Հետ գնալ

Բաբիզմ

Բաբիզմ (արաբ.՝ դարպաս) – 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շիրազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջնորդ աստծո և մարդկանց  միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բեյան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր
հայտնությունը նոր հայտնութենական գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլամում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմինները  ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը: