Կոնֆուցիականություն

Կոնֆուցիականություն


Կոնֆուցիականություն – Հին Չինաստանում մտածող, փիլիսոփա Կոնֆուցիոսի (Կուն ցզի, Ք.ա. 551 - 479թթ.) և նրա հետևորդների փիլիսոփայական-բարոյական ուսմունք, որը արևմտյան գրականության մեջ կրոնի համարում ունի: Կոնֆուցիականություն եզրն առավելապես գործածում են արևմտյան հեղինակները,  Չինաստանում ուուսմունքն անվանում են «ժու ցզյաո»՝ լուսավորյալների ուսմունք: Կոնֆուցիականության աղբյուրը «Լուն-յույը» («Զրույցներ և դատողություններ») գրվել է Կոնֆուցիոսի հետևորդների կողմից: Համաձայն կոնֆուցիականության գաղափարախոսության՝  հասարակության մեջ գործում է ի վերուստ տրված «ժեն» օրենքը, և այդ օրենքը ընդունելու համար մարդը  պետք է պահպանի «լին»՝ հասարակական վարքի նորմերը, ավանդական ծեսերը:

Լինելով պետական պաշտոնյա՝ Կոնֆուցիոսը ձգտում էր ժողովրդին դաստիարակել գոյություն ունեցող կարգերը հարգելու ոգով ու զերծ պահել հասարակությանը  սոցիալական ցնցումներից: Կոնֆուցիականության համակարգում առանձին տեղ ունի պաշտամունքի հասնող հարգանքը նախնիների նկատմամբ։ Ամեն ընտանիք ուներ իր տաճարը, որտեղ տեղադրվում էին նախնիներին խորհրդանշող «չժու» աղյուսակները:

Ըստ Կոնֆուցիոսի՝  մարդկային գործունեության գնահատման հիմնական չափանիշը մարդասիրությունն է. «Մի արա մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ, և այդ ժամ թե՛ պետության մեջ, թե՛ ընտանիքում դու չես զգա թշնամանք քո հանդեպ»։ Մշակելով պետության բանական կառավարման գաղափարախոսությունը՝  նա համարում էր, որ պետությունը նույն ընտանիքն է՝ միայն շատ մեծ․ ուստի և դրանցում գործող սկզբունքները նույնն են։