Հետ գնալ

Միակամություն

Միակամությունը քրիստոնեական վարդապետություն է, որի միջոցով բյուզանդական Հերակլ կայսրը փորձ կատարեց համերաշխություն հաստատել ներեկեղեցական ոլորտում միաբնակների ու երկբնակների միջև: Այս վարդապետության հեղինակներն են համարվում Թեոդորոս եպիսկոպոսը և Կոստանդնուպոլսի պատրիարք Սերգիոսը։ Միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։

Սրանով միակամները ցանկանում էին հաշտեցնել միաբնակներին և երկաբնակներին ու վերամիավորել պառակտված եկեղեցին։ 680 թ.-ի Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում քաղկեդոնական եկեղեցիները միակամությունը դիտեցին որպես միաբնակության մի նոր արտահայտություն և դատապարտեցին այն, որից հետո ընդունվեց Հիսուս Քրիստոսին երկու կամք, երկու բնություն և երկու ներգործություն վերագրող սկզբունքը։ Միակամության մերժումով ավելի խորացավ միաբնակ և երկաբնակ եկեղեցիների պառակտումը։