Մարգարեն՝ որպես ումմայի ղեկավար․ Դավիթ Հովհաննիսյան
Սկզբնաղբյուրը՝ www.boon.am
Տեղափոխվելով Մադինա՝ մարգարեն բոլորվին նոր կարգավիճակում է հայտնվում՝ ստանձնելով հոգևոր և աշխարհիկ առաջնորդի պարտականությունը։ Սկզբնական շրջանում նա նուրբ և զգույշ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հետ Մադինա տեղափոխված մահմեդականների՝ մոհաջեդների կարգավիճակը ամրապնդի։
Մարգարեի հաջորդ կարևորագույն քայլը առաջին մզկիթի կառուցումն էր՝ տեղացիների և մոհաջեդների եղբայրացման ծեսի հիմնադրման և վերջիններիս տնտեսական դրության կայունացմանը զուգահեռ։ Առաջին մզկիթի կառուցումից հետո հիմնադրվում է նաև հավատացյալներին աղոթքի հրավիրելու ինստիտուտը։ Նույն շրջանում կոնֆլիկտներ են առաջանում մարգարեի և տեղական հրեաների միջև՝ Սուրբ Գրքի մեկնաբանության շուրջ։
Մարգարեն Մադինայում մշակում է և այնուհետև որոշ փոփոխությունների է ենթարկում իրավական համակարգը։ Նա սահմանում է ժառանգության բաշխման նոր ու մանրամասն կարգ՝ ժառանգության մասնաբաժնի իրավունք շնորհելով այրիներին և դստրերին։ Մարգարեի մանկահասակ կնոջ անվան հետ կապված միջադեպից հետո ստեղծվում է ամուսնական անհավատարմության և շնության վերաբերող օրենքը, ըստ որի շնության մեղադրանք է առաջադրվում միայն այն դեպքում, եթե այն հաստատվում է առնվազն չորս վկայի կողմից։ Ձևակերպվում են նաև կանանց վարվելակերպի և հագուստի վերաբերյալ առաջին սահմանափակումները։