Մաքրակրոններ կամ պուրիտաններ
Մաքրակրոնները կամ պուրիտանները (լատ.՝ purus — մաքուր) կրոնական շարժում է բողոքականության ճյուղ համարվող կալվինիզմի ներսում։ Առաջացել է 16-17-րդ դարերում Անգլիայում և Շոտլանդիայում և հաճախ նույնացվել հենց կալվինիզմի հետ:
Այս ուղղության հետևորդները կալվինականության գաղափարների առավել հետևողական անդամներն էին: Նրանք պահանջում էին անգլիական եկեղեցու պաշտամունքը, ծեսերը մաքրել կաթոլիկյան մնացուկներից, վերացնել եպիսկոպոսների ինստիտուտը, բռնագրավել եկեղեցական հողերը, չէին ընդունում պասերը, կրոնական տոների մեծ մասը: Նրանք կողմնակից էին խիստ բարոյականությանը, աշխատասիրությանը, խնայողությանը։
Պուրիտանների սկզբունքներն ընկան ժամանակակից շատ կապիտալիստական երկրների աշխատաշուկայի հիմքում: Անգլիկան եկեղեցին մեծ ճնշումներ գործադրեց շարժման հետևորդների վրա: 17-րդ դարի սկզբին բաժանվեցին երկու մեծ ուղղության՝ պրեսբիտերների և կոնգրեգացիոնալիստների, որոնք առավել արմատական էին տրամադրված: