Միստիցիզմ
Միստիցիզմը (հին հուն.՝ mystikos – թաքուն, խորհրդավոր) կրոնափիլիսոփայական աշխարհայացք է, որն ընդունում է արարվածի և արարչի ուղիղ կապը, գերզգայական ճանապարհով գերբնականին կամ աստծուն հասնելուեւ հաղորդակցվելու հնարավորությունը։ Համաձայն այս ուսմունքի այդ հաղորդակցությունը հնարավոր է տեղի ունենա միայն տարածական, ֆիզիկական, ժամանակային սահմաններից դուրս գալու միջոցով:
Արևելյան ըմբռնմամբ միտիցիզմը կամ ինքնակատարելագործման ձգտումը կարող է իրականանալ միայն սեփական արարքները և թերությունները վերացնելուց հետո (այս տեսակետից դասական օրինակը Գ.Նարեկացու «Մատյան ողբերգությունն է): 10-րդ դարից սկսած միստիցիզմն աստիճանաբար սկսեց մեծ դեր խաղալ նաև արևմտյան աստվածաբանության համակարգում, բայց ի տարբերություն արևելյանի այստեղ գերազանցապես շեշտը դրվեց դոգմատիկական սկզբունքներին անվերապահորեն ենթարկվելու վրա, որը շատ անգամ ուղղակի հակադրվում էր կամքի ազատության քրիստոնեական ըմբռնմանը:
Եկեղեցական շատ ուղղություններ մերժում են միստիցիզմը, քանի որ այն թուլացնում է եկեղեցական կառույցի միջնորդ առաքելությունը: Կաթոլիկ եկեղեցին Ալեքսանդր 3-րդ պապից սկսած միստիկան սկսեց դիտարկել որպես հերետիկոսություն, քանի որ հավատացյալի և Աստծո կապը պետք է իրականացվի բացառապես եկեղեցու և հոգևոր դասի միջոցով, հակառակ դեպքում միստիկան վերածվում է հակաեկեղեցական և հակակղերական մտածողության, ինչը արդեն՝ ըստ պապական իշխանության հերետիկոսություն է: