Ղուրան
Ղուրան (արաբ.՝ կուրան — ընթերցում) – իսլամական կրոնի սուրբ գիրքը, որը, համաձայն իսլամի՝ ներշնչված է Ալլահի կողմից և հանձնվել է Մուհամեդ մարգարեին Ջիբրիլ հրեշտակի միջոցով 610-632թթ. ընկած ժամանակահատվածում: Մուսուլմանների
պատկերացումներով՝ Ղուրանի բնագիրը պահպանվում է Ալլահի գահի վերևում:
Ղուրանի տարբեր հատվածներ գրի են առնվել տարբեր մարդկանց կողմից միայն Մուհամեդի մահվանից հետո, քանի որ բանավոր ավանդությունը կորցնելու վտանգ առաջացավ:Ավանդության համաձայն՝ Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցների) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք 650թ., և հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։ Այնուամենայնիվ, Ղուրանի տեքստի վերջնական և ամփոփ օրինականացումը տեղի է ունեցել Մուհամեդի մահվանից երեք դար անց՝ Իբն Մուջահիդի ռեֆորմի արդյունքում։
Ղուրանը կազմված է 114 սուրահներից (աստիճան, կարգ, դիրք), որոնք իրենց հերթին բաժանվում են իմաստային հատվածների՝ այաթների (նախանշան, հրաշք)։ Ընդամենը Ղուրանն ունի 6204–ից 6236 այաթ (ըստ տարբեր հաշվարկների)։ Ի տարբերություն Աստվածաշնչի, Ղուրանը, բացի հոգևոր պատվիրաններից, պարունակում է նաև գործնական կյանքում կողմնորոշվելու որոշակի կանոններ, որոնք շատ դեպքերում թելադրված են հենց Մուհամեդի երկրային վարքով: