Աննա Մուրադյան. Մենք մեզ զրկում ենք բազմամշակույթ լինելուց

Աննա Մուրադյան. Մենք մեզ զրկում ենք բազմամշակույթ լինելուց

11003350_10202690916994214_1948861215_oՄի քանի տարի առաջ ես համակարգում էի ԵՀՀ ԻնֆոՏուն կոչվող ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից քաղաքացիական լրագրողները մի պլատֆորմում դեպքեր էին ներկայացնում մարզային իրականությունից: Այստեղ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ բազմաթիվ թշնամական թեմաներ էին քննարկվում: Դրանցից մեկում քաղաքացիական լրագրողը Եհովայի վկաների վերաբերյալ իր վերաբերմունքը մոտավորապես այսպես էր արտահայտել. «Համայնք սկսել էին հաճախել Եհովայի վկաներ` բերելով իրենց հետ այն չարիքը, որը կարող էր յուրաքանչյուր ընտանիքի քայքայման եւ աղճատման պատճառ հանդիսանալ․․․ Մենք նրանց դուրս շպրտեցինք, ծաղրեցինք, ծիծաղեցինք եւ արգելեցինք այլեւս ոտք դնել մեր համայնք»:

Մինչդեռ եթե այսօր՝ 21-րդ դարում, մենք խոսում ենք տղամարդու եւ կնոջ իրավահավասարությունից, ապա այն ամրագրված է եղել դեռևս 10-րդ դարում հիմադրված Թոնդրակեցիների շարժման գաղափարախոսությունում, որոնք Հայ Առաքելական եկեղեցու կողմից որակվեցին որպես աղանդավորներ ու արդեն 11-րդ դարի վերջերին վտարվեցին Բալկանյան երկրներ: 

Հայ ավետարանական եկեղեցու գիտական դիսկուրսում այսօր արդեն հիմնավորումներ են բերվում առ այն, որ բողոքական շարժումը ծնունդ է պավլիկյանների ու թոնդրակեցիների ժառանգության: Ինչպես նաեւ պնդումներ կան, որ բարեփոխիչ բողոքական եկեղեցու հիմնադրումը Եվրոպայում, որի լուսավորչական գործունեության արդյունքում ավանգարդիստական շարժման օջախներ ձեւավորվեցին, հիմնադրվել է այդ շարժումների գաղափարական հենքի վրա: Այսինքն՝ ստացվում է, որ մենք մեր միջից վանել ենք ամեն նոր արժեք ու միտք, որոնք սպառնում է սասանել հնի դիրքերն ու այսպիսով մեզ զրկել ոչ միայն բազմամշակույթ լինելու, այլեւ նոր հայացք ունենալու հնարավորությունից․․․

Որպես լրագրող կրոնական փոքրամասնություննների խնդիրներին առնչվել եմ 2010թ. սկսած, երբ ընդգրկված էի Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության հետազոտող խմբում։ Որից հետո տարբեր առիթներով անդրադարձել եմ որոշ կրոնական ուղղությունների նկատմամբ հասարակությունում ձեւավորված թշնամական վերաբերմունքին:

Կրոնական փոքրամասնությունների խնդիրներին օբյեկտիվորեն անդրադառնալու համար պետք է իշխող գաղափարախոսությանը (mainstream) դեմ գնալու կամք դրսևորել, ինչը հաճախ դժվար է, քանի որ հակառակ ճամբարից հոգեբանական մեծ ճնշում է գործադրվում:

Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույց տպագրեցի  «Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը» , վերնագրով, Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատերն ինձ հանեցին իրենց ընկերների ցանկից: «Առավոտի» համար վերլուծական հոդված գրեցի՝ աշխատելով ներկայացնել ու հիմնավորել իմ տագնապներն այն մասին, թե ինչու է հայը տրամադրվում հայի դեմ։ Հայ հանրությունում գերակայող այն կարգախոսի դեմ, որ «ով առաքելական չէ՝ հայ չէ», խոսել է դեռեւս Րաֆֆին՝ պիղծ եւ վնասակար որակելով բոլոր նրանց, ովքեր փորձում են բոլորին «մի եկեղեցու սահմանների մեջ խցկել»:

 
No Comments

Sorry, the comment form is closed at this time.