Հետ գնալ

Էկզեգետիկա

Էկզեգետիկա -աստվածաբանության մի բաժին է, որը զբաղվում է աստվածաշնչյան բնագրերի, հին ու նոր կտակարանների պատմությունների մեկնաբանությամբ: Յուրաքանչյուր դավանանք ունի իր յուրօրինակ էկզեգետիկան, որը օգտագործում է իրեն բնորոշ մեթոդների ամբողջությունը:

Աստվածաշնչյան էկզեգետիկան փորձում է վերլուծել ու հասկանալ Հիսուս Քրիստոսի տեղն ու դերը մարդկության պատմության մեջ և նույնիսկ բողոքական աստվածաբաններից Ռուդոլֆ Բուլտմանը առաջարկում էր Քրիստոսի կյանքի, մահվան, հարության պատմությունները ազատել ավելորդ լեգենդներից ու առասպելներից:

Էկզեգետիկայի առանձնահատկություններից է նաև այն, որ միւնույն տեքստը կամ պատմությունը տարբեր դպրոցների կամ մեթոդների կողմնակիցներ կարող են մեկնաբանել իրենց ուրույն ձևով, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների եկեղեցու ներսում:

Աստվածաբանություն (հուն.՝ theos – աստված, logos – ուսմունք, ուսմունք աստծո մասին) – աստծո, նրա հատկությունների, որակների, հատկանիշների մասին ուսմունքի համակարգված շարադրանքը, հիմնավորումը և պաշտպանությունը, այս կամ այն կրոնի սահմանված դավանանքի, կրոնական բարոյականության, հավատացյալների և հոգևորականության կյանքի կանոնների ու նորմերի ամբողջությունը: Քրիստոնեական աստվածաբանության հիմքերը դրվել են դեռևս առաջին դարերում, քանի որ, գնոստիկների ու այլ հոսանքների ազդեցությամբ, խնդիր առաջացավ հիմնավորել քրիստոնեական ճշմարտություններն ու հավտքի դրույթները: Նշանավոր աստվածաբաններից էին Որոգինեսը, Տերտուլիանոսը, Բարսեղ Մեծը, Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիազանցին, Օգոստինոսը և այլոք: Միջնադարում կաթոլիկ եկեղեցին իր աստվածաբանության մեջ սկսեց լայնորեն կիրառել փիլիսոփայական մոտեցումները ու փիլիսոփայությունը հռչակվեց «աստվածաբանության աղախին»: Յուրաքանչյուր կրոն ունի իր աստվածաբանական համակարգը: Աստվածաբանական համակարգը իր մեջ ներառում է տարբեր գիտական դիսցիպլիններ, որոնց շարքին են դասվում էկզեգետիկան, հերմենևտիկան, եկեղեցաբանությունը, եկեղեցական հնագիտությունը, հայրաբանությունը, եկեղեցու պատմությունը և այլն: