Լոգոս
Լոգոս (հուն.՝ logos – բան, խոսք, միտք, բանականություն)
– փիլիսոփայական տերմին, որ սկզբնապես նշանակում էր
համընդհանուր օրենք, աշխարհի հիմք: Առաջին անգամ
գործածության մեջ է դրել փիլիսոփա Հերակլիտը (ք.ա. 535-475),
իսկ հետագայում այն ավելի զարգացրեց Փիլոն Ալեքսանդրացին (ք.ա 20 – ք.հ. 50): Արիստոտելը լոգոսը հասկանում էր իբրև «հասկացողություն»
և «բանականություն», ստոիկները այն մեկնաբանում էին առավել
կրոնական իմաստով ու նրանց փիլիսոփայության մեջ այն դառնում է
աստվածային օրենք: Փիլոն Ալեքսանդրացին լոգոսը մեկնաբանում էր
որպես գաղափարների միասնություն, ստեղծագործ ուժ, որը միջնորդ է
աստծո և ստեղծված աշխարհի ու մարդկանց միջև: Լոգոսի գաղափարը
ներմուծվեց նաև քրիստոնեության մեջ ու դարձավ քրիստոնեական
դավանաբանության կենտրոնական գաղափարներից մեկը: Հիսուս
Քրիստոսը նույնացվեց Լոգոսին, որը քրիստոնեության մեջ հանդես է
գալիս որպես աստծո խոսք, բանականություն, որով արարվեց ողջ
գոյավորը: Նոր Կտակարանի Հովհանու ավետարանի հենց առաջին
խոսքերը վերաբերում են լոգոսի բացառիկ նշանակությանը
քրիստոնեության համար: