Եվրադատարանի որոշումներ

Փաստաթղթերում կրոնական պատկանելիության պարտադիր նշելը


Սինան Իսիկն ընդդեմ Թուրքիայի (21924/05)

Ալեվի կրոնական համայնքի անդամ Պրն. Իսիկը 2004թ. դիմել է դատարան` պահանջելով, որ անձը հաստատող փաստաթղթի մեջ «իսլամ» բառի փոխարեն նշվի «Ալեվի» բառը: Թուրքիայում մինչև 2006 թվականը ինքնությունը հաստատող քարտի վրա կրոնի մասին նշում կատարելը պարտադիր էր: Սակայն 2006թ. նոր կարգ է սահմանվել, ըստ որի, անձը կարող էր ձեռնպահ մնալ կրոնի մասին տեղեկություն տալուց և քարտում այդ կետը կարող էր մնալ չլրացված: Նրա պահանջը մերժվել է այն հիմքով, որ «Ալեվի» տերմինը վերաբերում է Իսլամի մի ենթախմբի և հետևաբար «Իսլամ» բառի նշումը ճիշտ էր:
Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ ինքնությունը հաստատող քարտը պարունակում էր կրոնի մասին նշում` հաշվի չառնելով, թե անձը ցանկանում էր, թե ոչ, որպեսզի այդպիսի նշում արվեր: Դատարանն ընդգծել է, որ անձի` կրոնը բացահայտելու ազատությունը ունի նեգատիվ պարտավորության հատկանիշ, և սեփական կրոնը բացահայտելուն պարտավորված չլինելու իրավունքը:

Վասմութն ընդդեմ Գերմանիայի (12884/03)
Մեծ պալատի 17.02.2011-ի որոշումը

Գործը վերաբերում է կրոնական հարկեր հավաքելու գերմանական համակարգին: Անձը իշխանություններից պահանջել է իրեն տրամադրել աշխատավարձից գանձվող հարկի քարտ՝ առանց որևէ նշումի այն մասին, որ ինքը չի պատկանում այնպիսի կրոնական համայնքի, որն իրավունք ունի գանձել կրոնական հարկ: Դատարանում գանգատվել է, որ քարտի մեջ կրոնական պատկանելիության մասին պարտադիր նշումը համազոր է 9-րդ և 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածների խախտմանը:
Դատարանը գտել է, որ 8-րդ և 9-րդ հոդվածների խախտում տեղի չի ունեցել՝ թեև երկու հոդվածների առումով էլ իրավունքների նկատմամբ միջամտություն եղել է, այդ միջամտությունը հետապնդել է եկեղեցիներից և կրոնական համայնքներից հարկ հավաքելու իրավաչափ նպատակ: Միջամտությունը նաև համաչափ էր, քանի որ ձևաթղթով պահանջվում էր պատասխանել միայն այն հարցերին, թե արդյոք անձը պատկանում է մի այնպիսի կրոնական համայնքի կամ եկեղեցու, որոնք ունեն հարկ գանձելու իրավունք պարտավորություն: