկավ, շատերի հետ ռուսերեն էր խոսում, քանի որ անգլերեն բոլորը չի, որ գիտեն: Հետո հասկացավ, որ մարդկանց ճիշտ, ազնիվ էմոցիաներն ու ապրումները հասկանալու ամենահեշտ ձևն իրենց լեզվով խոսելն է, այլապես խորքային երբեք չես կարող հասկանալ այստեղ ապրող մարդուն, որն ամենակարևոր ռեսուրսն է Հայաստանի համար: 

 

Արջունին հարցնում եմ՝ ի՞նչն է, որ քեզ զարմացրել կամ հիացրել է Հայաստանում: 

 

– Կծիծաղես, բայց այն, որ Հայաստանը կա, ուզում եմ իբրև լակոնիկ պատասխան չընդունես: Աշխարհում լիքը ազգություններ, որոնք երկար ժամանակ եղել են հզորագույն տերություններ, նվաճումների քանակով գերազանցում են Հայաստանի՝ անգամ Տիգրան Մեծի շրջանի փառքին, վաղուց էլ չկան: Հայերը զարմանալի ժողովուրդ են այդ բառի ամենաիսկական իմաստով: 

 

Մինչև Հայաստան գալը չգիտեր, որ Հայաստանում շատ հնդիկ ուսանողներ կան: Ի դեպ, նա ասում է, որ Հնդկաստանը շատ նման է Խորհրդային Միությանը: Թվում է, թե այն մեկ պետություն է, բայց այս երկրի ամեն նահանգում տարբեր լեզուներով են խոսում, հաճախ՝ տարբեր օրենքներ կան, տարբեր ազգություններ են ապրում: Օրինակ՝ ինքը հնդկերեն հասկանում է, բայց չի կարողանում խոսել, իր լեզուն կոչվում է մալեալամ: 

 

– Ամենազավեշտալին այն է, որ երբ մի անգամ Երևանում քայլում էի, հնդիկ ուսանողների հանդիպեցի, որոնք իրար հետ խոսում էին հենց իմ լեզվով: Փաստորեն, Հնդկաստանում դեռ ինձ կարող են չհասկանալ, բայց Հայաստանն այնքան փոքր է, որ միշտ կարող ես գտնել հնդիկի, որ հենց քո լեզվով է խոսում: 

 

Այն, ինչ կարող է «վախեցնել» եվրոպացուն կամ ամերիկացուն, Արջունի համար սովորական է: Երբ Հայաստան եկավ, շատերն ասում էին՝ զգույշ եղիր, այստեղ սարսափելի երթևեկություն է: Նա էլ քմծիծաղ էր տալիս՝ ասես պատասխանելով՝ դուք դեռ չգիտեք, թե ես ի՜նչ երթևեկություն ունեցող երկրից եմ հայտնվել այստեղ: 

 

-Այստեղ փողոցը որ կողմով էլ անցնես, մեքենաները հետիոտն տեսնելիս արգելակում են, այնպես որ, եթե մի քիչ զգոն լինես, բան չի պատահի: Վերջերս Հնդկաստան էի գնացել ու հասկացա, որ մոռացել եմ, որ այնտեղ չեն զիջում՝ կարող էի փորձանքի մեջ հայտնվել: 

 

Ընկերների մեծ մասը հայեր են, որոնց բնորոշելիս օգտագործում է «հավատարիմ» բառը: Հայաստանում նրան զարմացնում է այն, որ ընկերությունը տեղափոխվում է ընտանիք, նրանք դառնում են ընտանիքի անդամներ: Բայց երբեմն հայերը չափազանց լուրջ են ու տարբեր խոսակցությունների ժամանակ կարող են պարզապես կատակդ այնքան լուրջ ընդունել, որ չիմանաս ինչ կերպ արդարանալ: 

 

-Ես Հայաստանի «պատճառով» բուսակերությունից անցել եմ մսակերության: Ընկերներիցս մեկը Գավառ էր հրավիրել ճաշկերույթի: Ծանոթացրեց ընտանիքի անդամների հետ, որոնց մեջ էր նաև տատը: Փորձեցի ազնվորեն, հանգամանալից բացատրել, որ բուսակեր եմ, միս չեմ ուտում: Նրա համար դա առհասարակ գոյություն չունեցող, անբացատրելի, ես կասեի՝ սարսափելի երևույթ էր: Ասաց՝ լավ, դե հիմա այս քյուֆթան փորձիր: Կերա, ինչ մեղքս թաքցնեմ, շատ հավանեցի ու այդ օրվանից մսակեր եմ: 

 

Ես չգիտեմ՝ մեր երկրում արդյոք պատկերացնո՞ւմ են, թե որքան հզոր երկիր է Արջունի հայրենիքը: Սկսած 2009 թվականից Հնդկաստանը դարձել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրը, ու եթե այդ նույն թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը նվազեց 1․1%-ով, Հնդկաստանում այն կազմեց 6․5%: Հայաստանի ու Հնդկաստանի միջև զարգանում են առևտրային հարաբերություններ, մենք համագործակցում ենք այս երկրի հետ նաև ռազմական ոլորտում: 

 

-Ես ուզում եմ ներդրում ունենալ մեր երկու երկրների հարաբերությունների՝ նոր մակարդակ բարձրանալու մեջ: Դրա համար որպես հնդիկ գործարար այստեղ հիմնել եմ մարքեթինգային ընկերություն, որում ներգրավված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց այն գրանցված է ոչ թե Հնդկաստանում կամ ԱՄՆ-ում, այլ հենց այստեղ: 

 

2013 թվականին Արջունը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Չար խաղեր», իսկ հիմա աշխատում է երկրորդ գրքի վրա, որում պատմելու է իր «հայկական փորձառության» մասին: Այստեղ ժամանակ ունի գրելու ու ինչպես առաջին գրքի նկարագրության մեջ է ասում՝ մտորելու, շա՜տ մտորելու: 

 

– Դուք մի հրաշալի բառ ունեք հայերենում. երբ որևէ մեկը բան լավ է անում, ասում եք՝ ապրե՛ս, երբ ուզում եք շնորհակալ լինել, ասում եք՝ ապրե՛ս: Սրա մեջ մեծ ասելիք կա՝ մի վերին ուժ հայերին անդադար հիշեցնում է ապրել: 

Ալեքսանդր Մարտիրոսյան – Կյանքն առանց կրոնի․ աթեիստները հավատքի երկրում

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Առավոտի կայքէջում։ Հասանելի է այստեղ:

 

«Մեր ծրագիրն ամբողջովին կառուցված է գիտական և այն էլ հատկապես` մատերիալիստական աշխարհայեցողության վրա։ Ուստի, մեր ծրագրի պարզաբանումն անհրաժեշտորեն պարունակում է նաև կրոնական մշուշի իսկական պատմական ու տնտեսական արմատների պարզաբանումը։ Մեր պրոպագանդան անհրաժեշտորեն պարունակում է նաև աթեիզմի պրոպագանդա․․․», – Վ․Ի․Լենին։

 

Փակեք ձեր աչքերը և մի պահ պատկերացրեք, որ ձեզ արգելված է դավանել ձեր հավատքը, որ ձեզ հետապնդում են ձեր համոզմունքների համար, և որ ստիպված եք հրաժարվել ձեր կրոնից կամ համոզմունքից: Ի՞նչ կլիներ, եթե ինչ-որ մեկն ասեր ձեզ, որ դուք չեք կարող աղոթել ձեր Աստծուն, կրել ձեր կրոնական հագուստը կամ նույնիսկ խոսել ձեր հավատքի մասին հանրության առաջ: Դժվար է պատկերացնել։

Այս հոդվածում կանդրադառնանք չորս անհատների պատմության, որոնք ինչ-որ տեղ խաչվում են, ինչ-որ տեղ բաժանվում, սակայն բոլորին միավորում է մեկ բան։ Նրանք չեն հավատում Աստծուն։ Նրանք իրենց համարում են աթեիստներ, որոնք սեփական համոզմունքի ճանապարհին հանդիպել են բազմաթիվ խոչընդոտների։


Մարինե․

 

Մարինեն սովորել է Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոցում։ Նրա խոսքով՝ դպրոցում շատ խիստ են եղել կարգուկանոնի հարցում՝ սևուսպիտակ հագուստ, կապված մազեր, աղջիկների ու տղաների համար հագուստի չափանիշներ և այլն։ Պատմում է․ «Ես փոքր էի՝ առաջին, թե երկրորդ դասարան, լավ չեմ հիշում։ Մի օր ամբողջ դպրոցին՝ առանց բացառության, «հոտի» նման որոշեցին կնքել։ Դաս էինք անում, մեկ էլ հո՛պ դուռը բացվում է՝ էրեխեք ջան, էսօր պետք է կնքվեք, էսօր էդ օրն է, պատրաստ եք, չէ՞, մենք էլ ամբողջ դասարանով՝ ա-յոոո՜։ Ձեռքերը, ճակատը, վզի հատվածը ջրով օծեցին ու կնքեցին, հետո ասացին՝ ձեզ խաչեր կբերենք։ Մի դասարանից մյուսն էին անցնում ու բոլորին մկրտում։ Այդ ամենը դպրոցում է եղել, ոչ եկեղեցում՝ առանց ծնողների ներկայության։ Չնայած դեռ այդ տարիքում գիտեի, որ, սովորաբար, եկեղեցում են մկրտում՝ միևնույն է հարցեր չեմ տվել։ Ինձ ոչ մեկը չի հարցրել՝ ուզո՞ւմ ես մկրտվել, թե՞ ոչ։ Հիմա անգամ չեմ էլ հիշում այդ ժամանակ հավատում էի, թե չէ։ Դե այդ տարիքում, սովորաբար, չենք էլ իմանում, որովհետև դպրոցում բոլորն ասում են՝ մենք քրիստոնյա ենք, տանն ասում են՝ քրիստոնյա ենք․ դե դու էլ ասում ես՝ սաղ քրիստոնյա են, ուրեմն ես էլ եմ քրիստոնյա։

Հաջորդ օրը բերեցին խաչերը բաժանեցին։ Քանի որ մեր դպրոցը շատ խիստ դպրոց էր, մեզ արգելված էր զարդ կրել։ Մեզ ասացին՝ պետք է 40 օր կրեք այն, բայց այնպես, որ չերևա։ Ես այդպես էլ չկրեցի այդ խաչը։ Մեր դպրոցն այնպիսի դպրոց էր, ուր տարին տասներկու ամիս պետք է գնայիր սևուսպիտակ հագուստով և կիսաշրջազգեստով։ Մեզ մոտ առանձնանալը և նախաձեռնողականությունը պատժելի էր։ Հետահայաց ինքս ինձ շատ վատ եմ զգում։ Հիմա երբ հիշում եմ, շատ եմ ամաչում, որ մեզ հետ այդկերպ են վարվել։ Եթե նույնիսկ քրիստոնյա ես, դա իրենց իրավունք չի վերապահում քեզ կնքել դպրոցում։ Էն ժամանակ 200-ից ավելի աշակերտ կար դպրոցում։ Շատ ամոթ է։ Կարծում եմ, որ դա շատ ցածր քայլ է եղել իրենց կողմից»։


Սոնա․

 

Աթեիստ լինելու ճանապարհը հեշտ չի տրվել նաև այս հոդվածի մյուս հերոսին՝ Սոնային։ Սոնան սովորել է Քասախի՝ Ռոբերտ Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Սոնան վերհիշում և պատմում է դրվագներ ոչ վաղ անցյալից․ «Մեր ընտանիքում, այսպես ասված, «ճիշտ» քրիստոնյաներ չեն եղել։ Պապիկիս հետ շատ չեմ շփվել, բայց ինքը շատ հակասական վերաբերմունք ուներ կրոնի հանդեպ։ Ես երբեք ինձ քրիստոնյա չեմ համարել։ Եվ իմ ընտանիքում էլ այնպես չի եղել, ինչպես կլիներ իրեն քրիստոնյա համարող ընտանիքում՝ կիրակնօրյա պատարագներ, եկեղեցու շարժական և ոչ շարժական տոներ։ 8-9-րդ դասարանից ինձ շատ հետաքրքիր է եղել կրոնների պատմությունը, ուսումնասիրել եմ բազմաթիվ նյութեր ու գիտական հոդվածներ։ Էդ ժամանակահատվածում ամեն ինչ շատ կապված էր նաև երաժշտական ճաշակի հետ, որովհետև էդ տարիներին ես շատ տարված էի մետալ երաժշտությամբ ու բնական է, բոլորն էլ գիտեն, որ մետալ երաժիշտները լավագույն դեպքում աթեիստներ էին, և կային նաև սատանիստներ։ Այդ ժամանակ կուռքերին հետևելով որոշեցի, որ ես աթեիստ եմ։ Հետո սկսեցի շատ կարդալ ու ավելի ուշ հասկացա, որ չէ, դա միայն կուռքերին նմանվելու և իրենց հետևելու գործընթացով չէր պայմանավորված։

 

Եթե անկեղծ՝ այն ժամանակ ես այնքան էլ հանդուրժող չէի։ Նոր շրջապատում հայտնվելուց, երբ պարզվում էր, որ քրիստոնյաներով եմ շրջապատված, հաճախ վիճում էի և կռվարար էի այդ առումով։ Ժամանակի ընթացքում և մեծանալուն զուգընթաց՝ սկսեցի ավելի հանդուրժող լինել։ Դպրոցում՝ Հայոց եկեղեցու պատմության դասաժամերին, ինչ-որ մի պահի սկսել էինք աղոթել, չեմ էլ հիշում, թե ինչպես պատահեց։ Դասերը սկսում էինք աղոթքով, ինչն արդեն այդ տարիքում ինձ համար անչափ դժվար էր։ Որոշեցի խոսել ուսուցչիս հետ ու բացատրել իրավիճակը․ասացի, որ եթե ուզում եք, որ ամեն ինչ հավասար լինի, ես կարող եմ ուղղակի կանգնած մնալ։ Իրականում, իմ ուսուցիչն այնքան էլ լուրջ չվերաբերվեց իմ ասածին՝ մտածելով որ դա երեխայական կապրիզներ են և որ կանցնի, բայց ընդունեց իմ դիրքորոշումը։ Էդ առումով իմ բախտը բերել է։ Իմ ուսուցիչն ինձ հետ շատ ընկերական էր և սիրում էր ինձ, ու այս առումով ամեն բան հարթ ընթացավ, մինչդեռ համալսարանի առաջին կուրսում եղել են դեպքեր, երբ համակուրսեցիներս տարօրինակ հայացքով նայել են ինձ, երբ ասել եմ, որ աթեիստ եմ։ Ինձ համար կրոնն ու հավատքը շատ անձնական թեմաներ են և հանրային միջավայրում այդ թեմայով նախընտրում եմ չխոսել։ Միայն ընկերական նեղ շրջապատում եմ կիսվում, որտեղ կարող եմ անկեղծ ու հանգիստ խոսել»։ Սոնան ընդհատում է պատմությունը և ասում․«Ես միշտ ուզեցել եմ Էջմիածնից էկող SMS-ներին պատասխանել, որ ինձ չանհանգստացնեն, բայց այդպես էլ չի հաջողվել»,- ծիծաղում է։ Վերադառնալով իր հուշերին՝ շարունակում է․ «Ծնողներիս շատ վաղ եմ ասել, որ աթեիստ եմ, իրենք էլ անլուրջ և կատակով վերաբերվեցին իմ ասածին, բայց հասկանալի էր, որ շատ շոկային էր այդ լուրը։ Հայրս հանդուրժող է էդ առումով, ամեն բան խոսեցինք ու քննարկեցինք։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ պատասխանեց․ «ես գիտեմ, որ դու ճիշտ ես, ու քո դիրքորոշումը ճիշտ է, բայց ես ինքս ինձ մեջ ուժ չեմ գտնում ինձ աթեիստ համարելու և կրոնից հրաժարվելու համար»։

 

Վերջերս իմ ընկերներից Նարեկի հետ Վանաձորում էինք։ Հին եկեղեցի կար՝ 12-րդ դարի։ Առաջարկեց ներս մտնել։ Ասի՝ լո՞ւրջ ես ասում, ասեց՝ հա։ Համաձայնեցի։ Էնտեղ փոքր երեխայի էին կնքում, որը տանջվում-լացում էր։ Էդ դեպքից հետո է՛լ ավելի ճնշված եմ զգում ինձ եկեղեցի մտնելիս։ Նարեկն էլ կատակելով ասում էր՝ քո միջի դևերն են։ Դռան մոտ կանգնած սպասում էի, թե երբ ենք վերջապես դուրս գալու»։


Արման․

 

Արմանն այս հոդվածի միակ տղա հերոսն է, որն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության և պատերազմի թոհուբոհի միջով։ Շատերի համար օբյեկտիվորեն, որոշների համար էլ գուցե սուբյեկտիվորեն, նա չցանկացավ բացահայտել իր անձը։ Արմանի համար շատ դժվար էր վերհիշել բանակային օրերի մասին, բայց ուժերը հավաքեց ու սկսեց պատմել այնպես, կարծես երբևէ որևէ մեկին չէր պատմել այս մասին ու հետո էլ այլևս չի պատմելու։ «Բանակում աթեիստ լինելը մեղք է, որովհետև էնտեղ բոլորը հավատացյալ են, մանավանդ՝ պատերազմի ժամանակ։ Երբ բոլորն աղոթում ու աստված են կանչում, հաճախ մեղադրող հայացքով նայում են աչքերիդ մեջ ու պահանջում, որ վերափոխվես։ Պատերազմում հաղթելն ու չմեռնելը, կարծես, հավատքի մեջ էր, ու եթե չէիր հավատում աստծուն, ուրեմն դատապարտված էիր պարտության, ուրեմն չէիր հավատում, որ ողջ կմնաս, ուրեմն թուլամորթ էիր ու բանակին ոչ պիտանի։ Խոսքը միայն ճնշող ու մեղադրական հայացքների ու հույզերի մեջ չէր, այլև տղայական ռազբոռկաների ու թեմաների, որտեղ պետք է պարզաբանեիր մյուսներին չհավատալուդ հիմքերը, որը շատերի համար բոլորովին էլ հետաքրքիր չէր։ Էնտեղ կար միայն մեկ «ճիշտ», իսկ դրան դեմ լինելը դաժան վերաբերմունքի էր արժանանում։ Չեմ ուզում վերհիշել ու պատմել դրվագները, որտեղ ճնշվել եմ մյուսների կողմից։ Դրանք շատ են։ Փակել եմ էդ էջն ու անցել առաջ։ Մեզ մոտ ամեն երկուշաբթի առավոտ օրհներգն էինք երգում և բարձրացնում դրոշը։ Ամեն երկուշաբթի դրոշը բարձրացնելու պատիվը տրվում էր նախորդ շաբաթվա ընթացքում իրենց լավ դրսևորած զինվորներին։ Ես շատ լավ եմ ծառայել ու ինձանից երբևէ չեն բողոքել, նկատողություններ չեմ ունեցել, անգամ ճանաչվել եմ մեր վաշտի լավագույն զինվորը։ Ամեն երկուշաբթի սպասում էի, որ հիմա իմ անունը կկարդան և կգնամ օրհներգի ներքո դրոշը բարձրացնելու, բայց այդ օրն այդպես էլ չեկավ, որովհետև օրհներգից հետո կորպուսի հոգևորականն էր խոսք ասում, և դրան հետևում էր աղոթքն առ աստված, և դրոշի մոտ կանգնած զինծառայողը հոգևորականի և հրամանատարի կողքին՝ դեմքով դեպի զինվորները, պետք է աղոթեր։ Չաղոթելն էլ էր մեղք ու պատիժ։

 

Հիշում եմ, երբ նորեկ էի, վախենում էի չաղոթել․ չգիտեի բանակի նիստուկացը և փորձում էի հնարավորինս ինձ պահել այնպես, ինչպես պետք էր։ Մի ժամանակ հետո, երբ հաղթահարեցի ցանկացած նորեկին բնորոշ վախերն ու մտորումները, որոշեցի չաղոթել ու ի պատասխան տղամարդկային ապտակ ստացա իմ անմիջական հրամանատարի կողմից, որովհետև հարիր չէր զինվորին չհավատալն ու չաղոթելը։ Բանակն ու հավատքը մեկ էր։ Եթե չէիր հավատում, ապա ընդհանուրի հետ չէիր։ Հերիք չէ ընդհանուրի հետ չէիր, նաև դեմ էիր ընդհանուրին։ Բայց մի դրվագ շատ հատկանշական է, որի մասին կուզեմ խոսել։ Կորպուսի հոգևորականը հինգշաբթի օրերին գալիս էր մեր զորամաս ու զրույցներ վարում մեզ հետ։ Զարմանալիորեն և հակասականորեն պետք է ասեմ, որ այդ օրերն իմ ծառայողական տարիների ամենահաճելի պահերն էին։ Զինվորի համար շատ ոգևորող է, երբ դրսից մարդ է գալիս, զրուցում էնպիսի թեմաների մասին, որոնք կարելի է կապել մարդու, հոգեբանության ու փիլիսոփայության հետ։ Հոգևորականին ասել էի, որ չեմ հավատում աստծուն և որ աթեիստ եմ, ու նա ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կայի։ Կարելի է ասել, որ ես իրեն ընկալում էի որպես ընկեր, ում հետ հանգիստ զրուցում էի վախերի ու հույզերի, ակնկալիքների ու ձախողումների մասին։ Եվ դա այդպես էր։ Ես ինձ ապահով ու հանգիստ էի զգում։ Երբ արդեն բավականին լավ էինք ճանաչում իրար, մյուսների համար զարմանալի էր մեր մոտիկությունը, երբեմն՝ երևի անհասկանալի։ Բայց դա կարևոր չէր, որովհետև չհավատալն էլ իմ համոզմունքն էր, և մենք հարգում էինք միմյանց ներքին զգացողությունները՝ անկախ մեր դիրքորոշումից։ Հոգևորականի հետ բարիդրացիական շփումը մի ժամանակ հետո բերեց այն վիճակին, որ շատերի համար արդեն կարևոր չէր իմ անհավատ լինելը։ Գուցե նաև կապ ուներ այն հանգամանքը, որ արդեն մեկուկես տարի է` ինչ ծառայում էի և բանակային լեքսիկոնով «ստառիկ» էի համարվում, ուստի իմ ու նորեկների միջև չէր կարող կոնֆլիկտ առաջանալ»։ Արմանն այս հոդվածի միակ տղա հերոսն է, որն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության և պատերազմի թոհուբոհի միջով, բայց Հայաստանում կան բազմաթիվ «Արմաններ», որոնք նույնպես ապրել են նմանօրինակ պատմություններ, երբեմն ավելի դաժան, երբեմն էլ՝ ոչ այնքան։ Մտածելու տեղիք է տալիս․․․


Եվա․

 

Չնայած մեր մյուս հերոսներին՝ Եվան կարծում է, որ աթեիզմն իրեն շատ ավելի հեշտ է տրվել, քան այլոց։ Եվան սովորել է Շիրվանզադեի անվան դպրոցում, հիմա էլ աշխատում է գրատանը, որտեղ էլ խոսում ենք իր պատմության և հուշերի մասին։ Սկսում է ընտանիքից․ «Ես մինչև 11-12 տարեկան համոզմունքի տեսակետից ինձ ոչինչ չեմ համարել, որովհետև միջավայրն էր նպաստող։ Իմ մամայի կողմից ընտանիքը քրիստոնյա է ու հավատացյալ, իսկ պապայի կողմից՝ այնքան էլ չէ։ Մամայի կողմից տատիկս շատ հավատացյալ էր ու ծանր էր տանում, երբ կրոնի մասին խոսելիս ասում էի, որ չեմ հավատում։ Իմ պապայի ծնողները սովետական տարիներին ապրած մարդիկ են, իսկ էն ժամանակ նորմալ էր համարվում աթեիստ լինելը։ Ինչ-որ մի պահի հասկացա, որ ինքս ինձ պետք է ավելի լավ ճանաչեմ ու հենց այդ շրջանում է, որ հասկացա, որ աթեիստ եմ։ Եվ խոսքը միայն հավատքին չի վերաբերում։ Վաղ տարիքից նաև սկսեցի միս չուտել։ Մինչև օրս էլ չեմ ուտում։ Դեպքերի մեծամասնությունում կրոնի մասին խոսակցությունը գալիս է այն բանից հետո, երբ ասում եմ, որ միս չեմ ուտում։ Մարդիկ դրանք կապում են իրար ու ասում, որ ինչ-որ ռելիգիոզ բան է։ Չնայած ես ասում եմ, որ դա այդպես չէ։ Դպրոցում մենք անցնում էինք Հայոց եկեղեցու պատմություն, ու դեռ այն ժամանակից ես մտածում էի, որ դա կարող էր լինել ընդհանուր պատմության մի մասը, ոչ թե առանձին առարկա։ Այնպես չէ, որ ես դեմ էի, դասերին չէի պատրաստվում։ Իմ տեսակով բունտեր անող չեմ։ Եթե ինձ հարցնեն, ապա կարձագանքեմ, եթե հարցեր չտան, ապա ընդհանրապես չեմ խոսի։ Աշխատում եմ այդ մասին չխոսել, որովհետև թեման քննարկումներ է առաջացնում, հետո սկսում են վիրավորել։

 

Մի դեպք եմ մտաբերում, երբ միս չուտելուց խոսակցությունը հասավ մինչև կրոններ, ու ոնց որ ինձ ասացին՝ դե հա՛, աթեիստները չեն մտածում, չեն հասկանում։ Ես էլ ասացի՝ օքեյ։ Երբ խոսքը գնում է կրոնի մասին, մարդիկ, ովքեր հավատացյալ են, միշտ փորձում են պնդել, որ ես սխալ եմ, այն դեպքում, երբ ես երբևէ նույն կերպ չեմ վարվում։ Կարծում եմ, որ Հայաստանում դժվար է աթեիստ լինելը։ Ինձ համար իրականում ավելի դժվար է լինել մարդ, որն ուրիշ ձև է մտածում։ Երբ դու ինչ-որ բանով տարբերվում ես, շատ դժվար է լինում։ Մարդիկ հակված են, որ դիմացինը պետք է իրենց նման մտածի։ Երբ մարդը մի բանով տարբերվում է, սկսվում է դիսկրիմինացիան։ Կարծում եմ, որ դա կավարտվի այն ժամանակ, երբ երեխաներին փոքրուց սովորեցնեն, որ մարդիկ տարբեր են։ Կյանքը գեղեցիկ է նրանով, որ ինքը շատ տարօրինակ է, ու չես կարող մինչև վերջ պատասխաններ գտնել, թե ինչ է եղել ու ինչպես է եղել իրականում։ Կրոններն ասում են, որ մահից հետո էլի կյանք կա, կա դրախտ-դժոխք, և որ մարդիկ իրենց արածների համար պատասխան են տալու։ Էդ առումով շատ հմայիչ է։ Իմ համար լավ է, որ մենք մի անգամ ենք ապրում։ Ես մինչև վերջ մեկ է՝ չեմ կարա ոչինչ պնդել, բայց ըստ իս՝ մենք միայն էս կյանքն ունենք, ու դա շատ գեղեցիկ է։ Էս մի կյանքն ունեմ ու ոչ մեկի վրա պատասխանատվություն չեմ գցում՝ ո՛չ բախտի, ո՛չ աստծո։ Էն ժամանակ, երբ ինտերնետ չկար, քեզ համար գոյություն ուներ այն, ինչ կար քո շրջապատում։ Նույնիսկ սովետական տարիներին էին այդպես։ Իսկ հիմա ինտերնետը շատ բան է փոխում․ եթե անգամ դու փոքրամասնություն ես, միևնույն է կարող ես գտնել քեզ նման մտածող մարդկանց։ Իմ օրվա մեծ մասն անցնում է գրախանութում։ Ժամանակակից գրողներն էլ շատ հաճախ անդրադառնում են փոքրամասնություններին ու կոտրում կարծրատիպերը, ինչը շատ հավես է իրականում։ Այս առումով, դրական եմ տրամադրված, որովհետև համոզված եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում»։ 

 

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած երկիրը, այդուհանդերձ, ինքներս մեզ պետք է հարց տանք՝ որքանո՞վ ենք մենք մեզ համարում «ճիշտ» քրիստոնյաներ, քանզի հե՛նց քրիստոնեությունն է սովորեցնում լինել հանդուրժող, դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայիր քեզ հետ վարվեին։ Վստահաբար բազմաթիվ այլ կրոններ ևս սովորեցնում են նույն համամարդկային արժեքները և քարոզում սկզբունքներ, որոնք պետք է բնորոշեին քաղաքակրթությունն ու մարդկանց հնարավոր համակեցությունը։ Եվ իրապես, չհավատալը մեղք չէ։ Մեղք է մարդկանց հավատալու կամ չհավատալու համար դատապարտելը, որի հետ պետք է հաշվի նստել ու առաջին հերթին պատասխան տալ սեփական խղճի առաջ։ Ազգային միատարրության մեջ լճացած հասարակությունը կարիք ունի ռեստարտի։

Անի Մարտիրոսյան - «Ծնողներս դեմ էին Ջոյին, ասում էին՝ բարեկամներն ինչ կմտածեն, հիմա շատ են սիրում»․ հայ-կորեական ընտանիքը, տոլման և ապագան Հայաստանում»

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Մեդիալաբի կայքէջում։ Հասանելի է այստեղ։

 

Նարինե Գյուլնազարյանը չէր էլ կարող ենթադրել, որ տոլմայի մասին պատմող իր կորեերեն տեսանյութը կարող էր շրջադարձային դառնալ իր կյանքում։ Ասում է՝ տեսանյութը տեղադրելուց հետո նկատեց, որ մի կորեացի մեկնաբանություն է գրել՝ ես եկել եմ Հայաստան, շատ եմ հավանել Հայաստանը, իսկ հիմա սովորում եմ հայերեն։ 

Նարինեի խոսքով՝ կյանքում առաջին անգամ էր տեսնում Հայաստանով հետաքրքրվող կորեացու, որը նաև հայերեն էր սովորում։ Այդ ժամանակ նրա մտքով անգամ չէր անցնի, որ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Սեուլից Երևան տեղափոխված Յոնգ Թաեկ Ջոյին․․․ Ասում է՝ այդ ժամանակ Ջոյին հայերեն սովորելու հարցում օգնելու պատրաստակամություն հայտնեց, բայց այդքան էլ պարտաճանաչ չգտնվեց։ «Ջոն ինձ նամակ էր գրել, իսկ ես նրան 3-4 օր հետո էի պատասխանել, որովհետև շատ զբաղված էի՝ աշխատանք, դասեր, հետո արդեն մեկնեցի հանգստի այլ երկիր։ Ջոն էլ հիասթափվել էր ինձնից, և այլևս հարցեր չէր տալիս»,- հիշում է Նարինեն և հավելում՝ հազվադեպ էին Ջոյի հետ շփվում։ 

 

Իսկ Ջոն 2018 թվականից էր Հայաստանում ապրելու երազանքը փայփայում։ Իր խոսքով՝ մինչ այդ ճամփորդել էր ավելի քան 120 երկրում, բայց Հայաստանի մասին երբևէ չէր լսել։ Հայաստանի մասին Ջոն տեղեկացել է իր ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ անծանոթ մի հայ տղամարդ Մոլդովայում խորհուրդ է տվել՝ գնա Հայաստան, դու այն շատ կսիրես։ Լսելով նրան՝ Ջոն Մոլդովայից մեկնել է Ուկրաինա, Ուկրաինայից՝ նավով դեպի Վրաստան, ապա՝ Հայաստան։ Ասում է՝ շրջել է ամբողջ Հայաստանով, բայց այնքան չի տպավորվել բնությամբ և ճարտարապետությամբ, որքան հայերով՝ իրենց ջերմությամբ ու բարությամբ։ 120-ից ավելի երկրում եղած Ջոն շեշտում է՝ հայերից ավելի ջերմ ու լավ ազգ դեռ չի տեսել, այդ պատճառով էլ մինչ օրս շարունակում է սիրել նրանց։ «Երբ կանգ էի առել Մեղրիի հյուրանոցներից մեկում, մի պապիկ կար, շատ բարի էր, ինձ ասում էր՝ արի, արի, մենք միասին ուտում և խմում էինք։ Գյումրիում էլ են մարդիկ շատ բարի։ Մի անգամ, երբ մոռացել էի դրամապանակս, մի տատիկ, որն անգլերեն էր խոսում, շատ տեղեր զանգահարելով՝ օգնեց գտնել դրամապանակս։ Ինձ ասում էր՝ մի՛ անհանգստացիր, ես կգտնեմ, ու գտավ»,- պատմում է Ջոն և նշում՝ հենց հայերի հանդեպ սերն էր և երկրի հանգստությունը, որ որոշեց գալ և ապրել Հայաստանում։

 

Ջոյի խոսքով՝ այդ ժամանակից սկսել է մտածել, թե ինչպես կարող է Հայաստանում ապրել, ինչո՞վ պետք է զբաղվի այստեղ, ինչպե՞ս պետք է գումար աշխատի և այլն։ Եվ որոշել է Հայաստանում կորեական ռեստորան բացել, ինքն էլ՝ գլխավոր խոհարար։ 2019 թվականի հոկտեմբերին կրկին եկել է Հայաստան՝ նույն ամսից շարունակելով նաև հայոց լեզվի ուսուցումը Երևանի պետական համալսարանում։ Ասում է՝ յոթ լեզու գիտի, բայց ամենաբարդը հայոց լեզուն է սովորում, քերականությունը շատ տարբեր է մյուս լեզուներից։ «Իմ միակ ընկերը Հայաստանից Նարինեն էր։ Առաջին անգամ Հանրապետության հրապարակում հանդիպեցինք, բայց ես Նարինեից էլի հիասթափվեցի, քանի որ նա իր մոր հետ հեռախոսով շատ բարձր էր խոսում, և ես այլևս չէի ուզում նրա հետ հանդիպել»,- ասում է Ջոն և հավելում՝ ինքն ավելի ուշ է հասկացել, որ բոլոր հայերն են շատ բարձր խոսում։ 

 

Ջոյի երկրորդ հիասթափությունը Նարինեից եղել է այն, երբ Նարինեն զանգել և հրավիրել է իրեն տորթ ուտելու, իսկ տորթը եղել է շատ փոքր Ջոյի համար։ Ջոյի խոսքով՝ ինքը մի քանի րոպեում այդ փոքրիկ տորթը կերել է, քանի որ ամբողջ օրը պատրաստվել էր եւ ոչինչ չէր կերել, բայց կրկին հասկացել է՝ չի ուզում հանդիպել Նարինեի հետ։ Հենց այդ ընթացքում էր, որ Նարինեն որոշել էր խորացնել կորեերենի իմացությունը, քանի որ գիդ աշխատելու առաջարկ էր ստացել: Նարինեն խնդրում է Ջոյին իր հետ կորեերեն պարապել, և Ջոն համաձայնում է։ Թեեւ կորոնավիրուսային համավարակը խանգարում է եւ Նարինեն չի կարողանում որպես գիդ իր կորեերենի հմտություններն օգտագործել, սակայն ավելի ուշ կորեական խոշոր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ստանում, որտեղ էլ աշխատում է մինչ այսօր: «Ես 6 տարի ապրել եմ Աֆրիկայում և այնտեղ ունեցել եմ կորեերենի դպրոց, ավելի ուշ՝ կորեերենի դպրոց եմ բացել նաև Բոլիվիայում, այդ պատճառով ինձ մոտ կորեերեն սովորեցնելը շատ լավ էր ստացվում։ Մենք Նարինեի հետ մի քանի ամիս կորեերեն պարապեցինք»,- «Մեդիալաբին» պատմում է Ջոն։

 

Նրանց խոսքով՝ իրենցից ոչ ոք չի մտածել սիրային հարաբերություններ զարգացնելու մասին, որովհետև չեն հասկացել, որ սիրում են իրար։ «Ես այն ժամանակ հասկացա, որ սիրում եմ Ջոյին, երբ Հայաստանում մնալու նրա 6 ամիսը լրացել էր, և նա պետք է գնար։ Հիշում եմ՝ շատ ուշ ժամ էր, բայց ես լաց էի լինում։ Այդ ժամանակ հեռախոսս վերցրի, լացելով զանգեցի Ջոյին և ասացի, որ սիրում եմ իրեն և չեմ ուզում, որ գնա։  Այդ պահին Ջոն զարմացավ, բայց քիչ անց ինքն էլ ասաց, որ սիրում է ինձ։ Մեր միության համար ես Ջոյի առաջ երեք պայման դրեցի՝ տուն գնել Հայաստանում, քրիստոնեություն ընդունել և այլևս չծխել, քանի որ շատ էր ծխում»,- ասում է Նարինեն և հավելում՝ Ջոն էլ իր հերթին մեկ պայման առաջ քաշեց՝ գնալ Կորեա և իրենց հարաբերությունների մասին տեղյակ պահել մորը, որովհետև կորեական մշակույթում այդպես է ընդունված։ 

 

Ջոն նաեւ մեկ այլ պայմանն դրեց, որ եթե սկսեն հանդիպել, ապա միայն ծնողների թույլտվությամբ, հակառակ դեպքում միությունը չէր կայանա: «Իմ ծնողները դեմ էին մեր միությանը, որովհետև ասում էին, որ լավ չեն ճանաչում Ջոյին, չգիտեն՝ ով է։ Դեմ էին ոչ թե կոնկրետ Ջոյի հետ միությանը, այլ առհասարակ արտասահմանցու հետ միությանը։ Ասում էին՝ մեր բարեկամներն ի՞նչ կմտածեն մեր մասին։ Նույնիսկ թույլ չէին տալիս հանդիպել, իսկ Ջոն ասում էր, որ չի կարող ուղղակի զանգահարել մորն ու ասել՝ ընտրյալ ունի, դա դեմ էր իրենց մշակույթին։ Հետո Ջոն գնաց Կորեա, սակայն երկու շաբաթ կարանտինի պատճառով այդպես էլ չհանդիպեց մորը, իսկ դրանից հետո նրա մայրը մահացավ, և մենք այդպես էլ չգնացինք Կորեա՝ նրան մեր հարաբերությունների մասին տեղյակ պահելու»։ 

 

Կորեա վերադառնալով՝ Ջոն գումար է ուղարկում Նարինեին, և սկսվում է հայ-կորեական ընտանիքի տան կառուցումը Չեխովի փողոցում: Որոշ ժամանակ անց էլ ինքն է միանում աշխատանքներին: Տունն արդեն պատրաստ էր: Իսկ Նարինեի առաջ քաշած երկրորդ պայմանը՝ քրիստոնեություն ընդունելը թեև աթեիստ Ջոյի համար խնդիր չէր, սակայն գործընթացն այնքան երկար էր, որ կորեացին այդպես էլ չի ընդունում քրիստոնեություն:

 

Նարինեն և Ջոն ամուսնացել են 2021 թվականի հունիսի 4-ին՝ Գեղարդում:  

 

«Այսօր իմ ծնողներն ու բարեկամները Ջոյին շատ են սիրում, որովհետև ամեն ինչով շատ են հավանում։ Ես չէի էլ կարող երազել նման հարաբերություններ»,- ասում է Նարինեն՝ հավելելով, որ, չնայած Ջոյի հանդեպ ընդհանուր լավ վերաբերմունքին, շատերը փողոցում իրենց անկիրթ են պահում նրա նկատմամբ:

 

Ջոն ասում է՝ իրեն փողոցում շատ են ասում՝ չինացի, բայց դա իրեն վիրավորում է, որովհետև իրենց երկիրը Չինաստանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի։ Ասում է՝ դա նույնն է, ինչ փողոցում հայ տեսնելիս ինքն ասի՝ ադրբեջանցի։ Ջոյին վիրավորում է հատկապես այն, որ այդպես են վարվում չափահաս տղամարդիկ։ «Իսկ կորոնավիրուսի թեժ շրջանում իրեն ասում էին՝ Կորոնավիրուս»,- նշում է նա՝ հավելելով, որ անմխիթար վիճակում գտնվող քաղաքային տրանսպորտով երթևեկելիս էլ երեք անգամ իրենից գողություն են արել, բայց նույնիսկ դա չի ստիպել իրեն հիասթափվել հայերից, քանի որ երեք անգամ էլ իրեն օգնողն էլի հայ է եղել: Ասում է՝ «ինքը սիրում է հայերին և կարծում է, որ ամեն ինչ կփոխվի»։

 

Ջոն ասում է՝ կորեական ռեստորան Երևանում բացել չհաջողվեց, սկզբում կորոնավիրուսը, իսկ հետո պատերազմը խանգարեցին գաղափարը կյանքի կոչելուն: «Այսօր էլ երկրի վիճակը լավ չէ, որ կարողանամ ռեստորան բացել, բայց չեմ հրաժարվել այդ մտքից, կցանկանամ մի օր բացել: Մտածում եմ այստեղ որևէ բիզնես հիմնել»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանում կորեերեն է դասավանդում ինչպես տեղացիներին, այնպես էլ առցանց՝ արտասահմանցի ուսանողներին: Նարինեն լրացնում է ամուսնուն և տեղեկացնում, որ Ջոն նաև բլոգ է վարում, որը հիմնել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ոգեշնչվելով այստեղի միասնական մթնոլորտից։ Ասում է՝ նրան շատ էր անհանգստացրել այն փաստը, որ ադրբեջանական կողմը տեղեկությունը կորեացիներին հասցնում էր իրեն ձեռնտու կերպով, իսկ Հայաստանից չկար մեկը, որը կորեացիներին պատմեր հայկական կողմի տեսակետը։ Եվ այդպես Ջոն սկսեց վարել բլոգը։ 

 

«Սկզբում երկու հոգի էին հետևում ալիքին, հիմա արդեն՝ 30, բայց Ջոյին շատ է ուրախացնում անգամ մեկ հետևորդի ավելանալու փաստը»,- նշում է նա: Ջոն նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով ու քաղաքական դեմքերով է հետաքրքրվում: Ասում է, որ ուշի ուշով հետևում է հատկապես ներքաղաքական զարգացումներին և շատ է զարմանում, որ նախկին պաշտոնյաները, որոնց վերագրվում է տարբեր չափերի հանցանքներ և զանցանքներ, գտնվում են ազատության մեջ: «Մեր երկրում չորս նախագահների անգամ բանտ են նստեցրել՝ հանցավոր գործունեության պատճառով»,- ասում է Ջոն՝ նշելով, որ հավատում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ճիշտ ուղղությամբ է ընթանում: 

 

Շուրջ մեկ ամսից հայ-կորեական ընտանիքում կծնվի Ջոյի և Նարինեի առաջնեկը: 

 

Նարինեն հավելում է. «Ջոն ապրում է մեծ հույսով, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, և որ իրենց երեխան ապրելու է լավ երկրում»: 

Արևիկ Սարդարյան – Բարեկամություն՝ մանկական անկեղծությամբ

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է ArmaTV-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

 

 «Բարեկամություն՝ մանկական անկեղծությամբ» տեսանյութում ներկայացվում է ազգությամբ եզդի դպրոցական Ֆատո Հասոյանի՝ հայկական դպրոցում ուսումնառությունից մի հատված։ Դպրոցականի օրինակով ցուցադրվում է, մի կողմից, Հայաստանում եզդիական համայնքի սովորույթները, իսկ մյուս՝ կողմից՝ հայ և եզդի ազգերի համերաշխ համակեցությունը։ Եղբայրության մեկ այլ օրինակ է Տաուսե Մալաքի՝ Հայաստանում եզդիական գլխավոր տաճարը, որը խորհրդանշում է նաև երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքը կրոնի և ազգային սովորույթների նկատմամբ։