Հինդուիզմ
Հինդուիզմ — պատկերացումների և ծիսապաշտամունքային արարողությունների ամբողջություն է, որն առաջացել է Հարավային Ասիայում և այսօր տարածված է հիմնականում Հնդկաստանում (բնակչության 83%), ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Բանգլադեշում և Հարավ-արևելյան Ասիայի այլ երկրներում:
Հինդուիզմի հետևորդների թիվն այսօր հասնում է մոտ 1 մլրդ.-ի: Հինդուիզմը (սանսկրիտ.` սանատանա դհարմա) աշխարհի ամենահին և ազդեցիկ բազմաստվածային կրոններից է: Այս կրոնի անվանումն առաջացել է Ինդոս գետի դեռևս Ավեստայում փաստված Սինդհու իրանական անվանումից, որը հետագայում դարձել է ոչ միայն երկրի անվանում, այլև այն բնակեցրած ժողովուրդների ընդհանրական անուն:
Իբրև կրոնական ֆենոմեն` հինդուիզմը առանձնանում է բարդությամբ և հակասականությամբ, խճճվածությամբ ու քաոսայնությամբ: Պատմամշակութային լուրջ խնդիր է նույնիսկ «հինդուիզմ» տերմինի սահմանումը: Իր պատմության մի քանի հազարամյակների ընթացքում հինդուիզմը ձևավորվել է իբև կրոնափիլիսոփայական ուսմունքների և դիցաբանական պատկերացումների սինթեզ:
Հինդուիզմը ոչ միայն և ոչ այնքան համարվում է կրոն, որքան կենսակերպ և վարքագծի ամբողջական չափանիշ: Հինդուիզմում չկա միասնական ուսմունք, քանի որ այն տարբեր ուսմունքների, հավատալիքների միավորում է: Հինդուիզմը չի ունեցել և առ այսօր չունի ամբողջական կազմակերպություն (քրիստոնեական եկեղեցու նմանությամբ)` ոչ տեղական և ոչ էլ համահնդկական մասշտաբով: Հնդկաստանում կառուցված պաշտամունքային տաճարները ինքնուրույն կառույցներ են և չեն ենթարկվում կրոնական աստիճան ունեցող որևէ գերագույն անձի: