Հետ գնալ

Կրոն

Կրոն – կրոն հասկացության բացատրությունը բավականին բարդ է, քանի որ գիտնականները որևէ միասնական ձևակերպում չունեն այս հարցում: Մի խումբ գիտնականներ այն ձևակերպում են որպես Աստծո ու մարդու միջև հոգևոր հարաբերությունների մի համակարգ կամ Աստծուն հասնելու ձև, միջոց, որը հասարակության պատմական զարգացման մեջ ունեցել է իր տարատեսակ դրսևորումները: Մարքսիստական գաղափարախոսության մեջ կրոնը դիտարկվում է իբրև հասարակական գիտակցության ձև, որը Մարքսը անվանել է պատրանքային աշխարհի պատրանքային աշխարհայացք կամ «ժողովրդի հաշիշ»: Եթե Աստծո հետ կապ հաստատելու առումով կրոնի ձևակերպումներն ընդունելի են քրիստոնեության և իսլամի պարագայում, ապա բուդդայականության դեպքում կրոնի ձևակերպումն այլ է, քանի որ տվյալ կրոնը մարդուն տալիս է ճանապարհ վերջնական հանգստության կամ նիրվանայի հասնելու համար:

Կրոնական աշխարհայացքների հիմնական հատկանիշները կյանքի ու մահվան, ինչպես նաև՝ հոգու անմահության, մեռյալների հարության, անդրշիրիմյան հատուցման վերաբերյալ հարցերի պատասխանները գտնելն է: «Կրոն» հասկացությունը ծագում է լատիներեն religio բառից: Հիմք ընդունելով համեմատական լեզվաբանության տվյալները` արդի կրոնագիտության շրջանակներում «կրոն» տերմինը ստուգաբանվում է մի քանի նշանակությամբ: Առավել ընդունելի են համարվում հին հռոմեական երկու տարբերակներ: Դրանցից առաջինը (ցիցերոնյան տարբերակ) «religio»-ն մակաբերում է հռոմեական «relegere» (հետ գնալ, վերադառնալ, կրկին ընթերցել, հավաքել, հայել, մտորել) տերմինից, և կրոնը բնութագրում է իբրև «աստվածավախոuություն», «աստվածների նկատմամբ վախ և պաշտամունք», «այն ամենի խորազնին քննություն,  ինչը կապ ունի աստվածների պաշտամունքի հետ»:

Ըստ երկրորդ (Լակտանցիուսի) տարբերակի «religio»-ն ծագում է լատիներեն «religare» (վերցնել, կապել, շաղկապել, կաշկանդել) տերմինից և նշանակում է «մեզ Աստծու հետ միավորող հանգույց, Աստծուն ծառայելու և նրան բարեպաշտությամբ խոնարհվելու կապվածություն»: «Կրոն» տերմինն այս ստուգաբանությամբ ամրագրվել է քրիստոնեության մեջ, որը հետագայում լայն տարածում է գտել Եվրոպայում և քրիստոնեական Արևելքում:

Կրոն (լատ.` religio – «պաշտամունք» ըմբռնմամբ) տերմինը հին Հռոմում շրջանառության մեջ է դրվել դեռևս I դարում: Նախապես այն օգտագործվել է բավականին տարողունակ բովանդակությամբ և հավաքական կերպով նշանակել է այն ամենը, ինչը կապված է եղել դիցաբանական պաշտամունքի հետ: Այն միանգամայն այլ իմաստ է ձեռք բերել քրիստոնեության շրջանակներում: «Կրոն» տերմինը քրիստոնյաները օգտագործել են միայն սեփական հավատքը մատնանշելու համար և բովանդակային առումով այն հակադրել են ժամանակի մյուս բոլոր կրոններին, որոնք բնութագրվել են «հեթանոսություն» տերմինով:

Զրույց Սաշիկ Սուլթանյանի հետ։ Ի՞նչ կրոն են դավանում եզդինենը։ Ո՞րն է նրանց սուրբ գիրքը, որո՞նք են հիմնական սրբավայրերը, տոները, ծեսերը։ Շփման գիծ — Եզդիները և նրանց կրոնը: Yezidis and their religion. from EPF Armenia on Vimeo.