Մարգարեության ավարտը. Դավիթ Հովհաննիսյան
Սկզբնաղբյուրը՝ www.boon.am
Ումմայում ձևավորվում է հովանավորյալների ինստիտուտը: Քրիստոնյաներն ու հրեաները գլխահարկի դիմաց իրավունք են ստանում մուսուլմանական բնակավայրերում համայնքներ ստեղծելու, ինչպես նաև դրանց ներսում որոշումների ազատության և անվտանգության երաշխիք: Համայնքն ունի ինքնավար դիրք, սակայն մուսուլմանների հետ վեճերի դեպքում ենթարկվում է շարիաթի դատարանին:
632թ. մահանում է Մուհամմադը: Ժառանգության հարց է ծագում, քանի որ մարգարեն արու զավակ չի թողնում: Անսարների հավաքի ժամանակ առաջին խալիֆ է ընտրվում Աբու Բաքրը (խալիֆ՝ մարգարեին փոխարինող): Ալին ընդունում է Աբու Բաքրի ընտրվելը:
Նախորդ տարիներին իսլամ ընդունած ցեղերը, տեղեկանալով մարգարեի մահվան մասին, սկսում են վերադառնալ նրանց հին պաշտամունքներին: Աբու Բաքրը պատերազմական գործողություններ է սկսում ընդդեմ այդ ցեղերի, սակայն արշավանքների ընթացքում զոհվում են մարգարեի զինակիցներից մի քանիսը: Մուհամմադի մտերիմները նրա խոսքերը անգիր էին հիշում, և այդ պատճառով որոշվում է մարգարեի խոսքը գրի առնել: Մի քանի տարբերակներ համադրմամբ ստեղծվում է Ղուրանը, որը հաստատվում է Ուսման խալիֆի ժամանակ:
Մարգարեի մահով ընդհատվում է ումմայի և Ալլահի միջև կապը: Հենց այդ ժամանակ են առաջանում շիա և սուննի շարժումները: Շիաները պնդում են, որ Աստծո հետ կապը չի կարող կորչել, և որ Ալին պիտի աստվածային ներշնչումը բերի ումմային: Սուննիները պնդում են, որ մարգարեն արդեն ամբողջությամբ փոխանցել է աստվածային օրենքը, և մուսուլմանները պիտի պարզապես շարունակեն դրանով ապրել: