Եվրադատարանի որոշումներ

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի

Գործ թիվ 23459/03 Մեծ Պալատ 11/07/2011 (Համառոտագիր)
Արա Ղազարյան, «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության կենտրոն»
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Փաստերը

Փաստերի համար տե՛ս սույն գործով առաջին վճռի համառոտագիրը կամ Մեծ Պալատի վճռի ամբողջական տեքստը:

Վճռի բողոքարկումը

Դիմողը 2010 թվականի մայիսի 10-ին բողոքարկել է Պալատի որոշումը վերադաս ատյանին՝ Մեծ Պալատին: Մեծ Պալատը 2010 թվականի նոյեմբերի 24-ին անց է կացրել բանավոր դատալսումներ, իսկ 2011 թվականի հուլիսի 7-ին կայացրել է վճիռ, որով փոփոխել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ի Պալատի վճիռը և կայացրել գանգատի ընդունելիության և էության մասին նոր որոշում:

Դատարանի որոշումը

Ա. Ընդունելիության հարցի մասին

1. Արդյոք անձը կարող է հայցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի պաշտպանությունը համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար

Նախորդ վճռով Եվրոպական դատարանը որոշել էր չհեռանալ իր քառասուն տարվա նախադեպային իրավունքից և սահմանել էր, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը չի սահմանում որևէ նյութական իրավունք համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Պալատը որոշել էր, որ Կոնվենցիայի անդամ պետությունների հայեցողության ոլորտի մեջ է մտնում նման նյութական իրավունքի սահմանելը, որը, ըստ դատարանի, արտահայտված էր Կոնվենցայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ-կետով, հետևաբար, Կոնվենցիան չի կարող պետություններին պարտադրել քրեորեն չհետապնդել այն անձանց, ովքեր համոզմունքի հիմքով խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մոտեցումը գոյություն ուներ 1964 թվականից:

Մեծ Պալատը կայացրել է տրամաբանորեն հակառակ որոշում: Մեծ Պալատը նախ որոշել է, որ ինքը կաշկանդված չէ ո՛չ Պալատի որոշումով, ո՛չ էլ դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքով և որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնվենցիան կենդանի իրավական փաստաթուղթ է և այդ իմաստով շարունակ ենթարկվում է փոփոխության, կարող է փոփոխել իր նախադեպային իրավունքը և սահմանել նոր նյութական իրավունքներ և որ այդ նպատակով անհրաժեշտ է գործի փաստերը միշտ մեկնաբանել «արդի պայմանների» լույսի ներքո: Իսկ արդի պայմանները ցույց են տալիս, որ ի տարբերություն 2000-2003թթ.-ի, երբ Բայաթյանը ենթարկվում էր քրեական հետապնդման, 2011 թվականի դրությամբ ԵԽ անդամ գրեթե բոլոր պետությունները իրենց ներպետական իրավունքում արդեն ճանաչել էին համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը որպես ինքնուրույն նյութական իրավունք և դա հաստատվում է այն հանգամանքով, որ այդ պետությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, ընդունել են այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք: Հետևաբար, ոչինչ չի կաշկանդում, որպեսզի Կոնվենցիան նույնպես սահմանի նշված նյութական իրավունքը 9-րդ հոդվածի շրջանակներում:

Դատարանը հաշվի է առել նաև արդի պայմաններում ընթացող այլ զարգացումներ, օրինակ, որ Եվրոպական Միության Հիմնարար Իրավունքների Խարտիայի 10-րդ հոդվածը, որ տառացիորեն վերարտադրում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները, հստակորեն սահմանում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:

Իսկ ինչ վերաբերում է Կոնվենցիայի 1964 թվականից հաստատված 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որով անդամ պետությունների հայեցողությանն էր թողնում վիճահարույց իրավունքի ընդունումը և, հետևաբար, Կոնվենցիայի 9-րդ հոդվածում չի կարող սահմանվել այդ իրավունքը, ապա դատարանն այս առումով նկատել է, որ իրականում 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ-կետը տասնամյակներ շարունակ սխալ է մեկնաբանվել եվրոպական դատարանի մեկ այլ մարմնի՝ Հանձնաժողովի կողմից, որ այդ կետի նպատակն է «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության սահմանելը և այդ իմաստով անընդունելի է մեկնաբանելը, որ այդ կետը ինքնուրույն ճանաչում կամ բացառում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:

Իրականում, ըստ դատարանի, 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ-կետը որևէ կապ չունի 9-րդ հոդվածի շրջանակների հետ և հետևաբար նշված կետը չի կարող վկայակոչվել՝ որոշելու համար, թե արդյոք Կոնվենցիան ճանաչում է թե ոչ, համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայություից հրաժարվելու իրավունքը և, հետևաբար, այն չպետք է ունենա 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակող ազդեցություն:

Առաջնորդվելով վերը նշված հիմքերով դատարանը կատարել է պատմական եզրահանգում և սահմանել, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը այսուհետ ներառում է նոր՝ ինքնուրույն նյութական իրավունք՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, քանի որ բանակում ծառայելուց հրաժարվելը անձի մոտ առաջացնում է այն աստիճան լրջության ներքին հակասություններ մի կողմից բանակում ծառայելու պարտականության գիտակցման և մյուս կողմից նրա հավատքի ու խղճի միջև, որ բավարար է, որպեսզի այդ հանգամանքը անցնի 9-րդ հոդվածի պաշտպանության տակ:

Ըստ Էության

Սահմանելով, որ 9-րդ հոդվածը կիրառելի է, դատարանն այնուհետև քննության է առել դիմողին քրեական հետապնդման ենթարկելու և դատապարտելու օրինականության, իրավաչափության և անհրաժեշտության մասին հարցերը: Այդուհանդերձ, դատարանը նպատակահարմար չի համարել քննել դատապարտման օրինականության և դրանով հետպանդվող նպատակի իրավաչափության մասին հարցերը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո, քանի որ սահմանել է խախտում մեկ այլ՝ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում» չափանիշի ներքո:

Դատարանը նախ նկատել է, որ քրեական հետապնդման ենթարկելու ժամանակահատվածում դիմողը չի ունեցել պարտադիր զինվորական ծառայության այլընտրանք՝ այլընտրանքային ծառայության հնարավորություն, որի պայմաններում նա հայտնվել է անհամաչափ ծանր բեռի տակ, որն անընդունելի է ժողովրդավարական հասարակարգում:

Այս փաստերի ուժով դատարանը քննության է առել այն հանգամանքը, որ այդ նույն ժամանակահատվածում, երբ դիմողի նկատմամբ սկսվել էր քրեական հետապնդումը, ինչպես նաև նրա դատապարտումը, Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն էր ստանձնել մինչև ԵԽ-ին անդամակցելը և այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք ընդունելը քրեական հետապնդման չենթարկել և չդատապարտել այն անձանց, ովքեր հրաժարվել են պարտադիր զինվորական ծառայությունից՝ այդ թվում նաև դիմողին:

Հետևաբար, դիմողի դատապարտումը ուղղակի հակասում էր այդ ժամանակահատվածում միջազգային հանրության առջև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և օրենսդրական փոփոխությունների պաշտոնական քաղաքականությանը և նման հանգամանքներում, ըստ դատարանի, անհիմն է նշել, որ դիմողի դատապարտումը պայմանավորված է եղել սուր հասարակական պահանջով:

Դատարանը էական հանգամանք չի համարել այն փաստը, որ դիմողը մինչև ազատազրկման ժամկետի ավարտը ազատ է արձակվել, ինչպես նաև այն հանգամանքը, որ այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքը ընդունվել է նրան ազատ արձակելուց քիչ անց, քանի որ այդ օրենքը ըստ էության չի կիրառվել դիմողի նկատմամբ:

Վերը նշված եզրահանգումների հիման վրա Մեծ Պալատը սահմանել է, որ դիմողին քրեական հետապնդման ենթարկելը և դատապարտելը չեն հանդիսացել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակարգում՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի
Արա Ղազարյան
Վճիռ 27 հոկտեմբեր 2009
Համառոտագիր
Կազմեց` Արա Ղազարյանը

Փաստերը

1. Զորակոչից հրաժարվելը
Դիմումատուն Եհովայի վկա է: 1997 թվականից հաճախել է Եհովայի վկաների բազմաթիվ կրոնական ծիսակատարությունների, իսկ 1999թ. սեպտեմբերի 18-ին, 16 տարեկան հասակում, կնքվել է:
2000թ. հունվարի 16-ին Էրեբունի համայնքի զինկոմիսարիատում գրանցվել է որպես զինվորական ծառայությանը ենթակա անձ:

2001թ. հունվարի 16-ին, 17 տարեկան հասակում, նա ծանուցվեց բժշկական ստուգում անցնելու համար, որից հետո ճանաչվեց զինվորական ծառայությանը պիտանի անձ: Դիմումատուն ենթակա էր զինվորական ծառայության 2001 թվականի գարնանային հավաքից (ապրիլ-հունիս):
2001թ. ապրիլի 1-ին, հավաքի սկզբում, դիմումատուն նույնաբովանդակ նամակներ ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարին և ՀՀ Ազգային ժողովին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին: Նամակների բովանդակությունը հետևյալն էր.

«Ես, Վահան Բայաթյանս, ծնված 1983 թվականին, հայտնում եմ Ձեզ, որ 1996 թվականից ուսումնասիրել եմ Աստվածաշունչը և Աստվածաշնչով կրթել իմ գիտակցությունը Եսայու 2:4-ում գրված խոսքերին համահունչ, և գիտակցաբար հրաժարվում եմ զինվորական ծառայությունից: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ պատրաստ եմ կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն զինվորական ծառայության փոխարեն»:

Մայիսի սկզբին դիմումատուի տուն է ուղարկվել 2001թ. մայիսի 15-ին զինվորական ծառայությանը ներկայանալու ծանուցագիր: 2001թ. մայիսի 14-ին Էրեբունի համայնքի զինկոմիսարիատից մի սպա զանգել է դիմումատուի տուն և նրա մորը հարցրել, թե արդյոք դիմումատուն տեղյակ էր, որ նրան կանչել էին ներկայանալու զինկոմիսարիատ հաջորդ օրը զինվորական ծառայությունը սկսելու համար: Նույն օրը երեկոյան դիմումատուն ժամանակավորապես հեռացել է տնից` վախենալով, որ իրեն ուժով կտանեին ծառայության:

2001թ. մայիսի 15-ին կամ 16-ին զինկոմիսարիատի աշխատակիցները զանգահարել են դիմումատուի մորը` պահանջելով հայտնել որդու գտնվելու վայրը: Նրանք սպառնացել են, որ կամովին չներկայանալու դեպքում որդուն ստիպողաբար կտանեն զինվորական ծառայության: 2001թ. մայիսի 17-ի վաղ առավոտյան պաշտոնյաները եկել են դիմումատուի տուն: Նրա ծնողները քնած էին և դուռը չեն բացել: Նույն օրը դիմումատուի մայրը գնացել է զինկոմիսարիատ և հայտարարել, որ դիմումատուն հեռացել է տնից և որը ինքը չգիտի, թե նա երբ կվերադառնա: Դիմումատուն նշում է, որ զինկոմիսարիատը հետագայում միջոցներ չի ձեռնարկել իր ընտանիքի հետ կապ հաստատելու համար:

2001թ. մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով հանձնաժողովը գրավոր պատասխանել է դիմումատուի 2001թ. ապրիլի 1-ի նամակին, նշելով հետևյալը.

«Ձեր հայտարարության կապակցությամբ…հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի…պարտավոր է ծառայել հայկական բանակում: Քանի որ Հայաստանում դեռ չի ընդունվել այլընտրանքային զինվորական ծառայության մասին որևէ օրենք, դուք պետք է ենթարկվեք ներկա օրենքին և ծառայեք հայկական բանակում»:

2001թ. հունիսի սկզբից մինչև կեսը ընկած ժամանակամիջոցում դիմումատուն վերադարձել է տուն, որտեղ ապրել է մինչև ձերբակալվելը՝ 2002թ. սեպտեմբերը:

2001 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովը հայտարարեց համաներում, որը տարածվում էր միայն այն աձանց վրա, ովքեր կատարել էին հանցանք մինչև 2001 թվականի մայիսի 15-ը: Համաներումը ենթակա էր իրականացման մինչև 2001 թվականի սեպտեմբերի 13-ը:

2. Դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթը

2001 թվականի հունիսի 26-ին Էրեբունի համայնքի զինկոմիսարը գրություն է ուղարկել Էրեբունի համայնքի դատախազին, հայտնելով, որ դիմումատուն չի ներկայացել զինվորական ծառայության 2001թ. մայիսի 15-ին և նպատակադրված խուսափել է զինվորական ծառայությունից:

2001 թվականի հուլիսի ընթացքում և օգոստոսի 1-ին դիմումատուն իր հոր և փաստաբանի հետ մի քանի անգամ ներկայացել է համայնքային դատախազություն, որպեսզի իր գործը քննող քննիչից պարզաբանումներ ստանա իր դրության մասին և քննարկի հետագա դատաքննության հետ կապված հարցերը:

2001 թվականի օգոստոսի 1-ին քննիչը քրեական գործ հարուցեց զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով: Ըստ դիմումատուի, վերադաս դատախազը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել մինչև գործով հավելյալ քննություն կատարելը: 2001թ. օգոստոսի 8-ին, հավանաբար նպատակ ունենալով օգտվել վերը նշված համաներման ակտից, դիմումատուն բողոքել է դրա դիմաց ՀՀ գլխավոր դատախազությանը: Նա իր բողոքի վերաբերյալ որևէ պատասխան չստացավ:

2001թ. հոկտեմբերի 1-ին քննիչը հինգ որոշում կայացրեց դիմումատուի նկատմամբ.

1) դիմումատուին առաջադրեց մեղադրանք զորահավաքից խուսափելու հիմքով,

2)դիմել դատարան դիմումատուին նախնական կալանքի տակ պահելու թույլտվություն ստանալու համար,

3)հայտարարել դիմումատուին որպես փախուստի դիմած անձ և նրա նկատմամբ հայտարարել հետախուզում,

4)դիմել դատարան դիմումատուի նամակագրության վրա վերահսկողություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար,

5)կասեցնել վարույթը մինչև դիմումատուին հայտնաբերելը:

Վերջին որոշման մեջ նշվում էր հետևյալը.

«…քանի որ, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցներ ձեռնարկելուց հետո փախուստի մեջ գտնվող անձին [դիմումատուին] հայտնաբերելու փորձերն անցել են անհաջող և նրա գտնվելու վայրը մնում է անհայտ,…[անհրաժեշտ է] կասեցնել քննությունը…և… ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցներ մեղադրյալին գտնելու ուղղությամբ»:

Ո’չ դիմումատուն և ո’չ էլ նրա ընտանիքը տեղեկացված չեն եղել նշված որոշումների մասին` չնայած այն հանգամանքին, որ 2001 թվականի հունիսի կեսից ապրել էր իր ընտանիքի հետ տանը, ինչպես նաև այն փաստը, որ 2001թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում մի քանի անգամ հանդիպել էր քննիչի հետ:
2001թ. հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը թույլատրեց դիմումատուի նամակագրության վրա սահմանել վերահսկողություն և նրա նկատմամբ կիրառել նախնական կալանք: Ո’չ դիմումատուն և ո’չ էլ նրա ընտանիքը չեն տեղեկացվել այս որոշումների մասին, իսկ քննչական մարմինը ոչ մի միջոց չի ձեռնարկել նրանց տեղեկացնելու` մինչև դիմումատուին ձերբակալելը 2002թ. սեպտեմբերին:
2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի նկատմամբ ուժի մեջ մտավ Կոնվենցիան:


3. Դիմումատուի ձերբակալումը և դատը

2002թ. սեպտեմբերի 4-ին, մինչ դիմումատուն գտնվում էր իր աշխատավայրում, ոստիկանության երկու աշխատակիցներ այցելելեն նրա տուն և հայտնել ծնողներին, որ նա հետախուզվողների ցուցակում է և հարցրել են նրա գտնվելու վայրը:

2002թ. սեպտեմբերի 5-ին ոստիկանության աշխատակիցները վերադարձել են և դիմումատուին ուղեկցել տեղի ոստիկանության բաժանմունք, որտեղ կազմել են արձանագրություն այն մասին, որ դիմումատուն կամովին հանձնվել էր: Դրանում նշվում էր, որ դիմումատուն, պարզելով, որ գտնվում է հետախուզման մեջ, որոշել էր ներկայանալ ոստիկանության բաժանմունք: Նույն օրը դիմումատուին տեղափոխել են Նուբարաշենի կալանավայր:

2002թ. սեպտեմբերի 9-ին քննչական մարմինը վերսկսեց քրեական գործով վարույթը դիմումատուի նկատմամբ:

2002թ. սեպտեմբերի 11-ին դիմումատուին առաջին անգամ առաջադրվեց 2001թ. հոկտեմբերի 1-ի մեղադրանքը: Նույն օրվա հարցաքննության ժամանակ դիմումատուն հայտարարեց, որ ինքը գիտակցաբար հրաժարվում է զինվորական ծառայությունից իր կրոնական հայացքների պատճառով, սակայն պատրաստ էր դրա փոխարեն կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
Նույն օրը դիմումատուին և նրա պաշտպանին թույլատրվեց ծանոթանալ գործի նյութերին: 2003թ. սեպտեմբերի 18-ին ավարտվեց մեղադրական եզրակացության կազմելը, իսկ 2002թ. սեպտեմբերի 23-ին այն հաստատվեց դատախազի կողմից:

2002թ. հոկտեմբերի 22-ին սկսվեց դիմումատուի դատը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատարանում: Դատը հետաձգվեց մինչև 2002թ. հոկտեմբերի 28-ը, քանի որ մեղադրական եզրակացությունը չէր ուղարկվել դիմումատուին:

2002թ. հոկտեմբերի 28-ի դատաքննության ժամանակ դիմումատուն կատարեց նույն հայտարարությունները, ինչ հարցաքննության ժամանակ: Նույն օրը Էրեբունի և Նուբարաշենի համայնքների դատարանը դիմումատուին առաջադրված մեղադրանքը հայտարարեց հիմնավոր և նրան դատապարտեց մեկ տարի և վեց ամիս բանտարկության:

2002թ. նոյեմբերի 29-ին դատախազը բերեց վերաքննիչ բողոք այս դատավճռի դեմ, որով պահանջեց նշանակել ավելի խիստ պատիժ: Վերաքննիչ բողոքում նշված էր.

«[Դիմումատուն] չի ընդունել իր մեղքը, բացատրելով, որ հրաժարվել է [զինվորական ծառայությունից], քանի որ ուսումնասիրել է Աստվածաշունչը, և որպես Եհովայի վկա, իր հավատքը թույլ չի տալիս Հայաստանի զինված ուժերում ծառայել:

Դիմումատուն ֆիզիկապես պիտանի է և չի աշխատում:

Կարծում եմ, որ դատարանը նշանակել է ակնհայտորեն մեղմ պատիժ և հաշվի չի առել հանցանքի սոցիալապես վտանգավոր լինելու աստիճանը, [դիմումատուի] անձը և դիմումատուի կողմից [զինվորական] ծառայությունից խուսափելու համար ներկայացված պատճառների անհիմն և վտանգավոր լինելը»:
2002թ. դեկտեմբերի 19-ին դիմումատուի պաշտպանը ներկայացրեց առարկություններ` ի պատասխան դատախազի բողոքի, որում պնդում էր, որ կայացված վճռով խախտվել էր դիմումատուի խղճի և կրոնի ազատության իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրության 23-րդ հոդվածով, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով և այլ միջազգային ակտերով: Նա այնուհետև պնդում էր, որ այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքի բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ այն անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ովքեր իրենց հավատքի պատճառով հրաժարվում են զինվորական ծառայությունից:

2002թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատաքննության ժամանակ դատախազը պնդեց, inter alia, որպեսզի ավելի խիստ պատիժ նշանակվի նաև այն հիմքով, որ դիմումատուն խուսափել էր քննությունից: Դիմումատուն նշում է, որ վերաքննիչ դատարանի դատաքննության ժամանակ նրա նկատմամբ դրսևորվել էր ճնշում, որպեսզի նա հրաժարվեր իր կրոնական հայացքներից` կապված զինվորական ծառայության հետ. և’ դատախազը, և’ դատավորներից մեկը առաջարկել էին գործը կարճել, եթե ինքը դադարեցներ առարկությունները և համաձայնվեր կատարել իր զինվորական պարտքը:
Նույն օրը Վերաքննիչ դատարանը որոշեց ընդունել դատախազի բողոքը և նշանակված պատժի չափը երկարացրեց մինչև երկու և կես տարի, հայտարարելով հետևյալը.

«[Դիմումատուին] դատապարտելիս, առաջին ատյանի դատարանը հաշվի էր առել այն հանգամանքը, որ [դիմումատուն] չէր կատարել ծանր հանցանք, որ նա երիտասարդ էր, նախկինում հանցանք չէր կատարել, խոստովանել էր իր մեղքը, ակտիվորեն օգնել էր հանցանքը բացահայտելու համար և զղճում էր կատարած հանցանքի համար:

Սակայն, վերաքննիչ վարույթի ընթացքում պարզվեց որ [դիմումատուն] ոչ միայն չի ընդունում իր մեղքը, այլ նաև չի զղճում կատարած հանցանքի համար, նա ոչ միայն չէր օգնել հանցանքը բացահայտելու համար, այլ նաև թաքնվել էր նախաքննությունից և նրա գտնվելու վայրը մնում էր անհայտ, որի համար էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հիմնվելով այս հանգամանքների վրա, ինչպես նաև հաշվի առնելով հանցանքի բնույթը, շարժառիթները և սոցիալապես վտանգավոր լինելու աստիճանը, Վերաքննիչ դատարանը կարծում է, որ դատախազի բողոքը պետք է ընդունել և [դիմումատուի] նկատմամբ նշանակել ավելի խիստ և համապատասխան պատիժ»:
Չճշգրտված օրը դիմումատուի պաշտպանը ներկայացրեց վճռաբեկ բողոք ընդդեմ այս դատավճռի, որում ներկայացրեց փաստարկներ՝ նման այն փաստարկներին, որոնք ներկայացվել էին 2002թ. դեկտեմբերի 19-ի առարկություններում: Նա կրկնեց, որ դիմումատուն ցանկանում էր կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն և նշեց, որ երկու և կես տարի բանտում անցկացնելու փոխարեն դիմումատուն կարող էր կատարել սոցիալապես օգտակար աշխատանք:

Ըստ նրա, նման հնարավորություն սահմանված էր Զինապարտության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով: Ավելին, նա պնդում էր, որ այլընտրանքային ծառայության մասին սկզբունքը արտահայտված էր նաև Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում և որ պատշաճ կիրառական մեխանիզմների բացակայությունից չպետք է տուժեր դիմումատուն:

2003թ. հունվարի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանն ուժի մեջ թողեց Վերաքննիչ դատարանի վճիռը, գտնելով, inter alia , որ Սահմանադրության 23-րդ հոդվածով սահմանված իրավունքները ենթակա էին սահմանափակման Սահմանադրության 44-րդ հոդվածով` ինչպես օրինակ պետական անվտանգության, հանրային անվտանգության և հասարակական կարգի պահպանման շահերից ելնելով: Նման սահմանափակումներ սահմանված էին նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետով:
2003թ. հուլիսի 22-ին դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց` կրելով պատժի 10 ու կես ամիսը:

Կողմերի պնդումները և Դատարանի որոշումը
1. Ներպետական միջոցները չսպառելու մասով

Կառավարությույնը պնդում է, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները: Ըստ Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1(գ) կետի, քաղաքացին կարող է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կառավարության որոշմամբ: Այլ կերպ ասած, քաղաքացին կարող է դիմել կառավարությանը զինվորական ծառայությունից ազատվելու համար, որը Դիմումատուն չի արել: Դրա փոխարեն, նա դիմել է իշխանություններին, ինչպես օրինակ Գլխավոր դատախազին, զինկոմիսարին և Ազգային ժողովի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին, որոնք իրավունք չունեին քաղաքացուն ազատել զինվորական ծառայությունից:

Դիմողը պնդում է, որ սպառել էր ներպետական բոլոր արդյունավետ միջոցները` իր դատապարտման դեմ բողոքարկելով Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան: Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1(գ) կետը չի կարող համարվել արդյունավետ միջոց: Այս հոդվածի հիմքով ներկայացված դիմումը կհանդիսանար <վերադասին բերված բողոք, որն, ըստ էության, ավելին չէր, քան վերադաս մարմնին ներկայացված մի տեղեկություն` առաջարկելով կիրառել իր լիազորությունները, եթե վերջինս գտնում էր, որ իրավասու էր դա անել>:

Կառավարությունը չի ներկայացրել որևէ որոշում կամ օրինակ, որպեսզի հիմնավորեր այս հոդվածի, որպես պաշտպանության միջոցի բավարար և արդյունավետ լինելը: Ո’չ այս հոդվածը, և ո’չ էլ որևէ այլ իրավական ակտ տվյալ ժամանակահատվածում չէր ընդգրկում որևէ դրույթ, որի համաձայն անհատ քաղաքացիները պետք է դիմեին կառավարությանը զինվորական ծառայությունից ազատվելու համար: Զինվորական ծառայությունից ազատվելու թույլտվություն տալը ենթակա էր կառավարության բացարձակ հայեցողությանը` այն առանց ժամանակային սահմանափակման էր և դատական որոշումների սովորական վերադասության մաս չէր կազմում, որը բաց էր դիմումատուի համար: Ավելին, կառավարությունը չուներ ոչ մի պարտավորություն քաղաքացիներից ներկայացված որևէ նման պահանջ քննել, և ոչ էլ պարտավոր էր դրանց պատասխանել:

Դատարանը նկատում է, որ պարզ չէ, թե զինվորական ծառայությունից ազատվելու համար կառավարությանը ներկայացվող դիմումը, համաձայն Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի, որը, նույնիսկ ըստ Կառավարության, չի տրամադրում ծառայությունից ազատվելու հիմք որպես Եհովահի վկայի (տե’ս ստորև), ինչպես կարող էր դիմումատուին պաշպանության հնարավորություն տալ ընդդեմ իր դատապարտման: Ինչ վերաբերվում է դատապարտմանը, Դատարանը գտնում է, որ դիմումատուն սպառել է բոլոր արդյունավետ միջոցները Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիմքով բերված գանգատի շրջանակներում` բողոքարկելով դատապարտումը վերադաս դատական այն մարմիններին, որոնք իրավասու էին քննել նրա բողոքները: Հետևաբար, կառավարության փաստարկները ՝ միջոցները չսպառելու վերաբերյալ, պետք է մերժվեն:

2. Համոզմունքից հետ կանգնելուն հարկադրելու մասին

Դիմողը պնդում է, որ քրեական հետապնդման հիմնական նպատակը կայանում էր կրոնական համոզմունքներից և համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու գաղափարից հետ կանգնելուն հարկադրելը, իսկ վարույթը իրականացվել էր այնպես, որպեսզի իրեն հարկադրեին միանալ Հայ առաքելական եկեղեցուն:

Դատարանը գտնում է, որ դիմողի դեմ վարույթը չէր հետապնդում այլ նպատակ, քան Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված նորմերի կիրառումը, որը նախատեսում է պատիժ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Այն փաստը, որ դատավորներից մեկը առաջարկել էր կարճել դիմողի դեմ հարուցված քրեական գործը, եթե նա համաձայնվեր կատարել իր զինվորական պարտականությունը, չի կարող դիտվել որպես դիմողի վրա գործադրված ճնշում կրոնական համոզմունքներից հրաժարվելու համար: Ոչ էլ կարելի է նման ճնշման արտահայտում գտնել Վերաքննիչ դատարանի դատավճռի մեջ: Սա նշանակում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:

3. Խտրական վերաբերմունքի մասին

Դիմողը պնդում է, որ ենթարկվել է խտրականության իր կրոնական համոզմունքների պատճառով` հղում անելով դատախազի այն հայտարարության վրա, որը վերաբերվում էր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների անհիմն և վտանգավոր լինելուն:

Նա այնուհետև նույն հոդվածի ներքո գանգատվում է, որ պետությունը շարունակում է Եհովայի վկաներ համարվող և զինվորական ծառայությունից հրաժարվող երիտասարդ արական սեռի ներկայացուցիչներին, այդ թվում նաև իրեն, վերաբերվել որպես լուրջ հանցագործների` անկախ այն հանգամանքից, որ նրանց իրավիճակը զգալիորեն տարբերվում է այն անձանցից, որոնց կողմից կատարված հանցանքը պատժվում է ազատազրկմամբ կամ, նույնիսկ, զինվորական ծառայությունից խուսափող սովորական անձանցից:

Պետությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժող անձանց, այդ թվում նաև իր, քրեական հետապնդումը բացառելու համար` չնայած այն պարտավորություններին, որ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս, ինչպես նաև ներում շնորհելու Նախագահի լիազորությանը և Զինապարտության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (գ) կետով և 16-րդ հոդվածի 2-րդ կետով զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու համար Վարչապետին տրված լիազորությանը:

Դատարանը նկատում է, որ դիմողը տվյալ գործով բողոքներ է ներկայացրել Քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանին և Վճռաբեկ դատարանին, սակայն իր հայցերի մեջ չի նշել ենթադրյալ խտրականության մասին հարցը: Սրանից հետևում է, որ դիմողը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և որ դիմումի այս մասը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

4. Կոնվենցիայի 5(3) հոդվածի հիմքով կալանավորման մասին որոշումն 2001թ. հոկտեմբերի 2-ին ընդունվել էր իր բացակայությամբ և որոշումն ընդունելու պահին իրեն չեն տարել դատավորի մոտ:

5. Կոնվենցիայի 5(3) հոդվածի հիմքով երբ կալանավորվել է 2002թ. սեպտեմբերի 5-ին, նույնպես չի տարվել դատավորի մոտ:

6. Կոնվենցիայի 5(4) հոդվածի հիմքով հնարավորություն չի ունեցել բողոքարկել 2001թ. հոկտեմբերի 2-ի որոշման դեմ, քանի որ այդ մասին իրեն տեղյակ չեն պահել:

Վերը նշված երեք պնդումների կապակցությամբ Դատարանը որոշել է, որ կարող է գործը քննության ընդունել միայն վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում կամ երբ դիմողը գանգատվում է շարունակվող իրավիճակից և այն օրվանից, երբ այդ իրավիճակն ավարտվել է (տե’ս, օրինակ, Պապոնն ընդդ Ֆրանսիայի (թիվ 1), (որոշում), թիվ 64666/01, ՄԻԵԴ 2001-VI):

Դատարանը նկատում է, որ դիմումատուի գանգատը 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ)կետի և 3-րդ և 4-րդ մասերի ներքո վերաբերվում է նախնական կալանքին: Դատարանը հիշում է, սակայն, որ կալանքի ժամկետի ավարտը այն օրն է, երբ որոշվում է մեղադրանքը` նույնիսկ եթե որոշվում է առաջին ատյանի դատարանի կողմից (տե’ս, որպես դասական օրինակ, Վեմհոֆֆն ընդդ Գերմանիայի , 1968թ. հունիսի 27-ի դատավճիռը, Շարք Ա, թիվ 7, կետ 9):

Տվյալ գործով դիմումատուի մեղադրանքը որոշվել է 2002թ. հոկտեմբերի 28-ին առաջին ատյանի դատարանում, որից ավելի քան վեց ամիս է անցել, մինչ 2003թ. հուլիսի 22-ին Դատարանին այս դիմումը ներկայացնելը: Սա նշանակում է, որ դիմումի այս մասը ներկայացվել է ժամկետից ուշ և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

7. Չուներ փոխատուցման կիրառելի իրավունք անօրինական կալանքի դեմ
Դատարանը նկատում է, որ դիմողի կալանքը ներպետական դատարանների կողմից երբեք չի համարվել անօրինական: Ոչ էլ Դատարանն է ի վիճակի նրա կալանքի օրինականության մասին որոշում կայացնել` վերոնշյալ պատճառներից ելնելով: Նման հանգամանքներում դիմողը չի կարող գանգատվել, որ անօրինական կալանքի համար փոխհատուցման իրավունքի ենթադրյալ խախտումի զոհ է:
Սա նշանակում է, որ դիմումի այս մասը չի համապատասխանում ratione personae [չափանիշին] և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ներքո:

8. Կոնվենցիայի 6(1) հոդվածի հիմքով մեղադրանքի առաջադրումն արվել է միտումնավոր ձգձգումներով, որպեսզի ինքը հնարավորություն չունենա օգտվել 2001թ. հունիսի 12-ի համաներման ակտից:
Դատարանը իրավասու չէ քննության առնել տվյալ դիմումի այն մասը, որը վերաբերվում է մեղադրանք ներկայացնելու հանգամանքներին, քանի որ դրանք վերաբերվում են դեպքերի, որոնք տեղի են ունեցել 2001թ. հունիս և օգոստոս ամիսների միջև` մինչև Կոնվենցիայի վավերացումը: Սա նշանակում է, որ դիմումի այս մասը ratione temporis հիմքով անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով և պետք է մերժվի ըստ 35-րդ հոդվածի 4-րդ մասի:

9. Կոնվենցիայի 6(3)(ա) հոդվածի հիմքով անհապաղ չի տեղեկացվել իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին:

10. Կոնվենցիայի 6(1) հոդվածի հիմքով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու անհիմն որոշումը և իր կողմից հանցանք գործելու համար չզղճալը հիմք են հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից պատիժը խստացնելու համար:

Վերը նշված երկու պնդումների կապակցությամբ Դատարանը որոշել է, Դիմողը չի ներկայացրել այս գանգատներից որևէ մեկը Վճռաբեկ դատարանին ներկայացված իր բողոքի մեջ: Սա նշանակում է, որ դիմողը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և դիմումի այս մասը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9 ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

11. Ընդունելիության մասին հարցը
Կառավարությունը պնդում է, որ տեղի չի ունեցել միջամտություն: Սահմանադրության հանաձայն, դիմողը պարտավոր է կատարել զինվորական ծառայություն: Այս կանոնի բացառությունները, որոնք թվարկված են Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում, չեն ներառում այնպիսի հիմքեր, ինչպիսիք այն է, որ նա հանդիսանում է Եհովայի վկա: Այսպիսով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը օրենսդրությամբ չսահմանված հիմքով հավասարության և ոչ խտրականության սկզբունքի խախտում է:
Բացի այդ, համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու իրավունքը երաշխավորված չէ 9-րդ հոդվածով կամ Կոնվենցիայի մեկ այլ դրույթով և որ Պայմանավորվող կողմերին չի արգելվում պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր հրաժարվում են զինվորական ծառայությունից: Ավելին, Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետը գերակա չէ 9-րդ հոդվածի երաշխիքների նկատմամբ:

Դիմողը պնդում է, որ Դատարանը պետք է վերանայի իր նախադեպային իրավունքը և սահմանի, որ 4-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետը գերակայում է 9-րդ հոդվածի երաշխիքների նկատմամբ` իրավունքի զարգացման և եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ներկայիս պրակտիկայի լույսի ներքո, որոնց մեծամասնությունը ճանաչել է համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու իրավունքը: Եթե Դատարանի վերանայի իր 10 տարվա վաղեմության նախադեպային իրավունքը, ապա միջամտության և խախտման փաստերը կհաստատվեն:

Դատարանը որոշեց միացնել 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը գործի էության հետ և դրանք քննել միասին` դիմումը հայտարարելով ընդունելի 9-րդ հոդվածի հիմքով:

12. Ըստ էության

Կառավարության պնդումները

1. Սահմանադրության հանաձայն, դիմողը պարտավոր է կատարել զինվորական ծառայություն: Այս կանոնի բացառությունները, որոնք թվարկված են Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում, չեն ներառում այնպիսի հիմքեր, ինչպիսիք այն է, որ նա հանդիսանում է Եհովայի վկա: Այսպիսով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը օրենսդրությամբ չսահմանված հիմքով հավասարության և ոչ խտրականության սկզբունքի խախտում է:

2. Դիմողը ՀՀ քաղաքացի է և հավասարապես ենթարկվում է իր իրավունքների և ազատությունների սահմանափակումներին և պարտականություններին, որոնք սահմանված են բոլոր ՀՀ քաղաքացիների համար օրենքով` անկախ համոզմունքներից: Զինվորական ծառայությունը այդ պարտականություններից մեկն է: Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են բացառություններ այդ պարտականությունից, որոնք չեն ներառում այնպիսի հիմքեր, ինչպիսիք է Եհովայի վկա լինելը: Այսպիսով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը օրենսդրությամբ չսահմանված հիմքով հավասարության և ոչ խտրականության սկզբունքի խախտում է:

3. Սահմանադրության սահմանված պարտականության կատարումը չի կարող համարվել դիմողի իրավունքների միջամտություն, քանի որ այդ պարտականությունը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա` անկախ համոզմունքներից: Ըստ Վալսամիսի գործով վճռի, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը չի սահմանում այնպիսի կարգապահական կանոններից զերծ մնալու իրավունք, որոնք կիրառելի են համընդհանուր կերպով և չեզոք կերպով: Ավելին, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով կամ Կոնվենցիայի որևէ այլ հոդվածով սահմանված չէ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու իրավունք: Հետևաբար, տեղի չի ունեցել իրավունքների միջամտություն:

4. Կառավարությունը ընդունում է, որ Կոնվենցիան «կենդանի» իրավական փաստաթուղթ է և որ այն պետք է մեկնաբանվի ներկա օրվա լույսի ներքո: Սակայն, հարցը, թե արդյոք Կոնվենցիայի այս կամ այն հոդվածը կիրառելի է տվյալ գործի նկատմամբ, պետք է որոշվի Կոնվենցիայի դրույթների այն մեկնաբանության հիման վրա, որն ընդունվել է գործի փաստերի հիմքում ընկած իրադարձությունների տեղի ունենալու ժամանակահատվածում: Այս առումով, Դիմողը դատապարտվել է 2001-2002 թվականների ընթացքում և այդ ժամանակահատվածում դատապարտումը համապատասխանում էր միջազգային հանրության մոտեցումներին: Ըստ այդ մոտեցումների, 9-րդ հոդվածը չէր տրամադրում հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք և նրանց դատապարտումն անօրինական չէր: Ոչ էլ 9-րդ հոդվածը զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է տալիս հավատքի, քաղաքական հայացքների կամ այլ հիմքերով:

5. Նույնիսկ թեև Հյուդենսի և Պիտերսի գործով վճիռները կայացվել են տասը տարի առաջ, դրանք Դատարանի վերջին վճիռներն են եղել և այդ վճիռներից հետո Դատարանն այլ վճիռներ չի կայացրել, որոնց մեջ հանգեր այլ եզրակացության: Նույնիսկ իր վերջին որոշումներում Դատարանը չի համարել, որ 9-րդ հոդվածը կիրառելի է նման գործերով:

6. Thlimmmenos v. Greece գործում Դատարանը հրաժարվեց քննել 9-րդ հոդվածի կիրառության հարցը հավատքի հիմքով անձի դատապարտման և հետագայում իշխանությունների կողմից նրան հաշվապահի պաշտոնում նշանակելուց հրաժարվելու փաստեր նկատմամբ: Ավելին, Դատարանը քննության չառավ, թե արդյոք հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձի նկատմամբ պատժամիջոց կիրառելը կարող էր ինքնին խախտել 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը:

7. Վերը նշվածից բխում է, որ մինչև այժմ, և առավել ևս սույն գործի փաստերի հիմքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, հավատքի հիմքով զինծառայությունից հրաժարվելը ճանաչված չի որպես 9-րդ հոդվածով ճանաչված նյութական իրավունք: Հետևաբար, ՀՀ իշխանությունները գործել են Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

8. Հաշվի առնելով հաստատված նախադեպային իրավունքը, հնարավոր չէր անցյալում կանխատեսել 9-րդ հոդվածի նոր մեկնաբանություն և հետևաբար ՀՀ-ն չէր կարող իրենց գործողությունները համապատասխանեցնել «նոր մոտեցումներին»:

9. Կոնվենցիայի որպես «կենդանի գործիք» լինելու սկզբունքից չի բխում, որ տվյալ դեպքում պետք է փոխել Դատարանի մոտեցումը 9-րդ հոդվածի կիրառելիության հարցի առնչությամբ:

10. Ներկայումս կան 58 գրանցված կրոնական կազմակերպություններ, այդ թվում Եհովայի վկաները, կրոնական կազմակերպությունների ինը ճյուղեր և մեկ գործակալություն: Եթե յուրաքանչյուրը պնդի, որ իրավունք ունի ազատվել զինվորական ծառայությունից հավատքի հիմքով, կստեղծվի մի իրավիճակ, երբ ոչ միայն Եհովայի վկաները, այլ նաև բոլոր կազմակերպությունները կարող են նման պնդում ներկայացնել:

11. Սահմանադրությունը սահմանում է երեք պարտավորություն. զինվորական ծառայություն, հարկերի վճարում և օրենքի նկատմամբ հարգանք: Եհովայի վկաները կարող են հավասարապես պնդել, որ հարկերի վճարումը դեմ է իրենց համոզմունքներին և որ պետությունը չի կարող նրանց դատապարտել հարկեր չվճարելու համար, քանի որ կհամարվի 9 հոդվածի խախտում: Նման մոտեցումն անթույլատրելի է, քանի որ անձը, ով չի ուզում ծառայել բանակում, կարող է դառնալ կրոնական կազմակերպության անդամ: Հետևաբար, կրոնը չի կարող հիմք հանդիսանալ բանակում ծառայելուց խուսափելու համար:

12. 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքը: Այսինքն, ներկայումս հավատքի հիմքով զինվ. ծառայությունից հրաժարվող անձինք դատապարտվում են միայն, եթե հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից:

13. Ինչ վերաբերում է հավատքի հիմքով անձանց ներում տալուն, ապա իշխանությունները կատարել են համապատասխան քայլեր. դիմողին պայմանական վաղաժամկետ ազատելով: Դատապարտվելով երկու տարի և վեց ամիս ժամկետով, դիմողը ազատվել է վճռաբեկ դատարանի որոշումից վեց ամիս անց:

Դիմողի պնդումները

14. Դիմողը հղում է անում ԵԽԽՎ թիվ 1518 հանձնարարականի վրա այն հիմքով, որ բանակում ծառայելուց հրաժարվելը իր կրոնական հայացքների արտահայտում է:

15. Կառավարությունը հիմնվում է տասը տարվա վաղեմության նախադեպի վրա` հաշվի չառնելով 9-րդ հոդվածով սահմանված իրավունքի աստիճանաբար տարածմանը և դրա` ԵԽ պետություններում սովորույթային պրակտիկա դառնալու փաստին` ինչպես նշված է ԵԽԽՎ 1518 հանձնարարականում:

16. Այս իրավունքը նաև նշված է ԵՄ Սահմանադրության Հաստատման Համաձայնագրում

17. Հաշվի առնելով «կենդանի փաստաթուղթ» դոկտրինան, Դատարանից խնդրում է շեղվել իր նախադեպային իրավունքից և սահմանել նոր նախադեպային իրավունք, որով Կոնվենցիայի 4(3)(բ) դրույթը կգերակայի 9-րդ հոդվածին իրավունքի զարգացման էվոլյուցիայի ներքո և հաշվի առնելով ԵԽ անդամ պետություններում զարգացող պրակտիկան, որի մեծամասնությունը ճանաչել է հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:

18. Կրոնական հայացքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի կայանալու փաստը երևում է նաև այն հանգամանքից, որ դա ընկած է ԵԽ ներկա քաղաքականության հիմքում, որը որպես նախապայման է սահմանում այս իրավունքի ընդունումը պետության կողմից ԵԽ անդամ դառնալու համար:

19. Ինչ վերաբերում է պետության պատճառաբանություններին «կենդանի փաստաթուղթ» սկզբունքի վերաբերյալ, ապա պետությունը դրանով արհամարում է ներկա պայմանների առկայությունը ԵԽ անդամ պետություններում: Նման մեկնաբանությամբ «սառեցվում» է Կոնվենցիայի իրավունքները և այդ իրավունքների էվոլյուցիոն մեկնաբանությունը: Ինքը Հայաստանն այդ իրավունքն ընդունել է ԵԽ անդամ դառնալիս: Թիվ 221 Կարծիքից երևում է, որ ՀՀ-ն տեղյակ էր այս իրավունքի համար ներկայացված պահանջներից և այդ իրավունքի առումով ընդունված ԵԽ այլ փաստաթղթերից: ԵԽ անդամ դառնալիս ՀՀ-ն հավաստիացրել է ԵԽ-ին, որ միջոցներ ձեռք կառնի այս պահանջին համապատասխանելու համար «հավատքի հիմքով զինվ. ծառայությունից հրաժարվելու համար դատապարտված բոլոր անձանց ներում տալու» միջոցով: Սա արվել է «ներկա պահի պայմաններից» ելնելով, որը գոյություն ուներ ԵԽ-ում 2000 թվականին: Հետևաբար, կառավարության այն պնդումը, որ չէր կարող կանխատեսել 9-րդ հոդվածի նոր մեկնաբանության հնարավորությունը, ապակողմնորոշող է:

20. Ինչ վերաբերում է կառավարության պնդմանը հարկեր չվճարելու մասին, ապա այդ օրինակը կիրառելի չէ այս գործով, քանի որ ի տարբերություն հավատքի հիմքով զինծառայությունից հրաժարվելու իրավունքի, հավատքի հիմքով հարկեր չվճարելու իրավունքը չի կարելի ասել, որ տարածաշրջանի մասշտաբով հաստատված պրակտիկա է, որը դարձել է պարտադիր նորմ ԵԽ անդամ նոր պետությունների նկատմամբ:

21. Իրավունքներին միջամտությունը օրենքով սահմանված կարգով չի եղել, քանի որ դատապարտումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային պարտավորություններին և միջազգային և ներպետական իրավունքի այլ նորմերին: Այն չէր հետապնդում իրավաչափ նպատակ, քանի էր 9-րդ հոդվածի 2-րդ մասով չեն սահմանվում սահմանափակումներ ազգային անվտանգության հիմքերով: Ինչ վերաբերում է հանրային անվտանգությանը և հանրային կարգ ու կանոնը պահպանելուն, ներպետական դատարանները ոչ մի փորձ չեն արել բացատրելու համար, թե իր դատապարտումը ինչով էր պայմանավորված նշված նպատակներով:

22. Հաշվի առնելով ԵԽ անդամ պետություններում արդեն սովորույթ դարձած պրակտիկան, իր դատապարտումը հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ միայն մի քանի երկրներում է, որ դեռ չի ընդունվել այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք, չի կարող անհրաժեշտ համարվել ժողովրդավարական երկրներում: ՀՀ-ն ճանաչել է այդ իրավունքը, երբ ընդունվելով ԵԽ անդամ երկրների շարքը, պարտավորություն է վերցրել չբանտարկել զինծառայությունից հրաժարված անձանց` նույնիսկ իր կողմից մինչև այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը:

23. Ինչ վերաբերվում է այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք ընդունելուն, ապա դա չի ունեցել ուղղակի ազդեցություն սույն գործի վրա, քանի որ դա ընդունվել է սույն գործի հանգամանքներից հետո: Տվյալ ժամանակահատվածում դիմողը չի ունեցել հնարավորություն օգտվելու այլընտրանքային ծառայությունից: Ավելին, այլընտրանքային զիվորական ծառայությունը գտնվում էր զինված ուժերի հսկողության տակ: Հետևաբար, իսկական զինվորական ծառայությունը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, գոյություն չունի: Դա հաստատվել է վերջերս ԵԽԽՎ-ի թիվ 1532 բանաձևով: Ներկայումս 64 Եհովայի վկաներ բանտարկված են: Իսկ ինչ վերաբերում է կառավարության այն պնդումին, որ իրեն ազատ են արձակել, ապա նա օգտվել է վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից, և ոչ թե ազատ է արձակվել ներման միջոցով: Ընդհակառակը, նա բանտարկված է մնացել տասը ամիս և տասնյոթ օր մինչև վաղաժամկետ ազատ արձակվելը:

Դատարանի որոշումը

24. Նախ, Դատարանը որոշեց ի մի բերել իր նախադեպային իրավունքը այս հարցով: Առաջին որոշումներից մեկը եղել է X-ն ընդդեմ Ավստրայի գործով վճիռը, որով Դատարանը որոշեց, որ 9-րդ հոդվածը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև Կոնվենցիայի 4(3)(բ) հոդվածը, որը նշում է, որ այդ հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝ «բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»: Այս դրույթից հստակորեն երևում է, որ ներառելով «իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը» արտահայտությունը, ընտրության իրավունքը տրամադրվել էր անդամ պետություններին, որպեսզի նրանք որոշեն ճանաչել թե ոչ հավատքի հիմքով զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, իսկ այդ իրավունքը ճանաչելու դեպքում` այդպիսի անձնանց տրամադրել այլընտանքային ծառայության հնարավորություն: Այս հիմքով Դատարանը դեռ վաղ նախադեպերում գտավ, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, 4(3)(բ) հոդվածի համակցությամբ, չի պարտավորեցնում պետություններին ճանաչել հավատքի հիմքով պարտադիր զինծառայությունից հրաժարվելու իրավունք և, հետևաբար, չի պարտավորեցնում, որպեսզի պետությունները հատուկ միջոցներ կիրառեն նման մարդկանց համար, որպեսզի իրենք կարողանան օգտվել իրենց հավատքի ազատության իրավունքից: Հետևաբար, այս հոդվածը պետությունների վրա պարտավորություն չի դնում ճանաչել հավատքի հիմքով զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և ապահովել այդ իրավունքը զինծառայությունից հրաժարվող անձանց համար:

25. Հետագայում այս մոտեցումը հաստատվել է այլ նախադեպերով (1977-1991թթ. ընդունված մի շարք վճիռներով): Thlimmenos v. Greece գործում Դատարանը հրաժարվեց քննել, թե արդյոք զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու համար անձին դատապարտելը և հետագայում նրան հաշվապահի պաշտոնում աշխատանքի չվերցնելը հանդիսանում էր 9-րդ հոդվածի իրավունքի միջամտություն: Ulke v. Turkey գործում, որը նույնպես վերաբերում էր զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու հիմքով մի քանի անգամ դատապարտելուն, Դատարանը հրաժարվեց քննել 9-րդ հոդվածի միջամտության հարցը: Դրա փոխարեն, Դատարանը գործը քննեց 3-րդ հոդվածի հիմքով` նվաստացնող վերաբերմունք:

26. Դատարանը չի մերժում, որ ԵԽ անդամ պետությունների մեծ մասի կողմից ընդունվել են օրենքներ, որոնցով սահմանվել են տարբեր տեսակի այլընտրանքային ծառայության տեսակներ հավատքի հիմքով պարտադիր զինծառայությունից խուսափող անձանց համար: Սակայն, միևնույն ժամանակ Դատարանը չի կարող հաշվի չառնել 4(3)(բ) հոդվածը, որով անդամ պետությունների հայեցողությանն է թողնված այս իրավունքի ճանաչման հարցը: Այն փաստը, որ անդամ պետությունների մեծ մասի կողմից այս իրավունքը ճանաչվել է, չի կարող հիմք հանդիսանալ որոշելու համար, որ տվյալ պետությունը խախտել է Կոնվենցիան: Այս գործոնը չի կարող հիմք հանդիսանալ Կոնվենցիայի այս դրույթի էվոլյուցիոն մեկնաբանման համար: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, մեկնաբանելով 4(3)(բ) հոդվածի լույսի ներքո, չի երաշխավորում հավատքի հիմքով պարտադիր զինծառայությունից հրաժարվելու իրավունք:

27. Դատարանը նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում հավատքի հիմքով պարտադիր զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչված չէր ՀՀ-ի կողմից: Մյուս կողմից, ՀՀ-ն պաշտոնապես պարտավորություն էր վերցրել արտաքին աշխարհի առջև պաշտոնապես ճանաչել այդ իրավունքը, իսկ մինչև այդ իրավունքի ճանաչումը` ներում շնորհել դատապարտված անձանց` նրանց հնարավորություն տալով օրենքի ընդունման դեպքում կատարել այլընտրանքային զինվորական ծառայություն: Դատարանը չի կասկածում, որ դիմողի կողմից զինվորական ծառայությունից հրաժարվելը կատարվել էր նրա իսկական համոզմունքներից ելնելով և ընդունում է, որ այն փաստը, որ Հայաստանի կողմից արտաքին աշխարհին կատարված հայտարարությունը կարող էր դիմողի մոտ իրավաչափ սպասելիքներ առաջացնել, որ իրեն թույլ կտրվեր կատարել այլընտրանքային զինվորական ծառայություն օրենքի ընդունումից հետո` բանտարկության ժամկետը կրելու փոխարեն:

Այդուհանդերձ, հաշվի առնելով 63-րդ կետում արված եզրակացությունը (որ 9-րդ հոդվածը չի երաշխավորում հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք), Դատարանը կարծում է, որ չի կարելի սահմանել, որ ՀՀ ներպետական մարմինները գործել են Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների խախտումով, երբ դատապարտել են դիմողին զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

28. Դատարանը նաև հաշվի է առնում այն փաստը, որ ՀՀ-ն արդեն ընդունել է այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք և, հետևաբար, ճանաչել է հավատքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Սակայն Դատարանը գտնում է, որ այդ օրենքը էության և դրա կիրառության եղանակի մասին պնդումներն ընկած են այս դիմումի շրջանակներից դուրս:

29. Հետևաբար, 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 23459/03)
ՎՃԻՌ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7 հուլիս 2011

Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով`

Jean-Paul Costa, Նախագահ,
Christos Rozakis, Nicolas Bratza, Peer Lorenzen, Françoise Tulkens, Nina Vajić, Lech Garlicki,Alvina Gyulumyan, Dean Spielmann, Renate Jaeger, Sverre Erik Jebens, Päivi Hirvelä, Mirjana Lazarova Trajkovska, Ledi Bianku, Mihai Poalelungi, Nebojša Vuini Guido Raimondi դատավորներ և Vincent Berger, Իրավագետ
2010թ. նոյեմբերի 24-ին և 2011թ. հունիսի 1-ին կայացած դռնփակ նիստերում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2011թ. հունիսի 1-ին:

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Գործը սկիզբ է առել 2003թ. հուլիսի 22-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի պրն. Վահան Բայաթյանի («դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 23459/03 գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացնում էին Ջորջթաունում (Կանադա) գործող փաստաբան պրն. Ջ.Մ. Բարնսը, Պաթերսոնում (ԱՄՆ) գործող փաստաբան պրն. Ա. Քարբոնին, Երևանում գործող փաստաբան պրն. Ռ. Խաչատրյանը, ինչպես նաև Սավոյի և Ժնևի համալսարանների իրավագիտության պրոֆեսոր պրն. Պ. Մուզնին: ՀՀ կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուի ներկայացմամբ` բանակում ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտումը խախտել է մտքի, խղճի և կրոնի ազատության իր իրավունքը:

4. Դիմումատուի գործը հանձնարարվել էր Դատարանի Երրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52§1): 2006թ. դեկտեմբերի 12-ին այդ Բաժանմունքի Պալատը հետևյալ կազմով` Boštjan M. Zupančič, որպես Նախագահ, John Hedigan, Corneliu Bîrsan, Vladimiro Zagrebelsky, Alvina Gyulumyan, David Thór Björgvinsson, Isabelle Berro-Lefèvre, որպես դատավորներ, ինչպես նաև Vincent Berger, որպես Բաժանմունքի Քարտուղար, հայտարարեց դիմումատուի գանգատը մասնակի ընդունելի: 2009թ. հոկտեմբերի 27-ին Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով` Josep Casadevall, որպես Նախագահ, Elisabet Fura, Corneliu Bîrsan, Boštjan M. Zupančič, Alvina Gyulumyan, Egbert Myjer, Ann Power, որպես դատավորներ, ինչպես նաև Stanley Naismith, որպես Բաժանմունքի քարտուղարի տեղակալ, կայացրեց վճիռ, որով, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ ընդունեց, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Վճռին կից ներկայացվեցին դատավոր Fura-ի համընկնող և դատավոր Power-ի չհամընկնող կարծիքները:

5. 2010թ. մայիսի 10-ին, հիմք ընդունելով դիմումատուի կողմից 2010թ. հունվարի 25-ին ներկայացրած պահանջը, Մեծ Պալատի հանձնախումբը որոշեց Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն գործը հանձնել Մեծ Պալատին:

6. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին և Դատարանի Կանոնակարգի 24-րդ Կանոնին համապատասխան:

7. Դիմումատուն և Կառավարությունը ներկայացրեցին գրավոր առարկություններ: Ի լրումն ներկայացվեցին նաև Դատարանի նախագահի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված կազմակերպությունների (Միջազգային Համաներում (Amnesty International), Խղճի և Խաղաղության Հարկ միջազգային կազմակերպություն (Conscience and Peace Tax International), Խորհրդատվության հարցերով Ընկերների Համաշխարհային Կոմիտե (Quakers), Իրավաբանների Միջազգային Հանձնաժողով (International Commission of Jurists), Պատերազմի Հակառակորդներ միջազգային կազմակերպություն (War Resisters’ International), ինչպես նաև Եհովայի Քրիստոնյա Վկաների Եվրոպական Ասոցիացիա) գրավոր դիտարկումները (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Կանոն 44 § 3):

8. 2010թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի ունեցավ հրապարակային նիստ (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`

(ա) Կառավարության անունից`
պրն. Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆ, ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ
պրն. Է. ԲԱԲԱՅԱՆ, ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ
(բ) դիմումատուի անունից`
պրն. Ա. ՔԱՐԲՈՆԻ, փաստաբան, պրն. Պ. ՄՈՒԶՆԻ, փաստաբան, պրն. Վ. ԲԱՅԱԹՅԱՆ, դիմումատու:
Դատարանը լսեց պրն. Քարբոնիի, պրն. Մուզնիի և պրն. Կոստանյանի դիրքորոշումները և իր անդամների կողմից տրված հարցերի պատասխանները:

ՓԱՍՏԵՐԸ

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

9. Դիմումատուն ծնվել է 1983թ., ապրում է Երևան քաղաքում:

Ա. Գործի նախապատմությունը

10. Դիմումատուն հանդիսանում է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ: 1997թ. նա հաճախել է այդ կազմակերպության տարբեր կրոնական ծառայություններ, իսկ 1999թ. սեպտեմբերի 18-ին` 16 տարեկանում, մկրտվել է:

11. 2000թ. հունվարի 16-ին էրեբունի համայնքի զինվորական կոմիսարիատում դիմումատուն հաշվառվեց որպես զինապարտ:

12. 2001թ. հունվարի 16-ին դիմումատուն` 17 տարեկանում, ենթարկվեց բժշկական զննության, որի արդյունքում ճանաչվեց զինվորական ծառայության համար պիտանի: Զինվորական ծառայության անցնելու համար դիմումատուն պետք է զորակոչվեր 2001թ. գարնանը (ապրիլ-հունիս):

13. 2001թ. ապրիլի 1-ին, մինչ զորակոչվելը, դիմումատուն նույնաբովանդակ նամակներ ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարին և ՀՀ ազգային ժողովին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողով, որում նշեց.
«Ես, Վահան Բայաթյանս, ծնվել եմ 1983թ. ուզում եմ Ձեզ հայտնել, որ ես 1996թ.-ից ուսումնասիրում եմ Աստվածաշունչը և դաստիարակելով խիղճս ըստ Աստվածաշնչի` Եսայա 2:4 խոսքերի հիման վրա, գիտակցաբար հրաժարվում եմ զինվորական ծառայություն կատարելուց: Դրա հետ մեկտեղ հայտնում եմ իմ պատրաստակամությունը կատարելու քաղաքացիական այլընտրանքային ծառայություն, զին. ծառայության փոխարեն»:

14. Մայիսի սկզբին դիմումատուի տուն ծանուցում ուղարկվեց` ժամկետային զինվորական ծառայության մեկնելու նպատակով 2001թ. մայիսի 15-ին զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջով: 2001թ. մայիսի 14-ին Էրեբունի համայնքի զինվորական կոմիսարիատի աշխատակիցը զանգահարեց դիմումատուի տուն և հարցրեց դիմումատուի մորը հաջորդ օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու դիմումատուի իրազեկության մասին:
Նույն օրը երեկոյան դիմումատուն ժամանակավոր հեռացավ տանից` զինվորական ծառայության իրեն բռնի ուժով տանելու մտավախությունից ելնելով:

15. 2001թ. մայիսի 15-ին և 16-ին զինվորական կոմիսարիատի աշխատակիցները զանգահարեցին դիմումատուի մորը և պահանջեցին հայտնել դիմումատուի գտնվելու վայրը: Նրանք սպառնացին, որ կամովին չներկայանալու դեպքում դիմումատուն բռնի կերպով կտարվի զինվորական ծառայության: 2001թ. մայիսի 17-ին վաղ առավոտյան զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին դիմումատուի տուն: Նրա ծնողները դեռ քնած էին և հրաժարվեցին բացել դուռը: Նույն օրը դիմումատուի մայրը գնաց զինվորական կոմիսարիատ և հայտնեց, որ դիմումատուն հեռացել է տանից և ինքը տեղյակ չէ, թե երբ է վերադառնալու: Ըստ դիմումատուի, զինվորական կոմիսարիատն իր ընտանիքի հետ կապ հաստատելու հետագա քայլեր այլևս չձեռնարկեց:

16. 2001թ. մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը պատասխանեց դիմումատուի 2001թ. ապրիլի 1-ի նամակին.

«… Ձեր դիմումի առթիվ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն … յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի ընդունվել այլընտրանքային ծառայության մասին օրենք, Ձեզ անհրաժեշտ է ենթարկվել գործող օրենքին և ծառայել ՀՀ բանակում»:

17. 2001թ. հունիսի առաջին կեսին դիմումատուն վերադարձավ տուն, որտեղ ապրեց մինչև 2002թ. սեպտեմբերի ձերբակալումը:

18. 2001թ. հունիսի 12-ին Ազգային ժողովը հայտարարեց ընդհանուր համաներում, որը տարածվեց միայն այն անձանց վրա, որոնք հանցանք էին կատարել մինչև 2001թ. հունիսի 11-ը և ուժի մեջ էր մինչև 2001թ. սեպտեմբերի 13-ը:

Բ. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը

19. 2001թ. հունիսի 26-ին Էրեբունի համայնքի զինկոմիսարը գրություն ուղարկեց Էրեբունի համայնքի դատախազին հայտնելով, որ դիմումատուն 2001թ. մայիսի 15-ին չի ներկայացել զորակոչի` գիտակցաբար խուսափելով ժամկետային զինվորական ծառայությունից:

20. 2001թ. հուլիսին և օգոստոսի 1-ին դիմումատուն հոր և փաստաբանի հետ մի քանի անգամ գնում է համայնքի դատախազություն` քննիչից իրավիճակը պարզելու և առաջիկա դատաքննությունը քննարկելու համար:

21. 2001թ. օգոստոսի 1-ին Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի ներքո քննիչը հարուցեց քրեական գործ` դիմումատուի կողմից ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Ըստ դիմումատուի` վերադաս դատախազը հրաժարվեց հաստատել իր դեմ ներկայացված մեղադրանքը մինչև հետագա քննության իրականացումը: 2001թ. օգոստոսի 8-ին դիմումատուն, ով ցանկանում էր օգտվել վերոնշյալ համաներումից, ներկայացրեց բողոք ՀՀ գլխավոր դատախազություն: Իր բողոքի վերաբերյալ նա չստացավ պատասխան:

22. 2001թ. հոկտեմբերի 1-ին քննիչը դիմումատուի վերաբերյալ կայացրեց հինգ որոշում` (1) Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի ներքո դիմումատուին զորակոչից խուսափելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, (2) դիմումատուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, (3) նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, (4) դիմումատուի հաղորդագրությունները վերահսկելու թույլատրության համար, (5) մինչև դիմումատուին հայտնաբերելը` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Այս վերջին որոշման համաձայն`

« … նկատի ունենալով, որ … երկամսյա ժամկետում հետախուզվողին [դիմումատու] ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հնարավոր չի եղել հայտնաբերել և նրա գտնվելու վայրը պարզված չէ … [անհրաժեշտ է] կասեցնել … վարույթը և … ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ»:

23. Այս որոշումների մասին դիմումատուն և իր ընտանիքը տեղեկացված չեն եղել, չնայած այն հանգամանքին, որ 2001թ. հունվարի կեսից դիմումատուն ապրել է հայրական տանը և 2001թ. հուլիս-օգոստոս ամիսներին նա մի քանի առիթներով հանդիպել է քննիչին:

24. 2001թ. հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը թույլատրեց դիմումատուի հաղորդակցության միջոցների վերահսկումը և նրա կալանավորումը: Նշված որոշումների վերաբերյալ դիմումատուն և իր ընտանիքը տեղեկացված չեն եղել, իսկ մինչև 2002թ. սեպտեմբերին դիմումատուին կալանավորելը քննիչը նրանց հետ կապ հաստատելու որևէ փորձ չի արել:

25. 2002թ. ապրիլի 26-ին Կոնվենցիան Հայաստանի նկատմամբ ուժի մեջ մտավ:

Գ. Դիմումատուի ձերբակալումը և դատաքննությունը

26. 2002թ. սեպտեմբերի 4-ին, մինչ դիմումատուն գտնվում էր աշխատանքի վայրում, ոստիկանության երկու աշխատակիցներ այցելում են դիմումատուի տուն, հայտնում են ծնողներին, որ նա ներառված է հետախուզվողների ցուցակում և հետաքրքրվում են նրա գտնվելու վայրի մասին:

27. 2002թ. սեպտեմբերի 5-ին ոստիկանության աշխատակիցները վերադարձան և ուղեկցեցին դիմումատուին ոստիկանության բաժանմունք, որտեղ կազմեցին դիմումատուի ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն, որում նշվեց, որ դիմումատուն տեղեկանալով իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին, որոշեց ներկայանալ ոստիկանության բաժանմունք: Նույն օրը դիմումատուն տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

28. 2002թ. սեպտեմբերի 9-ին իրավապահ մարմինները վերսկսեցին դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի կասեցված վարույթը:

29. 2002թ. սեպտեմբերի 11-ին դիմումատուին առաջին անգամ ներկայացվեց 2001թ. հոկտեմբերի 1-ի մեղադրական եզրակացությունը (տես վերը` պարբ. 22): Նույն օրը հարցաքննության ժամանակ դիմումատուն նշեց, որ իր կրոնական համոզմունքներից ելնելով գիտակցաբար հրաժարվել է զինվորական ծառայությունից, սակայն պատրաստ է կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

30. Նույն օրը դիմումատուին և իր պաշտպանին հնարավորություն տրվեց ծանոթանալ գործի նյութերին: Վերջնական մեղադրական եզրակացությունը կազմվեց 2002թ. սեպտեմբերի 18-ին և դատախազի կողմից հաստատվեց 2002թ. սեպտեմբերի 23-ին:

31. Դատաքննությունը նշանակված էր 2002թ. հոկտեմբերի 22- ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում: Դատաքննությունը հետաձգվեց մինչև 2002թ. հոկտեմբերի 28-ը, քանի որ դիմումատուին չէր տրվել մեղադրական եզրակացության պատճենը:

32. 2002թ. հոկտեմբերի 28-ին դատաքննության ընթացքում դիմումատուն կրկնեց նախկինում հարցաքննության ընթացքում տված իր ցուցմունքները (տես վերը` պարբ. 29):

33. Նույն օրը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը դիմումատուին մեղավոր ճանաչեց և դատապարտեց մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման:

34. 2002թ. նոյեմբերի 29-ին դատախազը բողոքարկեց այս դատավճիռը, պահանջելով ավելի խիստ պատիժ: Բողոքում նշված էր.

«Դիմումատուն իրեն մեղավոր չի ճանաչել և [զինվորական] ծառայությունից խուսափելը բացատրել է նրանով, որ ուսումնասիրելով Աստվածաշունչը և որպես Եհովայի վկա իր հավատքը թույլ չի տալիս ծառայել ՀՀ զինված ուժերում»: [Դիմումատուն] ֆիզիկապես առողջ է և չի աշխատում: Գտնում եմ, որ դատարանը նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, նկատի չի ունեցել արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, [դիմումատուին] բնութագրող հատկանիշները, [զինվորական] ծառայությունից [դիմումատուի] հրաժարվելու ակնհայտ անհիմն և վտանգավոր պատճառաբանությունները»:

35. 2002թ. դեկտեմբերի 19-ին դիմումատուի փաստաբանը ներկայացրեց առարկություններ, պնդելով, որ կայացված դատավճիռը խախտում է Սահմանադրության 23-րդ և Կոնվենցիայի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերով երաշխավորված խղճի և կրոնի ազատության իրավունքը: Այնուհետև նա նշեց, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքի բացակայությունը չի կարող արդարացում համարվել անձին կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկել:
36. 2002թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում նիստի ընթացքում դատախազը, մասնավորապես, պահանջեց նշանակել ավելի խիստ պատիժ, քանի որ դիմումատուն թաքնվել էր նախաքննությունից: Ըստ դիմումատուի` վերաքննիչ նիստի ընթացքում նրա վրա ճնշում էր գործադրվել, որպեսզի նա հրաժարվի զինվորական ծառայության հետ կապված իր կրոնական համոզմունքներից, մասնավորապես, դատախազը և դատավորներից մեկն առաջարկեցին գործը կարճել, եթե նա հրաժարվի իր որոշումից և համաձայնվի կատարել իր զինվորական պարտքը:

37. Նույն օրը վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել դատախազի վերաքննիչ
բողոքը և խստացրեց պատիժը` դատապարտելով դիմումատուին ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով: Վճռում նշված էր.
«Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ [դիմումատուն] կատարել է ոչ ծանր հանցագործություն, երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, մեղայականով է ներկայացել, ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը, անկեղծորեն զղջացել է:

Սակայն վերաքննիչ դատարանի դատաքննությամբ հաստատվեց, որ [դիմումատուն] ոչ միայն իրեն մեղավոր չի ճանաչում, այլև չի զղջում կատարվածի համար, ոչ միայն չի աջակցել հանցագործության բացահայտմանը, այլև թաքնվել է նախաքննությունից, հայտնի չի եղել նրա գտնվելու վայրը, որի կապակցությամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս հանգամանքներից ելնելով և հաշվի առնելով նաև արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, բնույթն ու շարժառիթները, վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրողի բողոքը պետք է բավարարել և [դիմումատուի] նկատմամբ նշանակված պատժաչափը պետք է խստացնել, նշանակելով համաչափ պատիժ»:

38. Դիմումատուի փաստաբանը սույն դատավճռի դեմ վճռաբեկ բողոք բերեց, որում նրա կողմից նշված փաստարկները նույնական էին 2002թ. դեկտեմբերի 19-ին ներկայացված առարկություններում արված փաստարկներին (տես վերը` պարբ. 35):

Նա ևս մեկ անգամ հաստատեց այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու դիմումատուի պատրաստակամությունը, նշելով որ երկու տարի վեց ամիս քրեակատարողական հիմնարկում անցկացնելու փոխարեն դիմումատուն կարող էր հանրօգուտ աշխատանք կատարել: Նա նշեց, որ նման հնարավորություն նախատեսված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով (տես ստորև` պարբ. 43): Ավելին, նրա պնդմամբ այլընտրանքային ծառայության սկզբունքը նախատեսված է եղել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով (տես ստորև` պարբ. 44) և դրա պատշաճ կիրառման մեխանիզմի բացակայության համար չի կարելի մեղադրել իրեն:

39. 2003թ. հունվարի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց վերաքննիչ դատարանի վճիռը, գտնելով, մասնավորապես, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է պետական ու հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման համար (տես ստորև` պարբ. 41): Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ևս նախատեսված են նման սահմանափակումներ:

40. 2003թ. հուլիսի 22-ին դիմումատուն նշանակված պատժից տաս ու կես ամիս կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: