24 Հնվ Կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելը
Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի (34369/97)
Մեծ պալատի 06.04.2000 որոշումը
Յեհովայի վկա Պրն. Թլիմենոսը մեղադրվել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել: Այդ ժամանակաշրջանում Հունաստանը կրոնական և այլ համոզմունքների հիմքով ծառայությունից հրաժարվողներին այլընտրանքային ծառայություն չէր առաջարկում: Մի քանի տարի անց այս նույն մեղադրանքի պատճառով նա չի կարողացել նշանակվել արտոնագրված հաշվապահի պաշտոնին` չնայած տվյալ պաշտոնի համար սահմանված հանրային մրցույթում
բարձր միավորներ էր հավաքել:
Դատարանը արձանագրել է 14-րդ (խտրականության արգելում) և 9-րդ հոդվածների խախտում, նշելով, որ պրն. Թլիմենոսին արտոնագրված հաշվապահի պաշտոնից ազատելը անհամաչափ միջոց էր, քանի որ անձը արդեն կրել էր իր պատիժը
զինվորական ծառայությունից խուսափելու համար և այդ պատճառը չէր կարող վկայակոչվել նրան աշխատանքից ազատելու համար:
Բայաթյանն ընդդեմ Հայաստանի (23459/03)
Մեծ պալատի 07.07.2011-ի որոշում
Յեհովայի վկա պրն. Բայաթյանը 2001թ. զինակոչի ժամանակ կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվել է զինվորական ծառայություն կատարելուց, սակայն պատրաստ էր այլընտրանքային հասարակական աշխատանք կատարել:
Իշխանությունները նրան տեղեկացրել են, որ քանի որ Հայաստանում այլընտրանքային ծառայության մասին օրենք չկա, նա պարտավոր է ծառայել բանակում: Նա մեղադրվել է զինակոչից խուսափելու մեջ և բանտարկվել: Պրն. Բայաթյանը բողոքել է, որ իր դատապարտումը խախտում է 9-րդ հոդվածով սահմանված իրավունքները և նշել, որ հոդվածը պետք է մեկնաբանվի արդի իրավիճակի լույսի տակ, այն է` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնությունը արդեն ճանաչել է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:
Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում` հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բախվող շահերը համաձայնեցնելու համար արդյունավետ այլընտրանքներ կային, և որ պրն. Բայաթյանի դատապարտումը տեղի
է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանը խոստացել էր ներկայացնել այլընտրանքային ծառայություն:
Էրչեփն ընդդեմ Թուրքիայի
22.11.2011
Գործը վերաբերում է Յեհովայի վկայի կողմից կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելուն և այդ հիմքով նրա դատապարտմանը: Դատարանը արձանագրել է 9-րդ և 6-րդ (արդար դատաքննության իրավունք)
հոդվածների խախտում: Դատարանը Թուրքիային առաջարկել է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը կրող անձանց վերաբերյալ օրենք ընդունել և ամրագրել այլընտրանքային ծառայություն:
Sorry, the comment form is closed at this time.