30 Մրտ Վարդան Ջալոյան. Եկեղեցին և մաֆիան
Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով, ապա ավարտական փախհրաձգությունը տեղի կունենար կաթոլիկ տաճարում՝ իտալական մաֆիայի մասնակցությամբ: Այսօր կարելի է երևակայել մի ֆիլմ, որտեղ փոհրաձգության տեսարանը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում` հայկական մաֆիայի մասնակցությամբ:
Հայաստանցիներից շատերը, հատկապես լիբերալ մտավորականները, համոզված են, որ մաֆիան և եկեղեցին միասնական են: Այն, որ եկեղեցաշինությամբ զբաղվում են մաֆիոզիները և մաֆիոզատիպ օլիգարխները, հանրահայտ է: Կարծիք կա, որ Հայ առաքելական եկեղեցին իր գոյատևման համար ստիպված է համագործակցել մաֆիայի հետ: Բայց դա միայն թվում է և ընդամենը տեսական փաստարկ է: Կարծում եմ, այսօրվա կաթոլիկ եկեղեցու օրինակը համոզիչ հակափաստարկ է կարող համարվել:
Ամենակարևոր հակափաստարկն այն է, որ հովանավորչության, կոռուպցիայի և առհասարակ մաֆիայի ակունքներն ընկած են հասարակական մտածողության մեջ: Էդվարդ Բենֆիլդն իր դասական դարձած «Հետամնաց հասարակության բարոյական հիմքերը» հետազոտության մեջ ցույց է տվել, որ կոռուպցիան, այդ թվում նաև քաղաքական, և մաֆիան հետևանք են մի երևույթի, որը նա անվանում է «անբարոյական ֆեմիլիզմ»: Նման հասարակություններում մարդը չունի այլ ինքնություն, քան ընտանիքը: Նա ինչ-որ մեկի ամուսինն է, հայրը, եղբայրը, քեռին և այլն: Բոլոր նրանք, ովքեր ընտանեկան կապերից դուրս են, թափթփուկներ են: Հիմնական սոցիալական զգացմունքը կասկածամտությունն է և նախանձը: Մյուս կողմից ամեն մի ընտանիքի ղեկավար գիտի, որ մյուս ընտանիքները նախանձում են իրենց հաջողություններին և ցանկանում են վնասել: Նա պետք է զգուշանա և ջանա իր հերթին վնասել մրցակից ընտանիքներին: Ծանոթ պատկեր է, չէ՞. ամեն օր այս սցենարը կրկնվում է հայկական հեռուստասերիալներում:
Հարավային Իտալիայում սիցիլիական մաֆիայի և կալաբրիական Կոմոռայի դարավոր հենարանը եղել է կաթոլիկ եկեղեցին: Սակայն անցյալ դարի 80-ական թվականներին եկեղեցին որոշեց պայքարել մաֆիայի դեմ, այդ երևույթը դիտարկելով որպես հավատքը այլասերող երևույթ: Պայքարը ղեկավարեց Հիսուսի ուխտը՝ ճիզվիտները, հանձինս միաբանության ամենահեղինակավոր ինտելեկտուալներից մեկի՝ հայր Սորջե Բարթուլեմեոյի: Ինչո՞ւ ճիզվիտները: Դարեր շարունակ ճիզվիտները զբաղվել են կրթությամբ և եկեղեցու քարոզչությամբ: Խնդիր էր դրված փոխել մտածողության մշակույթը՝ մենթալիտետը: Իսկ դա համակարգված եղանակով միայն նրանք էին կարող կազմակերպել:
Մաֆիայի հիմքը հանրության մենթալիտետն է: Այն հիմնված է ազգային, ընտանեկան, ընկերական, կրոնական բարեպաշտության, հեղինակությունների հարգանքի արժեքներն աղավաղելու սկզբունքի վրա: Օրինակ, ընկերությունը վերածվում է «ախպերության», քաղաքացիական արժեքները`կրիմինալ աշխարհի Ճշտի և այլն: Մաֆիան չի գնում ընդդեմ հանրային կարգի, այն պարտադրում է կոռումպացված կարգի իր մակնաբանությունը, իր խաղի կանոնները և մաֆիոզիներին պետք չէ շփոթել քրեական հեղինակությունների հետ: Մաֆիայի անդամներն առաջին հերթին իրենց հանդեպ հանրային հարգանքի պահանջն են զգում, միայն դրանից հետո են վախի մթնոլորտ ձևավորում:
Ո՞րն է մեր մտածողության առանցքը: Առաջինը՝ դպրոցը: Ոչ թե ուսուցիչները, չնայած դա էլ կարևոր հանգամանք է, այլ՝ դասագրքերը, նրանց մեջ ամփոփված գաղափարախոսությունը: Հայաստանում դասագրքերը քարոզում են ազգային, ընտանիքի, ընկերության, կրոնական բարեպաշտության, հեղինակությունների հարգանքի արժեքներ, բայդ դրանց աղավաղված, մաֆիոզ տարբերակը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ դասագրքերի կազմումը գտնվում է «դասագրքերի մաֆիայի» ձեռքում, ինչպես ինձ հավատացնում էր դասագրքերի մրցույթին մասնակցած իմ ընկերը: Դասագրքերը շատ շահույթաբեր բիզնես է, այստեղից էլ նրանց անորակությունը, գաղափարական այլասերվածությունը:
Մտածողության մշակույթի ձևավորման մյուս կարևոր աղբյուրը ԶԼՄ-ներն են, հատկապես՝ հեռուստատեսությունը: Ինչպիսի՞ն է այն, արդեն ակնարկել ենք: Երրորդ հիմնասյունը կրոնն է: Այն ինչ արեց կաթոլիկ եկեղեցին Լատինական Ամերիկայում ժողովուրդներին բռնապետությունից ազատագրելու համար, հանրահայտ է: Պադրե Սորջեն համոզված է, որ Ավետարանը ժողովրդի համար օփիում չէ, այլ պայթյունավտանգ մի զենք, որը պայքարելու համար արիություն է ներշնչում: Իսկ Հայ առաքելական եկեղեցու կղերականների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ եկեղեցին իշխող ռեժիմի հանդեպ պետք է հնազանդություն քարոզի: Դա էլ Ավետարանի մաֆիոզական աղավաղումն է:
Ինչո՞ւ է Հայ եկեղեցին անհանդուրժող այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ և ինչո՞ւ այս հարցում իշխանությունը սատարում է եկեղեցու: Եկեղեցին չի ցանկանում ունենալ մրցակիցներ, իսկ իշխանությունը վախենում է այլ մտածողության ծննդից և իրեն խորթ արժեքային համակարգից, որը կարող է խաթարել այն մենթալիտետը, որի վրա հիմնված է իր իշխանությունը:
Ճիզվիտների իդեան կայանում էր նրանում, որ Պալերմոյում` Սիցիլիայի մայրաքաղաքում, երիտասարդության համար անհրաժեշտ է հիմնել քաղաքական դպրոց, որ պետք է պատրաստի ապագա քաղաքական գործիչներ, որոնք կկարողանան պայքարել մաֆիայի դեմ: Այստեղից դպրոցի կիրառական և պրակտիկ ուղղությունը: Ոչ մի կրոնական առարկա չէր դասավանդվում, բացի կաթոլիկ եկեղեցու սոցիալական ուսմունքից: 12 տարվա ընթացքում տրվեց ընդհամենը 500 դիպլոմ, բայց այդ շրջանավարտները կարողացան փոխել մտածողության մշակույթը, իսկ նրանցից մեկը դարձավ Պալերմոյի քաղաքապետ:
Խոսքը գնում է մի շատ պարզ մտքի՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին: Դրանով Հայաստանում զբաղված են բազմաթիվ ՀԿ-ներ, բայց արդյունքը նկատելի չէ, ինչպես ճիզվիտների դեպքում:
Բայց միայն ճիզվիտների մի փոքր խումբը չէր պայքարում մաֆիայի դեմ, այլ՝ ողջ իտալական եկեղեցին: Կարևոր նշանակություն ունեին Պապի հովվական այցելությունները Սիցիլիա և Պալերմոյի կարդինալի կտրուկ ելույթները մաֆիայի դեմ: Եվ մոտ հազար մաֆիոզիներ Պալերմոյի տաճարի առջև օրերով սպասում էին, որ իրենց վրայից հանվի բանադրանքը: Ինչո՞ւ, որովհետև առանց ավանդական արժեքների յուրօրինակ մեկնաբանության, մաֆիան կորցնում էր իր հենքը և վերածվում սովորական բանդայի, իսկ այդ արժեքներից ամենահիմնականը եկեղեցին է: Իզոր չէ, որ մաֆիայի դեկավարին անվանում են կնքահայր: Դա Աստծո անունով օրհնված հարաբերություններ են և Աստծո անունով էլ պատժում են «դավաճաններին»: Պատահական չի, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան վերնախավը միմյանց միջև ձևավորված հարաբերությունները օրհնում է եկեղեցու մասնակցությամբ և այդ կապերն ամրապնդվում են քավոր-սանիկական հարաբերություններով և այդ միջոցառումներին հաճախ է մասնակցում Սերժ Սարգսյանը:
Իտալիայում եկեղեցին հաղթեց ավանդական մաֆիային: Բայց մյուս մաֆիան` ժամանակակից և կրթված չինովնիկների մաֆիան, ինչպես նշում է պադրե Սորջեն, եկեղեցու համար անհասանելի է1: Ֆրանցիսկոս պապը բանադրել է մաֆիային և էլ ավելի մեծ եռանդով է պայքարում այդ երևույթի դեմ:
Եթե դպրոցը և ԲՈւՀ-ը չեն պատրաստում քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության համար պայքարողներ, ապա հեռուստատեսությունը բացահայտորեն քարոզում է «անբարոյական ֆեմիլիզմի» արժեքները; Եվ դա անում է ոչ միայն սերիալների միջոցով, այլ նաև՝ շոոու բիզնեսի: Եվ մաֆիան պարտքի տակ չի մնում: Խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև պետական պարգևների մասին՝ կոչումներ, շքանշաններ, գովազդ և այլն:
Այստեղ կարելի է հիշել Ֆրանկլին Ռուզվելտի օլիգարխների և մաֆիայի դեմ պայքարի փորձը: Մեծ Դեպրեսիայից հետո, անցյալ դարի 30-ական թվականներին Իտալական մաֆիան հաղթեց և իրեն ենթարկեց ոչ միայն հրեական և իռլանդական մաֆիաներին, այլ նաև՝ Հոլիվուդը:
Կինոընկերությունները սկսեցին զանգվածաբար թողարկել ֆիլմեր, որոնք փառաբանում էին մաֆիան, քրեականներին, օլիգարխներին և վարկաբեկող լույսի տակ ներկայացնում իրավապահներին, դատավորներին, դատախազներին: Այս անգամ նույնպես Հիսուսականների ուխտը` ճիզվիտները, այս երևույթի դեմ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները դիմադրություն կազմակերպեցին: Նրանք անցկացրեցին հետազոտություն և այն ներկայացրեցին 1933 թ. նորընտիր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Եկեղեցիներում հայտարարվեց, որ այդպիսի ֆիլմերը դեմ են ճշմարիտ հավատքին և հայրենասիրությանը, և որ այդպիսի ֆիլմերը հարկավոր է բոյկոտել: Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ միացան այս շարժմանը: Նախագահն անձամբ հանդիպեց Հոլիվուդի ղեկավարներին և սպառնաց ֆինանսական, քաղաքական և այլ պատժամիջոցներ, եթե նրանք չփոխեն իրենց քաղաքականությունը: Հոլիվուդը ստիպված էր տեղի տալ հասարակական և քաղաքական ճնշմանը:
Հայաստանում առկա կրոնական անհանդուրժողականությունն առաջին հերթին մենթալիտետի խնդիր է և միայն առաջին հայացքից է թվում, որ այն պայմանավորված է հավատքի մասին տարբեր պատկերացումների բախումով: Իրականում պայքարը մաֆիայի գոյության համար է, որը ներկայացվում է որպես ազգային ավանդույթ և որի հիմքը, ըստ Էդվարդ Բելֆիլդի, անբարոյական ֆեմիլիզմն է` ընտանիքի մասին այլասերված պատկերացումներ, կրոնական անհանդուրժողականություն, կանաց ստորադասումը տղամարդկանց …:
Հայ եկեղեցին վտանգված է քաղաքականության և գաղափարախոսության գայթակղությունների պատճառով
Վարդան Ջալոյան, մշակութաբան
Քրիստոնեությունը գաղափարախոսություն չէ. Այն ունիվերսալ ուսմունք է, վեր ամեն տեսակի կուսակցականությունից: Դա կարելէ տեսնել Նոր Կտակարանում, որտեղ նկարագրվում է առաքյալների վեճերը, որոնք հավատի և եկեղեցու խնդիրներում ունեին իրարամերժ գաղափարներ: Կարծում եմ, որ եկեղեցու և հավատի անկումը սկսվեց այն պահից, երբ եկեղեցին որդեգրեց հնազանդության քարոզը: Հայ առաքելական եկեղեցին արդեն 6-րդ դարում վերջնականապես որդեգրեց Սասանյան կայսերությանը հնազանդվելու քաղաքականությանը և հակադրվեց ազատագրական պայքարին: Հետո՝ 8-րդ դարում՝ Արաբական խալիֆաթին և ապա՝ մյուս նվաճողների մինչև Ռուսական ցարիզմը:
Բայց 19-րդ դարում եկեղեցուն սպասվում էր նոր փորձություն, որը կոչվում էր գաղափարախոսություն: Գաղափարախոսություն՝ իդեոլոգիա եզրը ստեղծել է Ֆրանսիական մեծ հեղափոխության և Նապոլեոնի ժամանակակից Դաստյուտ դե Տրասին(1754-1836)1: Դաստյուի դե Տրասին լուսավորական ռացիոնալիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ էր, որի Իդեոլոգիայի տեսությունը փաստորեն աշխարհիկ աստվածաբանություն էր: Գաղափարախոսությունը, այսպիսով, լրացնում և փոխարինում է կրոնական աշխարհայացքը և ունի իր սպասավորներ-քրմերը՝ մտավորականությունը:
Գաղափարախոսությունը կրկին քննարկման առարկա է դառնում Կառլ Մարքսի «Գերմանական գաղափարախոսություն»2 (1846) գրքի շնորհիվ, որտեղ ինչպես գաղափարախոսությունը, այնպես էլ կրոնը հայտարարվում են «կեղծ գիտակցության» ձևեր: Բայց գաղափարախոսությունների ազդեցությունը առավելագույնն էր 20-րդ դարում, հատկապես ամբողջատիրական վարչակարգերում: Ստալինիզմը, նացիզմը, ֆաշիզմը, նաև հայկական ցեղակրոնը միայն գաղափարախոսություններ չէին, այլ Էրիխ Ֆյոգելինի(1939) բնութագրմամբ «քաղաքական կրոններ»3:
Ըստ մարքսիստ փիլիսոփա Լուի Ալտյուսերի գաղափարախոսությունը «կանչ է»: Եթե դասակարգի կանչն է՝ կոմունիստական գաղափարախոսություն է, եթե ցեղի կանչն է՝ ռասիստական, եթե ռանչպարների կանչն է՝ հողի և այլն, բայց եթե Աստծո «կանչն է», ապա հավատ է:
Դեռ 1960 թ. Դանել Բելը հայտարարեց, որ Արևմուտքում այլևս գաղափարախոսություններ չկան: Եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, ապա, իհարկե, Արևմուտքում գաղափարախոսությունները չանհետացան, այլ փոխակերպվեցին: Նրանք, պարզապես, քաղաքական փիլիսոփայության ոլորտից տեղափոխվեցին սոցիոլոգիա և քաղաքական «փաստից» վերածվեցին սոցիալական փաստերի4: Դա պայմանավորված էր II Աշխարհամարտից հետո Արևմուտքի աշխարհիկացման ընթացքների ուժեղացման: Ինչպես կրոնը, այնպես էլ գաղափարախոսությունը պահանջում են հավատ, իսկ աշխարհիկացումը քայքայում է այդ հիմքը:
Այսպիսով, ոչ միայն կրոնն է իր աստվածաբանությամբ ազդել գաղափարախոսության վրա, այլ նաև՝ գաղափարախոսությունը կրոնի: Ըստ էության, ուղղափառ, կաթոլիկ կամ Հայ Առաքելական եկեղեցիներում գաղափարախոսությունն ավելի կարևոր է, քան՝ աստվածաբանությունը:
Գերմանական քաղաքական փիլիսոփա Կառլ Շմիդտը իր «Քաղաքական աստվածաբանություն» (1922, երկրորդ լրացված հրատարակությունը՝ 1933), որ գաղափարախոսության հիմքում ընկած է մարդու բնության մասին պատկերացումը, համարում է, որ մարդու բնույթը մեղսավոր է և մարդու ավերիչ բնազդները զսպելու համար անհրաժեշտ է հեղինակություն և ամուր իշխանություն: Լիբերալները մարդու բնույթը համարում են կամ բարի, կամ գոնե չեզոք և կարծում են է, որ չարիքը գալիս է հեղինակության և իշխանության չարաշահումից:
Եթե այս մոտեցումը կիրառենք աստվածաբանության վրա, ապա կտեսնենք, որ վաղ միջնադարում միաբնակների և երկբնակների միջև ընթացող վեճերի ժամանակ, միաբնակները պահպանողական են, որովհետև Քրիստոսի մեջ ստորադասում են մարդու բնությունը իսկ երկբնակներն մարդկային էությունը շեշտում են: Օրինակ. Այն ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցու կողմից երկբնակության համար նզովված Թեոդորոս Մոպսեստուացին (350 — 428) համարում էր, որ մարդը ունակ է բարոյական ինքնակատերելագործման առանց աստվածային միջամտության: Բայց այդ քրիստոսաբանական վեճերը դեռ գաղափարախոսություն չէին:
Գաղափարախոսություն նրանք դարձան Հուստինիանոս Մեծի ժամանակ, որը կայսերությունն ամրապնդելու համար աստվածաբանական բանավեճը սկսեց օգտագործել որպես իշխանության գործիք: Համարյա նույն ժամանակ, 554 թ. Դվինի երկրորդ ժողովը որոշեց հարեց միաբնակության մի ծայրահեղ աղանդի՝ աֆտարդոկետիզմին, որը պնդում էր, որ Քրիստոսի չարչարանքները մարդկանց թվացել են: Անշուշտ, այդ քայլը արվել էր քաղաքական նկատառումներով, Հայաստանում մինչ այդ աֆդարդոկետիստներ չեն եղել:
Գաղափարախոսությունները տարբերակվում են ըստ բացության և փակության: Փակ գաղափարախոսոււթյունները բացառող են, պահպանողական, բաց գաղափարախոսությունները ներառնող են, ընդունում են նորամուծությունները: Առաքյալների վիճում էին, թե արդյոք քրիստոնեությունը պետք է սահմանափակվի հրեական համայնքներով, թե քարոզվի բոլոր ժողովուրդների շրջանում: Հաղթեց երկրորդը՝ Պողոս առաքյալի տեսակետը, քանզի քրիստոնեությունը բաց ոււսմունք է, իսկ առաջին քրիստոնեաները նորարներ էին, որոնք իրենց անվանում էին նոր մարդիկ: Նկատենք, որ այդ վեճերում ամենապահպանողականը Ս. Հակոբոսի երուսաղեմյան համայնքն էր, իսկ Հայ առաքելական եկեղեցին 6-րդ դարից օրինակելի է համարում հենց Երուսաղեմի եկեղեցին: Դա բոլորովին չի վերաբերվում հայ ժողովրդին, որի զգալի հատվածը միջնադարում հարում էր պավլիկյան աղանդին, որը իրեն համարում էր Պողոս առաքյալի գաղափարները կրողը և տարածողը:
Մեկ այլ օրինակ: VI-րդ դարի սկզբում Հայ եկեղեցում տեղի է ունենում բանավեճ. Կարելի՞ է անբարոյական համարել այն կնոջը, որ մինչև ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել: Կղերականների մեծամասնությունը համարում էր, որ, այո՛, դա պոռնկություն է, բայց Ղազար Փարպեցին համարում էր, որ եթե այն սեր է, պոռնկություն չէ: Ս. Մալխասյանցը և բազմաթիվ այլ նշանավոր հայագետները նշել են Հայ եկեղեցում առկա պահպանողական և ազատական կուսակցությունների գոյությունը:
Եկեղեցին, համաձայն քրիստոնեական ունիվերսալիզմի, պետք է ընդգրկի իր մեջ և՛ պահպանողականությունը, և՛ լիբերալիզմը, խուսափի նրանց միջև ընտրություն կատարելուց, ինչը նշանակում է ընկնել գաղափարախոսության ծուղակը: Եկեղեցու ներկայությունը քաղաքական տարածությունում միշտ աղավաղել է նրա նպատակը և առաքելությունը. Դերիլ Հարտը գրում է. «Այնտեղ որտեղ քրիստոնեաներն իրենց հավատը օգտագործել են քաղաքական նպատակների համար, նրանք որպես կանոն աղավաղել են քրիստոնությունը»5:
Որպես դասական օրինակ կարող է ծառայել Կաթոլիկ եկեղեցու հակամոդեռնիստական ուսմունքը: Կաթոլիկ եկեղեցիվ լուսավորականության գաղափարների դեմ վարել է երկարատև պայքար, որ ավելի շատ պատերազմ է հիշեցնում: Հռոմեական հակամոդեռնիզմը դասական պահպանողական գաղափարախոսության օրինակ է, որը հանդես էր գալիս հասարակության արդիականացման դեմ, որի սկզբունքները ձևակերպվեցին Վատիկանի I համաժողովում: Հռոմեական հակամոդեռնիզմը Գաբրիել Այվազովսկու, մխիթարյանների միջոցներով մեծ ազդեցություն է գործել նաև Հայ առաքելական եկեղեցու վրա:
Արդիականացման հետ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հաշտվեց Վատիկանի II համաշողովում, որի միջև ընկած էր մի դարաշրջան, երբ եկեղեցին համագործակցում և աջակցում էր ամբողջատիրական և բռնապետական տարատեսակ վարչակարգերին:
XIX դարի վերջին Հայ առաքելական եկեղեցին դանդաղորեն ազատվում է պահպանողական գաղափարախոսությունից, որպեսզի ընկնի ազգայնական գաղափարախոսությունից ճորտական կախման մեջ: 1920-1990 թթ. Հայ առաքելական եկեղեցին Խորհրդային Միությունում ենթարկված էր կոմունիստական իշխանությանը, իսկ սփյուռքում այն միմյանց մեջ էին բաժանել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար-Ազատական կուսակցությունը: Եվ ինչպես կոմունիստները, դաշնակները ևս չէին խորշում իրենց կուսակցական նպատակների համար անգամ հոգևորականների սպանություններից: Այժմ, XXI-րդ դարում, Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու կոկորդին են նստել Հանրապետական կուսակցությունը և օլիգարխները:
Գաղափարախոսությունը տրոհում է եկեղեցին, իրար հակադրում ավանդապաշտ և առաջադիմական հավատացյալներին, պահպանողականներին և ազատականներին, ազգայնականներին և կոսմոպոլիտներին, ֆեմինիստներին և հակաֆեմինիստներին, և այլն: Եկեղեցին Հայաստանում իրեն նույնականացնում է պահպանողական գաղափարախոսությունների հետ և ազատական հոգևորականը դիտվում որպես աղանդավոր, ում հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես միջնադարում նման դեպքերում վարվում էր կաթոլիկ եկեղեցին, սակայ առանց խարույկներ վառելու: Եվ հակառակը, եթե պահպանողականը քարոզում է քրիստոնեության հետ անհամատեղելի գաղափարներ կամ գործում քրիստոնեության հետ անհամատեղելի արարքներ, դա նրան ներվում է:
Բայց ճիշտ է նաև հակառակը: Որոշ բողոքական եկեղեցիներ որդեգրեցին ազատական գաղափարներ, որոնք նույնպես նույն իրավիճակում հայտնվեցին:
Հայ առաքելական եկեղեցին, ինչպես շատ եկեղեցիներ, վտանգի մեջ է, բայց ոչ թե աշխարհիկացման և արդիականացման պատճառով, այլ՝ քաղաքականության և գաղափարախոսության բերած գայթակղությունների պատճառով, կղերականների տգիտության և նյութապաշտության պատճառով:
Sorry, the comment form is closed at this time.