Բողոքականություն
Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին Լյութերը (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին Վիտենբերգ եկեղեցու պատին փակցրեց իր 95 հայտնի թեզիսները: Բողոքականությունը մերժում է եկեղեցու՝ որպես աստծո ու մարդկանց միջև միջնորդական առաքելությունը, քարոզում է միայն հավատքով փրկագործության ուսմունքը, մերժում է սրբերի, հրեշտակների, սրբապատկերների, մասունքների պաշտամունքը և էականորեն բեռնաթափել է ծիսապաշտամունքային համակարգը:
Բողոքականության հիմնական ուղղություններն են լյութերականությունը, կալվինականությունը, անգլիկանությունը: Հետագայում առաջացան մեթոդիստները, պրեսբիտերները, միաբանականները, բապտիստները, ադվենտիստները, հիսունականները և այլն: 1948թ. բողոքական եկեղեցիների նախաձեռնությամբ ստեղծվեց եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը մեծ դեր է կատարում ընդհանրական քրիստոնեական ընտանիքում: