Հետ գնալ

Վեդայականություն

Վեդայականությունը Հնդկաստանի ամենահին կրոնական համակարգերից է, որի գաղափարախոսությունը հիմնված է հին հնդկական գրվածքների՝ վեդաների վրա: Դրանցից ամենահինը Ք.ա. 10-րդ դարով թվագրվող հիմների ժողովածուն է՝ Ռիգվեդան:

Վեդայական կանոնի տեքստերի առավել ընդունված դասակարգումը այն երկու մասի բաժանելն է: Առաջին խումբը կոչվում է շրուտի (բառացի՝ «լսված», այսինքն՝ հայտնությամբ տրված), իսկ երկրորդ խումբը սմրիտի (բառացի «հիշված», այսինքն՝ ավանդություն): Շրուտին ավանդաբար բաժանվում է չորս վեդաների՝ Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա և Աթհարվավեդա` ժողովածուներ, որոնք կոչվում են նաև սամհիտ: Վեդայական դիցարանը բավականին բարդ է, բազմազան և դժվարությամբ է ենթարկվում դասակարգման, սակայն ակնհայտ է, որ աստվածների մեծ մասն ունեն տարերային, բնական ծագում:

Հնագույն վեդայական աստվածների շարքին են դասվում երկնքի աստված Դյաուսը (հմմտ. հուն. Զևսը և լատին. Դիոսը) և երկրի աստվածուհի Պրիտհվին, որոնց պաշտամունքն արդեն վեդաների կազմավորման շրջանում անկում էր ապրել: Ավելի ուշ նրանց տեղը զբաղեցնում են երկնքի աստված Վարունան և անձրևի ու ամպրոպի աստված Ինդրան: Այդ շրջանում աստվածները ստանում են մարդակերպություն, նրանց են վերագրվում մարդկային արարքներ և կենսակերպ: Վեդայականությունը զարգացրել է յուրահատուկ ծեսեր, մեծ տեղ է հատկացրել նախնիների պաշտամունքին, տիեզերածնությանը և այլն:

Հնդկաստանի ազգային կրոնների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջայնիզմը (ջայնականությունը): Ժամանակակից Հնդկաստանում ջայնականները կազմում են երկրի բնակչության մոտ 0,5-1 տոկոսը (մինչև 10 մլն.) և հիմնականում տարածված են Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում՝ Մահարաշտա, Մադհյա-Պրադեշ, Ռաջաստան, Գուջարատ, Կարնատակա և այլ նահանգներում: Առաջացել է Ք.ա. 6-րդ դարում...