Հետ գնալ

Կումրանյան ձեռագրեր

Կումրանյան ձեռագրեր – Մեռյալ ծովի հյուսիսարևմտյան ափին գտնվող քարանձավներում հայտնաբերված հին ձեռագրեր, որոնք իրենց անվանումը ստացել են հայտնաբերման տեղանքի անունով: Առաջին փաթեթները գտնվել են 1947թ., իսկ հետագա հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են ևս 40 հազար տարբեր մեծության պատառիկներ հին հրեական ու արաբերեն լեզուներով: Դրանք մոտավորապես 600 գրքերի տարբեր մնացորդներ են, որոնցից ամբողջական պահպանված են ընդամենը 11-ը: Գիտնականների կարծիքով՝ դրանք հավանաբար պատկանում են հրեական էսենների աղանդին, որոնք այդ քարանձավներում ապրել են Ք.Ա.  2-րդ դարից մինչև 2-րդ դար:

Կումրանյան ձեռագրերը պարունակում են աստվածաշնչական գրքեր, էսենների գաղափարախոսությանը վերաբերող գրքեր և գործնական փաստաթղթեր (132-135թթ. Հռոմի դեմ ապստամբության ղեկավար Բար Կոհբի նամակները և այլն): Կումրանյան ձեռագրերը անգնահատելի սկզբնաղբյուր են տվյալ շրջանի Հրեաստանի պատմության, սոցիալական կառուցվածքի, աստվածաշնչական գրքերի էվոլուցիայի վերաբերյալ:

Աստվածաշունչ (հուն.՝ biblia — գրքեր) – քրիստոնեական կամ հրեական կրոնների սուրբ գիրքը, որի առանձին հատվածներ սկսել են գրվել ք.ա. 13-րդ դարից մինչև ք.հ 2-րդ դար: Քրիստոնեական աստվածաշունչը բաղկացած է երկու մեծ մասից՝ հին և նոր կտակարաններ: Հին կտակարանը բաղկացած է 39, իսկ նոր կտակարանը՝ 27 գրքերից: Հին կտակարանը պատմում է աշխարհի արարչության պատմությունը, հրեաների հետ աստծո ուխտը, խոստացված երկիր տանելու պատմությունը, հրեական պետության ստեղծումն ու անկումը, ինչպես նաև մարգարեությունները հրեական պետության վերականգնման շուրջ: Նոր կտակարանը պատմում  է Հիսուս Քրիստոսի ծնունդը, քարոզչությունը, առաքյալների ընտրությունը, նրանց գործունեությունը, Պողոս առաքյալի ու ընդհանրական թղթերը և հայտնությունը: Չկա մեկ միասնական Աստվածաշունչ, քանի որ տարբեր ուղղություններում աստվածաշնչյան կանոնի մեջ մտնող գրքերի քանակը տարբեր է: Օրինակ, եթովպիական եկեղեցու կանոնը ներառում է 81 գրքեր: Հրեական աստվածաշունչը կամ թանախը պարունակում է 24 գրքեր, որոնք իրենց հերթին խմբավորվում են երեք մեծ խմբերի մեջ: Իբրև հնագույն գրավոր հուշարձայն այն պարունակում է ծիսական ու իրավաբանական օրենքներ, ժամանակագրություններ, առասպելներ, լեգենդներ, առակներ, ավանդույթներ, ժողովրդական երգեր, սովորույթներ, քնարերգություն և այլն: Աստվածաշնչի ուսումնասիրության համար նոր հորիզոններ բացվեցին Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանյան ձեռագրերի հայտնաբերումից հետո, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է մինչև օրս: