Հետ գնալ

Դուխոբորներ

Դուխոբորներ – 18-րդ դարում Ռուսաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում առաջացած կրոնական հոսանք, որոնք չեն ընդունում հոգևորականությունը, տաճարները, սրբապատկերները, խաչը, խորհուրդները, պասերը, կուսակրոնությունը և այլն: Նրանք իրենց հավատքը հիմնում են «Կենդանի գրքի» վրա, որը բանավոր ավանդությունն է: Այն իրենից ներկայացնում է հարց ու պատասխաններ, սաղմոսներ, հմայություններ: Դուխոբորները Քրիստոսին ընդունում էին որպես մի հասարակ մարդու, որի մեջ առաձնակի ուժով է դրսևորվել աստվածային ոգին և միտքը:

Նրանք աստվածացնում էին իրենց առաջնորդներին՝ համարելով, որ նրանցում բնակվում է Քրիստոսի ոգին: Հավատում էին հոգու անմահությանը, սակայն ժխտում դրախտի ու դժոխքի գոյությունը: Համայնքում կարևոր տեղ էին զբաղեցնում ժողովական հավաքները, որոնց ժամանակ տեղի էին ունենում կրոնական զրույցներ, ընթերցում էին սաղմոսներ և երգում հոգևոր երգեր: Դուխոբորները հետապնդվել են ցարական կառավարության կողմից՝ իշխանություններին չենթարկվելու ու զինվորական ծառայություից հրաժարվելու համար: Այդ ճնշումների պատճառով էլ նրանց մի մասը 19-րդ դարի վերջին տեղափոխվեց Կիպրոս, Կանադա, որտեղ ապրում են մինչև օրս: