Ֆետիշիզմ
Ֆետիշիզմ՝ պորտ. fetico` կախարդված առարկա, ֆրանս. fetiche` կուռք։ ֆետիշ տերմինը գործածության մեջ է մտել 18-րդ դարի երկրորդ կեսից ֆրանսիացի գիտնական Շարլ դը Բրոսի կողմից «Ֆետիշ աստվածների պաշտամունքի մասին» աշխատության հրատարակումից հետո: Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:
Նմանատիպ որակներ են վերագրվել քարերին, ծառերին, ոսկորներին, փետուրներին և շատ տարբեր առարկաների, իսկ ավելի ուշ շրջանում արդեն մարդիկ իրենք էին պատրաստում ֆետիշների` տարբեր տեսակի քարե ու կավե արձանիկներից մինչև կուռքեր և այլն:
Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:
Օրինակ, Հայաստանում առանձնահատուկ դեր են ունեցել սոսյաց անտառները, Իրանում ու Հնդկաստանում` կաղնու ծառը, Եգիպտոսում` փյունիկյան արմավենին, Հունաստանում և Հռոմում` ձիթենին և կաղնու ծառը, Գերմանիայում` եղևնին և այլն: