Հետ գնալ

Լամայականություն

Լամայականություն – բուդդայականության հիմնական

ուղղություններից է, որն ի հայտ եկել 7-րդ դարում

Տիբեթում մահայանայի և վաջրայանայի (բուդդայական

թանթրիզմ) ներթափանցման ու տիբեթցիների տեղական

կրոնի (բոն-պո) հետ միաձուլման արդյունքում:

Այն տարածված է Տիբեթում, Մոնղոլիայում, Բուտանում,

Նեպալում: Անվանումը առաջացել է լամա-վանական կամ

քուրմ բառից, որը վաջրայանա բուդդիզմի

այս տեսակում գլխավոր կերպարն է:

Լամայականությունը մահայանայից է վերցրել իր հիմնական

ուսմունքը, կրոնափիլիսոփայական տեքստերը, պալիական կանոնը

և որոշակիորեն նաև պանթեոնը: Տիբեթական բուդդիզմը կենտրոնը

դարձավ վանական մենաստանը՝ լամայի գլխավորությամբ հիերարխիկ

կառույցը: Ծիսական գործողությունները լամայականության հիմնական

նպատակն էին, որով նրանք ցանկանում էին դուրս գալ

վերածնությունների անվերջանալի շղթայից: Հավատացյալի համար գլխավորը

դհարմայի իրագործման միջոցով ծառայությունների կուտակումն է, սանգհի

պաշտամունքը, մեղքերի թողության համար աղոթքների կատարումը:

Ծիսական գործողությունները բազմաբնույթ էին, օգտագործվում էին

սրբապատկերներ, երաժշտական գործիքներ, Գանժուր և Տանջուր

կանոնական տեքստերը, որոնք ուղեկցում էին առավել հայտնի

աստվածությունների նկարներով, որոնցից են

բուդդա Շակիամունին, բիդիսատվաները, Պադմադամբհավան,

հիմնադիր լամաները:

Լամայականության մեջ գլխավորը վանականը Դալայ-Լաման է,

որը հանդիսանում է Տիբեթի հոգևոր ու քաղաքական առաջնորդը:

Չինաստանի կողմից Տիբեթի բռնակցումից հետո Դալայ-Լաման բնակվում է

Հնդկաստանի Դհարմասալա քաղաքում և մեծ ազդեցություն չունի

Տիբեթի ներքին կյանքի վրա: Ներկայիս Դալայ լաման հրաժարվել է

քաղաքական առաջնորդությունից և «Արտաքսման մեջ գտնվող Տիբեթի

կառավարությունը» 2011թ.-ին ընտրել է վարչապետ, որի սիմվոլիկ

իշխանությունը տարածվում է միայն տիբեթյան սփյուռքի վրա:

Բուդդայականություն – համաշխարհային երեք կրոններից մեկն է, որը ծագել է Հնդկաստանի հյուսիսում ք.ա. առաջին հազարմյակի կեսերին: Ավելի ուշ շրջանում այն տարածվել է հարավարևելյան, կենտրոնական Ասիայի ու հեռավոր արևելքի երկրներում: Բուդդայականությունը հիմնվել է Սիթհարտա Գաուտամայի քարոզչության արդյունքում: Բուդդայականության ուսմունքը ամփոփված է չորս հիմնական սկզբունքների մեջ. ա) կյանքը տառապանք է, բ) տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը, գ) գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց, դ) գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։ Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին լքում է մարմինը և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Եթե մարդու կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝ թհերավադա («ավագների դպրոց») և մահայանան («մեծ մարտակառք»)։ Թհերավադան շեշտը դնում է առավելապես ճգնակյացության վրա, մինչդեռ մահայանան առավել լայն զանգվածներին հասու կրոնական ուղղություն է: Բուդդայականության ուղղություններից է նաև լամայականությունը, թանթրիզմը և այլն: