Քրիստոնեություն

Քրիստոնեություն


Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝ Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները:

Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այսօր դժվար է բնորոշել քրիստոնեության դավանաբանությունը, քանի որ բազմաթիվ են հավատքի այն դրույթները, որոնք եթե ընդունելի են մեկ կամ մի քանի եկեղեցիների կողմից, ապա ընդունելի չեն մյուսների կողմից:

Այդուհանդերձ, քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը հիմնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելության, նրա՝ Աստծո Որդի լինելու, մարդեղացման, հարության, համբարձման դոգմաների վրա: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ, իսկ բողոքական եկեղեցիների մեծ մասը՝ երկու խորհուրդներ: Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։ Նրա միաստվածային բնույթը հաճախ տարակարծությունների ու պառակտումների պատճառ է եղել քրիստոնեության ներսում: Քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր: