Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:
2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։