Հետ գնալ

Գնոստիկություն

Գնոստիկությունը (հուն.՝ gnosis – իմացություն, գիտելիք) 1-3-րդ դարերում ի հայտ եկած կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը փորձ կատարեց քրիստոնեության նոր ձևավորվող՛ ուսմունքը և դոգմատիկան լրացնել բարդ փիլիսոփայական տարրերով ու դա համերաշխեցնել բազմաստվածային համակարգերի հետ: Գնոստիկության ձևավորումը պայմանավորված էր Հռոմեական
աշխարհում տեղ գտած խորը սինկրետիզմի երևույթներով: Գնոստիկները փորձում էին բարձրագույն գիտելիքի հասնել կրոնատածության հիման վրա: Նրանք մարդկանց բաժանեցին երեք մեծ խմբերի՝ ըստ գիտելիք ունենալու աստիճանի:

Համաձայն այդ բաժանման առաջինը գնոստիկներն էին, երկրորդը՝ հրեաներն ու քրիստոնյաները, երրորդը՝ հեթանոսները: Նրանց համակարգում հստակորեն տարանջատվում էին աստվածային բարու ու չարի սկզբները: Չարի սկիզբն է արարիչ-դեմիուրգը, իսկ բարին կապվում է գերագույն աստծո հետ: Բարու սկզիբը դուրս է տիեզերական հարաբերությունների համակարգից եւ առնչություն չունի աստվածային չար սկզբի հետ:

Համաշխարհային պատմության կարևորագույն նպատակը չարից ազատագրվելն է, որտեղ վճռական անելիք ունի աստվածային էոններից (հուն.՝ aion — հավիտենական էություն) մեկը՝ Հիսուս Քրիստոս: Մարդը կարող է փրկության հասնել միայն գնոսիսի միջոցով նյութական կապանքներից ազատագրման ճանապարհով: Հայտնի գնոստիկյան համակարգերից էին Վալենտիանոսի, Բասիլիդեսի, Կարպոկրատի ու Սատուրնինի համակարգերը, իսկ գնոստիկ Մարկիոնը միակն էր, ում հաջողվեց ստեղծել սեփական եկեղեցին, որը գոյատևեց բավականին երկար ժամանակ: Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում մեծ տեղ է հատկացրել հենց Մարկիոնի եկեղեցուն:

Պարականոն գրքերը (հուն.՝ apokryphos – գաղտնի, ծածուկ) 2-4-րդ դարերում գրված ավետարաններ են, թղթեր, հայտնություններ և այլ հոգևոր գրքեր, որոնք չեն ընդգրկվել սուրբ գրական կանոնի մեջ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ պատկանում են գնոստիկյան գործիչների գրչին: Պարականոն գրքերը անվանվում են նաև ապոկրիֆ, սակայն ոչ բոլոր պարականոններն են...

Էզոթերիկ (հուն.՝ էզոթերոս — ներքին) – Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի կամ միաբանության սահմանումների։ Տերմինը գործածվում է նաև առանձին կրոնների կամ համայնքների ծիսակարգերի «թաքնված» բնույթը նկարագրելու համար: Էզոթերիկ գիտելիքները ենթադրում են, որ...