Հավատաքննություն
Հավատաքննություն (լատ.՝ inquisitio — հետաքննություն) — եզրը հիմնականում գործածվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում այլախոհների ու այլադավանների նկատմամբ կիրառվող դատաքննությունը ցույց տալու համար: Հավատաքննությունը միջոց էր եկեղեցու դեմ տրամադրված մարդկանցից կտտանքների միջոցով տվյալներ կորզելու համար:
Հավատաքննության պատճառ հանդիսացավ կաթարների (ալբիգոյցիների) կրոնական շարժումը: Դրա հետքերով 1184թ. Վերոնայի Ժողովը՝ Լուցիոս 3-րդ պապի ու գերմանական Ֆրիդրիխ 1-ին կայսեր նախաձեռնությամբ հրահանգեց եպիսկոպոսներին նշանակել կոմիսարներ և նրանց ուղարկել «հերետիկոսությամբ վարակվածների» նկատմամբ հետաքննություն անցկացնելու:
1198թ. Իննոկենտիոս 3-րդ պապը նշանակեց առաքելական լեգատներ, որոնք դարձան առաջին պապական հավատաքննիչները: Մարդկանց սկսեցին դատել առանց վկաների ցուցմունքների, դաժան խոշտանգումներով ու տանջաքննությամբ: Առավել «մեծ հերետիկոսներին ու կախարդներին» խարույկ էին բարձրացնում, որը ստացավ հրադատություն՝ աուտոդաֆե, անվանումը:
Հավատաքննությունը հատկապես մեծ ծավալներ ձեռք բերեց Իսպանիայում: Հայտնի հավատաքննիչ Տորկվեմադան, ըստ որոշ տվյալների, անձամբ դատապարտման է ենթարկել տասնյակ հազարավոր մարդկանց: Միայն 1835թ. պապական հրամանով դադարեցվեցին հավատաքննական դատարանների գործունեությունը: Ժամանակագրորեն հավատաքննության պատմությունը կարելի է բաժանել 3 շրջանի՝ մինչդոմինիկյան (հերձվածների հետապնդում մինչ 12-րդ դարը), դոմինիկյան (Թուլուզյան տաճարի ժամանակից՝ 1229 թվական), իսպանական հավատաքննություն: