Խաչվերաց տոն
Խաչվերաց տոն – Հայ Առաքելական եկեղեցու հին տաղավար (գլխավոր) տոներից մեկը, որը տոնվում է սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Խաչվերաց տոնի հիմքում ընկած են երկու պատմություններ: Առաջինը հռոմեական կայսր Կոստանդինի մոր՝ Հեղինեի կողմից 4-րդ դարում Քրիստոսի խաչափայտի հայտնաբերման ավանդությունն է, համաձայն որի խաչի վրա մահացած մարդու կենդանացումը վկայել է Քրիստոսի իրական խաչափայտի հայտնաբերման մասին: Խաչի հայտնաբերման տեղում Հեղինեն հիմնադրեց տաճար, որի օծումը տեղի ունեցավ 335թ. սեպտեմբերի 13-ին:
Երկրորդ պատմությունը Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից Պարսկաստան գերի տարված խաչափայտի ազատագրումն էր 628թ., որը պարսից Խոսրով 2-րդ արքան 614թ. գերեվարել էր Երուսաղեմից: Համաձայն այդ ավանդության՝ խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ, և այն անցում է պատմական Հայաստանով։
Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, որտեղ խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին։ Կայսրը խաչափայտը սրբությամբ 3 տարի Կոստանդնուպոլսում պահելուց հետո այն անձամբ Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։