Բապտիստական եկեղեցի
Բապտիստական եկեղեցի կամ բապտիզմ (հուն.՝ baptizo – ընկղմում եմ ջրի մեջ) – 17-րդ դարի սկզբին առաջացած բողոքական ուղղություն, որը հիմնականում տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Առաջին բապտիստական եկեղեցին հիմնվել է Ամստերդամում 1609թ. անգլիացի Ջոն Սմիթի կողմից: Նա մերժեց երեխաների մկրտությունը և սկսեց մկրտել միայն մեծահասակներին: Ի տարբերություն այլ բողոքական ուղղությունների՝ բապտիստները առավել հետևողական են անձնական հավատքով փրկվելու սկզբունքին, մեծ նշանակություն են տալիս աստվածային հայտնությանը, «աստծո հետ հաղորդակցման» միստիկական հնարավորությանը, նախասահմանվածության մասին ուսմունքին, կրոնական բարոյականության քարոզին: Բապտիստները չեն ընդունում սրբապատկերները, սուրբ մասունքները, սրբերին, խաչելությունը, հանդերձանքը: Ծիսական գործողությունների մեջ ներառել են ժամանակակից երաժշտություն ու հատկապես մեծ տեղ են հատկացնում քարոզխոսությանը: Մկրտությունը կատարում են չափահաս տարիքում: Տոների շարքին են դասվում Քրիստոսի ծնունդը, հարության տոնը, հոգեգալուստը և Քրիստոսի երկրպագման հետ կապված մի շարք այլ տոներ: Բապտիստական համաշխարհային ալիանսը միավորում է 150 հազար համայնքների՝ 41 միլիոն անդամներով: 2002թ. տվյալներով աշխարհում կան ավելի քան 100 միլիոն բապտիստներ ու բապտիստական խմբեր: