Վարդան Հարությունյան. Խղճի կալանավորներից մինչև այսօրվա մարդորսություն եւ խղճի ազատություն

Վարդան Հարությունյան. Խղճի կալանավորներից մինչև այսօրվա մարդորսություն եւ խղճի ազատություն

Vardan-Harutyunyan Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։

1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։

Սովետական պետության համար, ըստ հենց իրենց՝ սովետների պատկերացումների, վտանգավոր էր այն ամենը, ինչը իրենց կողմից ծրագրված չէր, իրենց կողմից չէր իրականացվում եւ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հավանությանը չէր արժանացել։ Այն ամենը, ինչը դուրս էր այդ «հավանությունից»՝ չէր կարելի, ենթակա էր արգելման ու դատապարտվում էր։ Այս առումով կրոնը ամբողջությամբ՝ անկախ իր ունեցած դրսեւորումներից, անկախ պատմական իրողություններից, անկախ դավանաբանական տարբերություններից դատապարտելի էր։ 1918-ից մինչեւ 1950-ականների առաջին կեսերը խորհրդային երկրում եղած բոլոր եկեղեցիներն էլ հալածանքների ենթարկվել են։ Մի փոքր այդ հալածանքը մեղմացել է 1941-45թթ. ընթացող պատերազմի տարիներին։ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում իրավիճակ փոխվեց։

Քաղաքական հալածանքները դադարեցին համատարած բնույթ կրել ու դարձան շատ ավելի հասցեական։ Եթե ստալինյան շրջանում հալածանքի, դատապարտման կամ մահապատժի ենթակա էր ԽՍՀՄ տարածքում ապրող ցանկացած մեկը, կամայական մեկը կամայական մեղադրանքով կարող էր դատարանի առջեւ կանգնել, ապա հետստալինյան շրջանում թիրախավորում էին կոնկրետ մարդկանց կամ խմբերի։ Դրանք կարող էին լինել քաղաքական հակառակորդներ, ընդհատակյա կազմակերպություններ, մարդիկ, ովքեր որոշել էին այս կամ այն կերպ ընդդիմանալ խորհրդային իրականությանը կամ պայքարել դրա դեմ կամ մարդիկ, ովքեր խորհրդային իրականության դեմ պայքարելու ծրագրեր չունեին ու չէին մշակում, բայց նաեւ չէին համարում իրենց այդ իրականության մասնակիցներ ու իրենց վարք ու բարքով, իրենց առօրյայով դուրս էին դնում իրենց այդ իրականությունից։ Վերջիններիս թվին հիմնականում կարելի է դասել տարատեսակ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներին։ Այս ուղղություններից ամենաշատը հալածվում էին բապտիստներն ու հիսունականները։

Այս եւ այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչները դատապարտվում էին եւ քաղաքական, եւ քրեական հոդվածներով՝ նայած նրանցից ու՞մ նկատմամբ ի՞նչ ծրագրեր կունենար պետանվտանգության կոմիտեն։ Կալանավայրերում, որտեղ եղել եմ ես, շատ էին հիսունականներն ու բապտիստները, կային կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցու սպասավորներ, որոնք, անկախ առկա, շատ դեպքերում, աներեւակայելի դժվարություններից, կարողանում էին բարձրակարգ մարդկային արժանիքներ դրսեւորել եւ, որ ամենակարեւորն է, ես չգիտեմ որեւէ օրինակ, որ նրանցից թեկուզ մեկը ընկրկեր ու հրաժարվեր իր կրոնական համոզմունքներից։ Ճիշտ է, նրանք չէին դառնում քաղաքական կալանավայրում մշտապես ընթացող քաղբանտարկյալ-կալանավայրի ղեկավարություն հակամարտության ակտիվ մասնակիցներ, չէին մասնակցում կալանավայրում ծավալվող բողոքի ակցիաներին՝ համարելով դրանք անհամատեղելի իրենց սկզբունքների հետ, բայց մնում էին իրենց բարձրության վրա ու անմռունչ կրում էին իրենց բաժին ընկած ծանրագույն դժվարություններն ու նաեւ միշտ պատրաստ էին ձեռք մեկնել օգնության կարիք ունեցողներին։

2.Դուք, վստահաբար՝ ունեիք կրոնական ձեր համոզմունքն ու պատկերացումները, որոնք շատ դեպքերում կարող էին հակասել այլ կալանովորների, մասնավորապես կրոնական պատճառներով դատապարտվածների դավանանքին։ Ինչպե՞ս էր կառուցվում ներբանտային համակեցությունը եւ արդյոք դա կարո՞ղ է օգտակար լինել հասարակական համակեցության մոդելներ կերտելիս։

Այստեղ մի կարեւոր նրբություն կա։ Խորհրդային երկրի քաղբանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում միայն պատահաբար կարող էին պատահական մարդիկ հայտնվել։ Այնտեղ, որպես կանոն, հայտնվում էին կայացած, սեփական համոզմունքներն ունեցող, կիրթ ու գրագետ մարդիկ։ Նման միջավայրում գաղափարների կամ աշխարհընկալման տարբերությունների բախման փողոցային դրսեւորումներ քիչ կարող էին լինել։ Այդ միջավայրում ընդունվում էր, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր համոզմունքները ու, որ դրանց պետք է հարգանքով վերաբերվել։ Ասածիցս չպետք է բխի, թե խնդիրներ չէին ծագում։ Տարիների պարտադրված համակեցությունը դեպքից դեպք կարող էր հանգեցնել անցանկալի դրսեւորումների, բայց դրանք չափազանց քիչ էին լինում։ Տարիների հեռվից, եթե անգամ հիշողությունս լարեմ, հազիվ թե նման երկու կամ երեք անցանկալի դեպք հիշեմ։ Առանց ավելորդ բարդությունների կարողանում էին իրար հետ կողք կողքի ապրել, անգամ ընկերություն անել, հիսունականը եւ ուղղափառ եկեղեցու սպասավորը, կաթոլիկն ու բապտիստը։

Այս օրինակը վառ ապացույցն է այն բանի, որ ինչքան բարձր է մարդկանց կրթական ցենզը, ինչքան լայն է մարդկանց մտահորիզոնը եւ ինչքան կայացած են մարդիկ, այնքան հանդուրժող է նման մարդկանցից կազմված հասարակությունը։ Այդ կալանավայրերում այսպիսի կատակ-սովորույթ կար, երբ որեւէ մեկի պատժաչափն ավարտվում էր եւ նա պետք է ազատ արձակվեր, հավաքվում էին նրա ընկերները թեյի սեղանի շուրջ եւ ցավակցում էին նրան ասելով, թե նա նախ՝ փոքր, բայց կազմակերպված կալանավայրից գնում է ավելի մեծ ու անկազմակերպ կալանավայր, ապա՝ ազատ հասարակությունից գնում է անազատություն, որտեղ արված յուրաքանչյուր արտահայտության համար հետապնդվելու ու պատժվելու է։

Հակառակ պատկերը կարելի էր եւ, այսօր էլ, կարելի է տեսնել քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայրերում, որտեղ դաժանագույն հալածանքների ու բռնությունների էին ենթարկվում եւ կրոնական ուղղությունների ներկայացուցիչները, եւ քաղաքական համոզմունքների համար դատապարտվածները։ Շատ դեպքեր էին լինում, երբ ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի հայեցողությամբ քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով դատապարտված մարդիկ հայտնվում էին այդ միջավայրում։ Ձեր նշած հասարակական համակեցության մոդել մշակելիս, կարծում եմ, առաջին հերթին շեշտը պետք է դրվի մարդու կրթական ցենզի ու մտահորիզոնի ընդլայնման վրա։ Մարդը պետք է առաջին հերթին խորապես ընկալի իր իրավունքները եւ հավատա, որ ինքն անձամբ իրենից լրջագույն արժեք է ներկայացնում, ապա պետք է իմանա, որ դիմացինը նույնպես օժտված է այդ իրավունքներով եւ, որ իր իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղից որ սկսում են դիմացինի իրավունքները։ Այս իմացությունը չպետք է լինի պարզ իմացություն, այն պետք է համոզմունք լինի, դառնա աշխարհընկալում։ Մի խոսքով, պետք է կերտել լայնախոհ մարդկանցից բաղկացած հասարակություն։ Զարմանալի կարող է թվալ, բայց նման հասարակության մոդել կարող էին համարվել, իհարկե, իր բացառություններով հանդերձ, խորհրդային տարիների քաղաքական կալանավայրերը։

3. Այդ տարիներին Հայաստանում կայի՞ն կրոնական համոզմունքների համար հալածվողներ։ Եթե՝ այո, հատկապես կրոնական ո՞ր խմբերին էին նրանք պատկանում։ (Նկատի ունենանք նաեւ, որ ՀԱԵ-ի գործունեությունը եւս չէր խրախուսվում։)

Հայաստանում նույնպես, ինչպես եւ ողջ խորհրդային երկրում կրոնական տարբեր համայնքների նկատմամբ հալածանքներ առկա էին, բայց Հայաստանը հայտնի չէր իր՝ կալանավայրերում գտնվող կրոնական գործիչներով։ Գյումրիում կար հիսունականների համայնք, որի ներկայացուցիչները հալածվում էին, իսկ հիսունական 18 տարին լրացած երիտասարդները դատապարտվում էին բանակում ծառայությունից խուսափելու համար, բայց, կրկնվեմ, Հայաստանն այս բնագավառում խորհրդային հանրապետությունների ցանկում ամենաառաջին շարքերում չէր։ Երեւի պատճառն այն է, որ Հայաստանում այնքան էլ շատ տարածում չեն ունեցել ոչ ավանդական կրոնական ուղղությունները։ Չգիտեմ։ Սա առանձին ուսումնասիրության թեմա է, որին ես այնքան էլ լավ չեմ տիրապետում, բայց որին արժի անդրադառնալ եւ ուսումնասիրել։ Անկասկած՝ հետաքրքիր բաներ կպարզվեն ու հետաքրքիր անուններ ի հայտ կգան։ Պետք է նշել, որ ԽՍՀՄ-ը 1980-ականների սկզբներից սկսեց հատուկ ու ծանր հալածանքների ենթարկել կրիշնայականներին։ Կրիշնայական համայնք կար նաեւ Հայաստանում, բացի այդ այլ հանրապետություններում ու Մոսկվայում գործող կրիշնայականների մեջ ու նրանց ղեկավար կազմերում մեծ էր հայերի թիվը ու այս դեպքում արդեն Հայաստանից կրոնական հողի վրա հալածվողները շատ էին։

4. Ձեր «Այլախոհությունը Սովետական Հայաստանում» գրքում խոսում եք կրիշնայականների մասին։ Ի՞նչ կարիք կար նրանց այդպես հետեւողականորեն հալածելու, երբ թվով շատ չէին եւ մեծ ազդեցություն չէին կարող ունենալ։

Կրիշնայականները խորհրդային երկրի համար իրենցից որեւէ վտանգ չէին ներկայացնում։ Նախ, որովհետեւ նրանք փոքրաթիվ էին, ապա՝ իրենց ոտքի տակ հող չունեին՝ ոչ պատմական ավանդույթներ, ոչ նմանություններ, ոչ էլ հասկանալի էին հասարակության լայն շրջանակների համար։ Հիմնականում մտավորականության շրջանակներում էին տարածվում։ Ամենասկզբնական շրջանում նրանք մաքուր կրոնական էլ չէին, ավելի շուտ կրոնա-փիլիսոփայական էին՝ փիլիսոփայության հստակ շեշտադրմամբ։ Իսկ կրիշնայականների նկատմամբ սկիզբ առած հալածանքները բացատրելի են ու այդ բացատրությունը տեղավորվում է խորհրդային իշխանությունների տրամաբանության շրջանակներում։ Այդ տրամաբանությունը չափազանց պարզունակ էր։ Վերեւներում մեկը մի անիմաստ առաջարկ կարող էր անել եւ, եթե այն արժանանար կոմունիստական կուսակցության նախագահության հավանությանը, ուրեմն, վերջ՝ երկրով մեկ պետք է ի կատար ածվեր։ Կլինի դա եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացում, անապատի ոռոգում, գետերի հունը փոխել, լճեր ցամաքեցնել, թե կրիշնայականներին հալածել։

Կրիշնայականները խորհրդային երկրում սկսել են հիմնավորվել 1971-ից, երբ հնգօրյա այցով ԽՍՀՄ եկավ անձամբ կրիշնայիզմի հիմնադիր Բհակտիվեդանտա Սվամի Պարաբհուպադան։ Այդ շրջանից սկսած մինչեւ 1980 կրիշնայականները խորհրդային երկրում չեն հալածվել։ 1980-ին կրիշնայիզմի եվրոպացի ուսուցիչներից մեկը, ում անունը այսօր ես չեմ հիշում, հրավերով գալիս է ԽՍՀՄ ու դասախոսություններ է կարդում։ Նրա ելույթները ինչ-ինչ պատճառներով իշխանությունների հավանությանը չեն արժանանում, հյուրին արտաքսում են ԽՍՀՄ-ից, ապա, նույն 1980-ին ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի նախագահ Անդրոպովը կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահություն գրություն է ներկայացնում, որտեղ կրիշնայականներին ներկայացնում է որպես գաղափարական թշնամիների, ովքեր շեղում են մարդկանց կոմունիզմի ուղուց, եւ ստանում է նրանց հալածելու համաձայնությունը։ Նույն շրջանում խորհրդային մամուլն արդեն սկսում է կրիշնայականներին որպես ամերիկյան ու եվրոպական հատուկ ծառայությունների գործակալներ ներկայացնել, ապա սկսվում են բուն հալածանքները, որոնք շարունակվեցին մինչեւ 1988 թվականը։ Անգամ 1989-ին դրանք դեռ կային։

5. Հայաստանում անկախությունից հետո էլ եղել են կրոնական պատճառներով հալածվողներ։ Ձեր կարծիքով ո՞րն էր հալածանքի բուն պատճառը եւ դրանում համամասնորեն որքա՞ն էր պետության, եկեղեցու, հասարակության պատվերի չափաբաժինը։

Ցավոք, Հայաստանը չդարձավ այն երկիրը, որտեղ մարդու ազատություններն այն չափ կհարգվեն, որ մարդիկ չհալածվեն իրենց քաղաքական կամ կրոնական համոզմունքների կամ գործունեության համար։ Մենք երեւի դեռ հեռու չենք գնացել մեր խորհրդային անցյալից ու մտածողությունից ու շատ դեպքերում հենց այդ մտածողությանն ենք դիմում, երբ մեզ անհայտ, անհասկանալի կամ էլ մեր պատկերացմամբ վտանգավոր բանի ենք հանդիպում։ Կրոնական անհանդուրժողականության թիվ մեկ մեղավորը, կարծում եմ, պետությունն է։ Եթե պետությունն իր օրենքներով ու արգելքներով թույլ չտա կրոնական փոքրամասնությունների հալածանքն ու հետապնդումները՝ հասարակությունը դրան հանգիստ կվերաբերվի։ Ես չեմ կարծում, թե մարդիկ հանրահավաքներ կանեն ու պետությունից կպահանջեն հալածել կամ դատապարտել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Մենք տեսնում ենք, որ կրոնական տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ ապրում են մեր երկրում, մեզ հետ, առաքելական եկեղեցու հետեւորդների կողքին, շատ դեպքերում նույն բնակարաններում ու ընտանիքներում, ու ճչացող հակասություններ, թշնամության դրսեւորումներ չենք նկատում։ Այս դեպքում հասարակությունը շատ ավելի կազմակերպված ու հանդուրժող է, քան պետությունն իր օրենքներով ու պահանջներուվ։ Երբ մեր պետությունը հասնի մեր հասարակության մակարդակին՝ շատ ավելի քիչ խնդիրներ կունենանք այս բնագավառում եւ կրոնական համոզմունքների համար հալածվող մարդկանց չենք հանդիպի։ Եկեղեցու մասով շատ ասելիք չկա։ Հայ առաքելական եկեղեցին, տրամաբանական է, որ այլ կրոնական կառույցներին պետք է դիտարկի որպես իր մրցակից եւ իր հոտից հավատացյալներ տանող ու նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորի։ Ճիշտ այդպես էլ մյուս կրոնական համայնքներն են վերաբերվում Առաքելական եկեղեցուն կամ՝ իրար։

6. Սովետական Միության փլուզումից անցել է շուրջ քառորդ դար։ Հայաստանն արդեն 25 տարի անկախ է։ Հայ հասարակությունը կարողացե՞լ է հաղթահարել սովետական աթեիզմի շրջանում ձեւավորված կարծրատիպերը։ Եւ առհասարակ, Ձեր կարծիքով կրոնը, եկեղեցին, հավատը, կրոնական ավանդույթը ի՞նչ դեր ունեն մարդու եւ հասարակության մտակերտվածքում։ Կարո՞ղ է ճշմարիտ հավատացյալ մարդն անօրինություն թույլ տալ, ասենք՝ կեղծել ընտրությունները։

Սովետը մեր մարդու միջից դեռ դուրս չի եկել։ Երեւի միայն սերնդափոխությունը կբուժի դա։ Բայց կրոնի հարցում, կարծում եմ, վիճակն այնքան էլ վատ չէ։ Խորհրդային 70-ամյա անաստվածության քարոզից հետո մարդիկ շատ շուտ կարողացան կտրվել հենց այդ նույն անաստվածությունից։ Ճիշտ է, խոսք չի գնում խորը եւ իմաստավորված հավատի մասին, բայց եկեղեցի այցելելը, կրոնական ծիսակատարություններն ու տոները հարգելն ու դրանց հետեւելը դարձել է առօրյա։ Ընդհակառակը՝ մոռացվել է սովետական անաստվածությունը։ Բայց մի բան է եկեղեցի գնալը, աղոթելը եւ եկեղեցական տոները նշելն ու բոլորովին այլ բան է ճշմարիտ հավատացյալ լինելը։ Ես այնքան էլ հակված չեմ ճշմարիտ հավատից ու ճշմարիտ հավատացյալից խոսել, որովհետեւ, իմ կարծիքով, դա բոլորովին այլ ու հրապարակային քննարկման ոչ ենթակա ոլորտ է։ Բայց ակնհայտ է, իհարկե, որ ճշմարիտ հավատացյալը ոչ միայն ընտրություններ չի կեղծի, այլ որեւէ անարդարության մասնակիցը լինել չի կարող։

7. Կրոնական որոշ խմբեր իրենց համոզմունքների պատճառով հակասության մեջ կարող են մտնել պետական օրենքների հետ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պիտի լուծվեն այդպիսի կոնֆլիկտները։

Կան իհարկե կրոնական համայնքներ, որոնք իրենց դուրս են դնում օրենքից, հակադրվում են պետական համակարգին, անգամ չեն ցանկանում տեղավորվել հասարակական ընդունված փոխհարաբերությունների շրջանակներում։ Նրանք անխուսափելիորեն բախվելու են պետական պատժիչ համակարգին ու հասարակության մերժողականությանը։ Այս դեպքում հնարավոր չէ այնպես անել, որ բոլոր կողմերն էլ գոհ մնան։ Պետությունը պետք է լինի ժողովրդավարական ու նրա օրենքներն էլ պետք է լինեն հնարավորինս լիբերալ, իսկ կրոնական կազմակերպություններն էլ պետք է ձգտեն իրենց գործունեությունը տեղավորել գործող օրենքների եւ հասարակական ընդունված նորմերի շրջանակներում։ Բայց ես տեղեկություններ չունեմ, թե Հայաստանում կան ծայրահեղական համայնքներ, որոնք չեն ընդունում կամ մերժում են գործող օրենքների շրջանակներում աշխատելու հնարավորությունը։

8. Ի՞նչ կասեք «մարդորսություն» բառեզրի մասին։ Քարոզչությունը, որը երբեմն պիտակավորվում է որպես մարդորսություն, պե՞տք է ունենա սահմանափակումներ, թե ամեն մեկը կարող է թակել ձեր կամ իմ տան դուռն ու խոսել, ասենք, աշխարհի վերջից, Քրիստոսի երկրորդ գալուստից կամ նման այլ բաներից։

Չափազանց տհաճ երեւույթ է, երբ թակում են տանդ դուռը եւ սկսում համոզել քեզ, թե իրենք քեզ համար փրկության լույս են բերել։ Ինձ համար շատ ավելի նախընտրելի տարբերակ է, որ մարդն ինքը որոշի, թե ո՛ր եկեղեցու հետեւորդն է դառնալու։ Նա, ով ցանկանում է իր համար եկեղեցի ընտրել, անկասկած, ինքը կփնտրի ու կգտնի։ Բոլորովին պետք չէ, որ երկրում եղած բոլոր եկեղեցիների ներկայացուցիչներն էլ հերթով ծեծեն նրա տան դուռը։ Նա ինքը, եթե իրեն պետք է, հերթով կծեծի բոլոր եկեղեցիների դռները, որտեղ եւ պետք է հիմնականում իրականացվեն կրոնական քարոզչությունները, եւ կընտրի իրեն հոգեհարազատը։ Մարդորսությունն ինքնին բացասական ու վանող երեւույթ է։ Բայց կան կրոնական համայնքներ, որոնք իրենց հետեւորդների առջեւ մարդաորսության խնդիր են դնում։ Նույնիսկ ունեն մարդաորսության մշակված ձեւեր։

9. Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու գերադաս դերին։ Օրինակ՝ կրոնի պատմության դասավանդումը հանրակրթական դպրոցներում, հայ առաքելական եկեղեցու կրոնական հեռուստաալիք ունենալու փաստը եւ այլն։

Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ կարեւորագույն, անգամ վճռական դերակատարում է ունեցել, եւ պատկերացնել մեր ժողովրդի պատմությունն անջատ Առաքելական եկեղեցու պատմությունից դժվար է։ Բայց դա չի նշանակում, թե հանրակրթական դպրոցներում կրոնի պատմություն ասելով պետք է հասկանալ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն։ Կարծում եմ, կրոնի պամություն ասելով պետք է հասկանալ ընդհանրապես կրոնի, կրոնների պատմության։ Այդ դասաժամերին դպրոցականները կամ ուսանողները պետք է ծանոթանան տարբեր ու տարատեսակ կրոնների պատմություններին, նրանք պիտի ընդհանուր պատկերացումներ ունենան բոլոր քիչ թե շատ նշանակալի կրոնների զարգացման ընթացքի վերաբերյալ, կլինի դա իսլամ, քրիստոնեություն, հինդուիզմ, բուդդիզմ, թե այլ կրոնական ուղղություն։ Նման գիտելիքները կարող են շատ կարեւոր ու դրական նշանակություն ունենալ մարդու ապագա համոզմունքների, մտահորիզոնի ու աշխարհընկալման ձեւավորման հարցում։

No Comments

Sorry, the comment form is closed at this time.