Սինտոիզմ
Սինտոիզմը (ճապ. սինտո` աստվածների ուղի) ճապոնացիների ազգային կրոնը։ Ճապոնիայի ժողովրդի ազգային կրոնն է և իր ամբողջության մեջ ամփոփում է ճապոնացիների անցած ուղին, ազգային ավանդույթները, ծեսերն ու տոնախմբությունները, կենցաղն ու հավատալիքները: Այն նաև յուրահատուկ բարոյաէթիկական համակարգ է, որով դարեր շարունակ դաստիարակվել են ճապոնացիների սերունդները: Նրանք ծննդյան օրվանից պատկանում են այս կրոն-ավանդույթին:
Կյանքի ընթացքում մեկ այլ կրոնական ուղղություն ընտրելու հնարավորություն ունեն և շատերն իրենց նախապատվությունը տալիս են բուդդիզմին: Այս իրողությունը ևս վկայում է սինտոիզմի յուրահատուկ բնույթի մասին: Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ամաթերասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։
1868 թ. սինտոիզմը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։ Սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդն են այն ժամանակների, երբ մարդիկ հավատում էին բնության ուժերին, տանը, գետերում, սարերում, ծառերի մեջ բնակվող ոգիների գոյությանը։
Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնության օրենքների համաձայն՝ պահպանելով հանդերձ հասարակական օրենքները»։ Սինտոիստական պաշտանմունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք տարբեր են եղել Ճապոնիայի տարբեր շրջաններում։