Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի

Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի

Փաստերը

1997թ. օգոստոստին Թուրքիայի Բուրսա քաղաքի բժշկական համալսարանի ուսանողուհի Լեյլա Սահինը հաջողությամբ հանձնում է ընդունելության քննությունները և ընդունվում Ստամբուլի բժշկական համալսարան: Նրա սովորելու ընթացքում, 1998թ. փետրվարին Ստամբուլի համալսարանում տարածվում է համալսարանի պրոռեկտորի շրջաբերականը, համաձայն որի արգելվում էր ուսանողներին կրել գլխաշոր: Ըստ շրջաբերականի, որը հաստատվել էր համալսարանի գործադիր խորհրդի կողմից, այն ուսանողները, այդ թվում նաև արտասահմանցի ուսանողները, ովքեր դասերին կներկանային իսլամական գլխաշորով կամ կկրեին մորուք, կզրկվեին դասընթացներին և քննություններին մասնակցելու իրավունքից:

Լեյլա Սահինը, ով Բուրսայում սովորելու տարիներից կրում էր իսլամական գլխաշոր, որոշում է չենթարկվել շրջաբերականի պահանջներին և 1998թ. մարտի 12-ին ուռուցքաբանության գրավոր քննությանը ներկայանում է գլխաշորով, սակայն նրան թույլ չեն տալիս մասնակցել քննությանը, իսկ հետագայում թույլ չեն տալիս մասնակցել նշված առարկայի, իսկ հետո նաև այլ առարկաների դասընթացներին:

Լեյլա Սահինը բողոքարկել էր շրջաբերականի իրավաչափությունը ազգային դատարաններում, սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են: 1998թ. մայիսին համալսարանի ղեկավարությունը նրա դեմ հարուցում է կարգապահական վարույթ հագուստ կրելու կարգը խախտելու հիմքով և նա ենթարկվում է կարգապահական պատասխանատվության՝ նկատողության: 1999թ. փետրվար ամսին մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են անցկացնում համալսարանի շենքի առջև՝ իսլամական գլխաշորերը արգելելու համալսարանի քաղաքականության դեմ:

Ֆակուլտետի դեկանի որոշումով կարգապահական վարույթներ են հարուցվում մի շարք ուսանողների, այդ թվում նաև Լեյլա Սահինի դեմ՝ բողոքի ակցիային մասնակցելու համար, որի արդյունքում որոշում է կայացվում Լեյլա Սահինին զրկել դասերին մասնակցելու իրավունքից մեկ կիսամյակի ժամկետով, սակայն մի որոշ ժամանակ անց նրա նկատմամբ տարածվում է համաներում և նա ազատվում է պատասխանատվությունից: Ի վերջո Լեյլա Սահինը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դիմողի փաստարկները.

1. ուսումնական հաստատության կողմից իսլամական գլխաշոր կրելու արգելքը հանդիսանում է կրոնի ազատության, մասնավորապես, իր կրոնը ազատորեն արտահայտելու իրավունքի միջամտություն՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի ներքո;

2. համալսարանի դասընթացներից զրկելը հանդիսանում է կրոնը ազատորեն արտահայտելու իրավունքի միջամտություն;

3. միջամտությունները հետապնդում էին իրավաչափ նպատակ, մասնավորապես, միջամտություններն անհրաժեշտ էին աշխարհիկության սկզբունքի պահպանման, այլոց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հասարակական կարգի պաշտպանության համար,

4. միջամտությունը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում, քանի որ.

4.1. թեև Թուրքիան աշխարհիկ պետություն է, Սահմանադրությամբ հարգվում է այլոց կրոնական հայացքները,

4.2. ինքը հանդիսանում է հավատացյալ մուսուլման, իսկ Իսլամի համաձայն կանայք պետք է ծածկեն իրենց գլուխը և վիզը,

4.3. հետևաբար կրոնական գլխաշոր կրելը իր կողմից աշխարհիկության սկզբունքի դեմ բողոքի ակցիա չէր և ոչ էլ որևէ կերպ հանդիսանում էր ճնշում գործադրելու, սադրելու կամ հոգևորսության դրսևորում,

4.4. կառավարությունը չի հիմնավորել, թե ինչպես կարող էր իր կողմից գլխաշոր կրելը սպառնալ, խաթարել կամ վտանգել հասարակական կարգ ու կանոնը, որն անհրաժեշտ էր պահպանել կրթական հաստատությունում,

4.5. Թուրքիայում չկա որևէ այլ կրթական հաստատություն, որտեղ նա կկարողանար շարունակել իր ուսումը գլխաշորը կրելով հանդերձ,

4.6. Թուրքիայի բնակչության մեծ մասը, որոնք խորությամբ ընդունում են ու կապված են աշխարհիկության հետ, դեմ են
պետության հոգևոր կառավարման գաղափարին, բայց դա չի նշանակում, որ նրանք դեմ են իսլամական գլխաշորին,

4.7. համալսարանում գլխաշորի արգելքը չեզոք և աշխարհիկ ուսումնական համակարգի պահպանման նպատակ չեր հետապնդում,

4.8. Իսլամական գլխաշորը կասկածի տակ չի դնում հանրապետական արժեքները կամ այլոց իրավունքները և հետևաբար չի կարելի համարել, որ գլխաշորը, որպես այդպիսին՝ անհամատեղելի է կրթության բնագավառում աշխարհիկության և չեզոքության սկզբունքների հետ,

4.9. հանրապետական արժեքները և այլոց իրավունքները անընդունելի է մեկնաբանել այնպես, ըստ որի նշված արժեքներից բխում է, որ անհրաժեշտ է արգելքներ սահմանել կրթական հաստատություններում կրոնական բոլոր սիմվոլիկաների նկատմամբ: Նշվածի որպես լայն պրակտիկա հանդիսանալու իրողությունը կարելի է տեսնել եվրոպական բազմաթիվ պետություններում,

4.10. եթե հասարակությունում գոյանում են լարվածության օջախներ, որն անխուսափելի է բազմախոհություն հանդուրժող հասարակությունում, իշխանությունների դերը կայանում է ոչ թե նրանում, որպեսզի արմատախիլ անեն լարվածության պատճառները՝ այդպիսով վերացնելով բազմախոհությունը, այլ ապահովելը, որպեսզի մրցակցող խմբերը միմյանց հանդեպ ցուցաբերեն հանդուրժողականություն,

4.11. մուսուլման կանանց նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, քանի որ կրոնական սիմվոլիկաներ կրելու սահմանափակումները չեն կիրառվում միատեսակ կերպով: Օրինակ, հրեականություն դավանող ուսանողներին չի արգելվում կրել հրեական գլխարկ, իսկ քրիստոնյաներին՝ խաչ, իսկ մեկ այլ դեպքում կրթական հարցերում նախարարությունը համալսարանի ղեկավարությանը դիմել էր գրությաամբ, որպեսզի վերջիններս թույլ տան հրեա ուսանողներին բացակայել դասերից հրեական կրոնական տոնական օրերին: Նշված օրինակները խտրականության դրսևորման օրինակներ են,

4.12. վերը նշված հիմքերով Լեյլա Սահինը գտնում էր, որ գլխաշոր կրել արգելելը և այդ հիմքով իր նկատմամբ կարգապահական որոշումները պայմանավորված չեն հասարակական սուր պահանջով և նման սահմանափակումները անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակարգում:


Թուրքիայի կառավարության պնդումները.

1. կրոնի ազատության իրավունքի միջամտություն տեղի չի ունեցել, սակայն նույնիսկ եթե միջամտություն տեղի էր ունեցել, այն արդարացված էր Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով;

2. համալսարանի կանոնակարգը բխում էր օրենքից, որն ուներ համընդհանուր կիրառություն և տարածվում էր ոչ միայն համալսարանների, այլ նաև ցանկացած հասարակական միջավայրում;

3. միջամտությունը հետապնդում էր իրավաչափ նպատակ, մասնավորապես, համալսարաններում հասարակական կարգի պահպանման, աշխարհիկության սկզբունքի պահպանման և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար;

4. աշխարհիկության սկզբունքը լիբերալ ժողովրդավարության նախապայման է, իսկ Թուրքիայում առկա են առանձնահատուկ գործոններ, որոնց շնորհիվ աշխարհիկության սկզբունքը ձեռք է բերել առանձնահատուկ կարևորություն՝ ի տարբերություն այլ ժողովրդավարական պետությունների: Թուրքիան միակ իսլամական պետությունն է, որն ընդունել է լիբերալ ժողովրդավարություն, որի կայացման կարևոր նախապայմաններից մեկը աշխարհիկության սկզբունքն է;

5. ինչ վերաբերում է նրան, որ Ղուրանը պարտավորեցնում է կանանց կրել գլխաշոր, ապա՝ կրոնական պարտավորությունը և կրոնական ազատությունը երկու տարբեր հասկացություններ են, որոնք հեշտությամբ չեն համատեղվում: Առաջինը պահանջում է ենթարկվել աստվածային և դոգմատիկ օրենքների, մինչդեռ ազատության կոնցեպցիան ենթադրում է, որ անձը ազատ է օգտվելու որքան հնարավոր է շատ հնարավորություններից և այլընտրանքներից: Ինչ վերաբերում է գլխաշորին, ապա մուսուլմանական տարբեր երկրներում դրանք տարբեր կիրառություն ունեն՝ կախված պետական կառավարման առանձնահատկություններից: Ժամանակակաից կանայք թաղման արարողոթյունների ժամանակ, ինչպես նաև գյուղական միջավայրում ապրող կանայք, կրում են բանդանա, որն ամբողջությամբ չի փակում մազերը: Աֆղանստանում կանայք կրում են բուրկա, որը ծածկում է ամբողջ մարմինը և դեմքը և որը ներմուծվեց թալիբների կողմից՝ ըստ իսլամի նրանց մեկնաբանության: Արաբական երկրներում և Իրանում կանայք կրում են չադոր կամ աբայա, որը սև գույնի շղարշ է և փակում է ամբողջ մարմինը՝ գլխից մինչև ոտքի կոճը: Շատ դժվար է միևնույն կրոնական կանոնից բխող զգեստի բոլոր այս տարատեսակները հաշտեցնել պետության կրթական համալիրում չեզոքության սկզբունքի հետ;

6. իսլամական գլխաշոր կրելու որևէ արգելք սահմանված չէ մասնավոր կամ բնակելի տարածքներում: Աշակերտներին թույլատրվում է նման գլխաշորեր կրել դպրոցից դուրս: Սակայն պետական կրթական ոլորտում, որը համարվում է հանրային ծառայություն, աշխարհիկության սկզբունքը, որի բաղկացուցիչ մասն է կազմում չեզոքության սկզբունքը, կիրառելի է: Թուրքիայում տիրող իրավիճակից, ինչպես նաև Թուրքիայի դատարանների իրավական դիրքորոշումներից բխում է, որ իսլամական գլխաշորը ձեռք է բերել սիմվոլիկ նշանակություն տարբեր արմատական կրոնական շարժումների համար՝ իրենց քաղաքական նպատակներից ելնելով, որը սպառնում է կանանց ազատությանը;

7. հանրային հաստատություններում իսլամական գլխաշոր կրելու իրավունքի ճանաչման պահանջը հավասարազոր է տվյալ կրոնին առավելություն տալու պահանջին, որը հակասում է Կոնվենցիայի մոտեցումներին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշել, որ Շարիաթի շատ սկզբունքներ, օրինակ, խոշտանգումը որպես հանցագործության համար սահմանված պատիժ կամ կանանց կարգավիճակի վերաբերյալ մի շարք սկզբունքներ անհամատեղելի են աշխարհիկության սկզբունքի և Կոնվենցիայի հետ;

8. Ստամբուլի համալսարանի ղեկավարությունը արգելել է մորուք ունեցող կամ գլխաշոր կրող ուսանողների մուտքը համալսարան որպես կանխարգելիչ միջոց, քանի որ մյուս ուսանողների կողմից ստացվել էին բողոքներ, որ նրանք ճնշումների էին ենթարկվում արմատական կրոնական շարժումների կողմից: Կանոնները մշակելիս իշխանությունները նաև հաշվի են առել այն հանգամանքը, որ անցյալում Ստամբուլի համալսարանում տեղի են ունեցել մի շարք բախումներ արմատական խմբավորումների միջև: Սահմանելով կրոնական սիմվոլիկաներ կրելու արգելք, այդպիսով՝ իշխանությունները ցանկացել են պահպանել կրթական հաստատության չեզոքությունը:

Դատարանի որոշումը.

• Դատարանը գլխաշոր կրելու արգելքը (համալսարանի շրջաբերականը) դիտել է ԻՐԱՎԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ հարթությունում:

• Խնդիրը շոշափում է <այլոց իրավունքները> և <հասարակական կարգի> պաշտպանությունը այն պետությունում, որտեղ բնակչության մեծամասնությունը, թեև հարում է աշխարհիկ կյանքի եղանակին և կնոջ իրավունքների պաշտպանությանը, իսլամի հավատքի կրողներ են:

• Հետևաբար, այլ ոլորտի ազատությունը սահմանափակելու համար առկա է սուր սոցիալական պահանջ՝ հատկապես հաշվի առնելով, որ կրոնական այս սիմվոլիկան Թուրքիայում ձեռք է բերել քաղաքական նշանակություն:

• Դատարանը նկատում է, որ Թուրքիայում ծայրահեղական քաղաքական շարժումները ձգտում են հասարակության վրա տարածել իրենց կրոնական սիմվոլները և ուսմունքները: Նման հանգամանքներում պետությունը կարող է միջոցներ ձեռնարկել տվյալ քաղաքական շարժումների դեմ՝ ելնելով իր պատմական փորձից: Այդպիով , խնդրո առարկա շրջաբերականը պետք է դիտել այդ լույսի ներքո և հետևաբար շրջաբերականը հետապնդում է իրավաչափ նպատակ, որն է՝ համալսարանում բազմախոհության ապահովումը:

• Համալսարաններում կրոնական սիմվոլիկաների արգելքի հիմնական նպատակը աշխարհիկության սկզբունքի պաշտպանությունն է: Նման սիմվոլիկաների թույլատրումը, տվյալ դեպքում գլխաշորի կրումը, հակասում է բազմակարծության սկզբունքին, որի պաշտպանությանը կոչված է պետությունը:

• Թուրքիայի համալսարաններում արգելք է սահմանված բոլոր տեսակի կրոնների և բոլոր տեսակի սիմվոլիկաների նկատմամբ:

• Դատարանը նաև հաշվի է առնում, որ համալսարանում գլխաշորի հարցը մշտապես եղել է քննարկման առարկա և շրջաբերականից հետո համալսարանի ղեկավարությունը ոչ թե կտրուկ միջոցներ է ձեռնարկել, այլ նախընտրել է հարցը լուծել շարունակական միջոցների՝ քննարկումների ծավալման եղանակով՝ միևնույն ժամանակ համալսարանի տարածքում ապահովելով կարգ ու կանոնի պահպանումը:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.