Եհովայի վկաներ
Եհովայի վկաներ – կրոնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Չարզ Ռասելի կողմից 1870թ. Միացյալ Նահանգներում: Նրանց պաշտոնական օրգանը կոչվում է «Դիտարան» և հաճախ նրանց անվանում են նաև «Դիտարանի ընկերություն», որը թարգմանվում է աշխարհի համարյա բոլոր լեզուներով: Նրանց կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Ղեկավար մարմինը բաղկացած է Տասներկու «օծյալ» ծերունիներից՝ երկնային դասից: Այս երկնային դասին պատկանողները կամ օծյալները համարվում են 144.000 օծյալների դասի անդամներ, որոնք մահվանից հետո անմիջապես պիտի վերանան երկինք՝ երկնային դասին միանալու համար։
Կազմակերպության անդամները այդ դասին անվերապահորեն հնազանդվում են։ Ամեն մի Եհովայի վկա համարվում է ավետարանիչ։ Ավետարանչություն ասելով նրանք հասկանում են գրքեր տարածելը մարդաշատ վայրերում, մետրոների կայարաններում, փողոցներում։ Պարտադիր է համարվում նաև պատահական տների դռները թակելը և «բարի լուրը» քարոզելը։
Դռնեդուռ քարոզի պատճառով կազմակերպության անդամները հաճախ ենթարկվում են հալածանքների: Հալածանքների պատճառ են դառնում նաև զինվորական ծառայությունից հրաժարվելը: Նրանք չեն մասնակցում ծննդյան արարողությունների, չեն տոնում նոր տարին ու մի շարք այլ տոներ: Եհովայի վկաների գաղափարախոսության անկյունքարը ս. Երրորդության ժխտումն ու աշխարհի մոտալուտ վախճանի մասին (Արմագեդոն) պատկերացումներն են: Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաները ակտիվ են 1975-ից։ 2004 թ. պետության կողմից գրանցվել է Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ցանկում։ 2013 թ. տվյալներով ակտիվ անդամների («քարոզիչների») թիվը 11.076 է, կրոնական արարողություններին մասնակցողների թիվը մոտ երկու անգամ ավելի է։