Էջմիածին
Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է, որտեղ գտնվում են եկեղեցու գլխավոր սրբությունները և Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: Պաշտոնական անվանումն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնական՝ Ս. Էջմիածնի մայր տաճարը, որը, համաձայն ավանդության, կառուցվել է Տրդատ թագավորի ու Գրիգոր Լուսավորչի կողմից 303թ.՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլիքի արդյունքում, երբ տաճարի տեղում նա տեսել է Միածնի էջքը կամ իջնելը:
Տաճարը կառուվել է անմիջապես 301թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո: Տաճարի խորանի տակ պահպանվել են հեթանոսական մեհյանի մնացորդները: Մայր աթոռը հանդիսանում է Հայաստանի ու սփյուռքի հայության հոգևոր կենտրոնը և ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում Մայր տաճար: Էջմիածնում գործում է հոգևոր ճեմարան, որը պատրաստում է ապագա հոգևորականների, մատենադարան, թանգարան, հրատարակչատուն, քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և այլն: