Մյուռոն
Մյուռոնը հունարեն բառ է, որ ծագում է «օծել» արմատից և նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ կամ բույսից հոսող հյութ: Վաղ ժամանակներից մյուռոնը պատրաստվել է ձիթենու յուղի և տարբեր անուշահոտ համեմունքների խառնուրդից: Արևելքում տարածված էին նման յուղով կատարվող օծումները հատկապես սրբազան արարողությունների և տոնական միջոցառումների ժամանակ:
Իբրև հարգանքի նշան Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորությունը։ Ըստ Մովսես մարգարեի ստացած աստվածային պատգամի՝ Աստծո սպասավորները ձիթենու յուղը օգտագործում էին խնկեղենի, այլևայլ համեմունքների և ծաղիկների հետ խառնելով։ Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր:
Քրիստոնեության մեջ օծության յուղը համարվում է այն նյութեղեն և տեսանելի միջոցը, որով Աստծո Հոգին ներգործում է այս յուղով օծված մարդկանց և առարկաների վրա՝ պարգևելով աստվածային շնորհ և զորություն՝ հոգևոր-ծիսական համապատասխան արարողությունն իրականացնելու համար: Մկրտության ժամանակ հոգևորականը մկրտողին դրոշմում է մյուռոնով՝ որպես Սուրբ Հոգով զորանալու նշան: