Լրագրողական փորձից

Գայանե Սարգսյան. «Երբ ասացի, որ երեխա ենք ունենալու, նա հրաժարվեց ինձնից էլ, երեխայից էլ»․ 22-ամյա մոլոկան Մարիայի պատմությունը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան: Մարիայի հետ սկզբնական շրջանում հանդիպել չհաջողվեց. նա Երևանում էր, խոստացավ Վանաձոր վերադառնալուն պես հանդիպել: Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Վանաձորի կայարանամերձ հատվածում հայտնաբերել են հոշոտված կնոջ դիակ: Մի քանի օր անց Վանաձոր եկած Մարիան զանգահարեց, առաջարկեց հանդիպել ու պատմեց, որ հայտնաբերված հոշոտված կինը իր մայրն է: Մոր մասին զրույցը Մարիային տարավ ետ՝ դեպի մանկություն, որտեղից էլ ըստ իրեն սկիզբ են առել բոլոր խնդիրները:

 Մանկուց մեր ընտանիքին հաշվի չէին առնում, նեղացնում էին միշտ, ընկերություն չէին անում: Մեզ չէին սիրում, որովհետև աղքատ ընտանիք էինք, վատ էինք ապրում, նորմալ հագուստ չունեինք: Մեր տուն անընդհատ ոստիկաններ էին գալիս: Եթե ձեր տուն ոստիկաններ են գալիս՝ վերջ: Ասում եմ՝ լավ, դուք սրբեր եք, դուք դրախտ կընկենք, ես դժոխք, դուք անմեղ եք, ես՝ մեղավոր:

Ապրում էի ծնողներիս, երկու եղբորս ու քրոջս հետ: 14 տարեկան էի, երբ հայրս մահացավ  ալկոհոլիզմից, եղբայրս մահացավ 2005թ.-ին՝ 10 տարեկանում, մյուս եղբայրս՝ 2014թ.-ին՝ ինֆարկտից: Քույրս ամուսնացել է ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Երբ փոխադրվեցի 6-րդ դասարան, դպրոցը թողեցի: Վատ չէի սովորում, 4 կամ 3 էի ստանում, երբեմն նաև 5: Տարբեր խնդիրների պատճառով հաճախ դպրոց չէի կարողանում գնալ, տանը տեղ չկար դաս անելու, ամենուր խառնաշփոթ էր, գնում էիր դպրոց՝ դպրոցում էին քեզ նեղացնում: Ընկերներ, ընկերուհիներ չունեի: Ֆիոլետովոյում սկսեցին ծաղրել ինձ, նորմալ հագուստ չունեի: Շատ վիրավորական էր, որ բոլոր երեխաներն ամեն ինչ ունեն, իսկ դու՝ ոչ:

Ես միշտ ստիպված էի լինում ինչոր բան ապացուցել բոլորին: Բոլորին միշտ ասում էի՝ ես կգնամ Ռուսաստան, ձեր համար ծնողներն են ամեն ինչ առնում, իմ համար էլ ես կառնեմ,  կաշխատեմ՝ կառնեմ: Հորս մահից հետո Կրասնոդարում ապրող հորեղբորս խնդրեցի, որ իրենց մոտ գնամ: Տարան, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո հայտնվեցի ինտերնատում:

Ինտերնատն իր օրենքներն ունիեթե դու քո դիրքը չդնես,  քեզ կխեղճացնեն: Միշտ կռվում էինք այնտեղ… Ինտերնատից հետո սկսեցի տարբեր գյուղերում աշխատել։ Հիմա ափսոսում եմ, որ դպրոցը թողել եմ: Հնարավորություն լիներ, կուզեի գոնե հիմա ավարտել ուսումս, անկեղծ: Իսկ այն ժամանակ հնարավորություն չկար:

Ավելի լավ կլիներ, որ այն ժամանակ պետությունը մեզ ինտերնատ ուղարկեր, ծնողներիս զրկեր ծնողական իրավունքներից:  Ավելի լավ կլիներ, անկեղծ, քան թե հայրս, մայրս հարբեցությամբ զբաղվեին: Այն ժամանակ, որ դպրոցը թողեցի, դա ոչ ոքի հետաքրքիր չէր, բոլորը թքած ունեին: Ավելի լավ էր զրկեին ծնողական իրավունքներից, ուղարկեին ինտերնատ, ես ուսումս կավարտեի, կյանքս ուրիշ ձևով կդասավորվեր, ինչ-որ մասնագիտություն ձեռք կբերեի:

Մի քանի տարի Ռուսաստանում մնալուց հետո վերադարձա Ֆիոլետովո: Երբ մեր աղջիկները մեկնում են Ռուսաստան, սկսում են շալվար հագնել: Այնտեղ ամեն ինչ կարելի է, իսկ այստեղ՝ չէ: Այստեղ պետք է թաշկինակ կապել: Մեզ մոտ ընդունված չէ, որ աղջիկները շալվար հագնեն:

Ես շալվար էի հագնում, սկսեցին ինձ ասել, որ ես հայ եմ: Ասում էի՝ մենք հայկական երկրում ենք ապրում, մենք հայկական հացն ենք ուտում, ինչո՞վ են հայերը վատը…Ասում էին շալվար հագնելը մեղք է: Ասում էի՝ մեր մեղքը դա մեր լեզուն է, իսկ  շալվար  հագնելն ի՞նչ մեղք է: Մեզ մոտ ուղղափառությունը չեն ընդունում, չեն խաչակնքում: Ես ուղղափառությունն ընդունեցի, դա էլ չընդունեցին: Ասացի՝ Աստված մեկն է…

Ժամանակ կար, երբ ես ուզում էի ընկերություն անել մոլոկան երիտասարդի հետ, ընտանիք կազմել:Երբ ուզում էի, ոչ ոք իմ հետ ընկերություն չէր ուզում  անել, երբ ես արդեն սկսեցի աշխատել ու ամեն ինչ ունեի՝ և՛ գումար, և՛ նոր հագուստ , ու   առաջարկեցին ընկեություն անել, արդեն ես ցանկություն չունեի, ցանկությունս կորել էր:

18 տարեկանում ընկեր ունեի, մոլոկան էր,  նա ինձ մի անգամ հարվածեցԴա ես նրան չկարողացա ներել: Ինչո՞ւ, որովհետև առանց այն էլ հայրս մեզ փոքր ժամանակ շատ էր նեղացրել: Ասացի՝ եթե դու հիմա ինձ խփում ես, ինչ կլինի մեր հետ ամուսությունից հետո: Բաժանվեցինք:

2014թ.-ին մորս հետ տեղափոխվեցինք Դիլիջան, աշխատում էի ռեստորաններից մեկում: Շատերն էին ցանկանում իմ հետ շփվել: Հետո նա եկավ, սկսեց գեղեցիկ ուխաժիվատ անել՝  ծաղիկներ, նվերներ: Ասել թե դա սեր էր, չգիտեմ էլ: Եղբայրս այդ ժամանակ նոր էր մահացել, այդ մասին չէի էլ մտածում: Նա հայ էր, մենք քաղաքացիկան ամուսնությամբ էինք ապրում: Չէինք ուզում բարձրաձայնել մեր մասին:

 Շատ հազվադեպ է լինում, որ հայ տղան ամուսնանա մոլոկան աղջկա հետ: Ես ռուս էի, իսկ դա նշանակում է թեթև վարքի տեր: Նա լավ ընտանիքից էր, դաստիարակված: 3-4 ամիս միասին ենք ապրել: Նրա ծնողները չգիտեին մեր մասին: Չեմ էլ ուզում ասել նրանց մեր մասին: Երբ  ասացի, որ երեխա ենք ունենալու, նա հրաժարվեց ինձնից էլ, երեխայից էլ: Ասում էր՝ դեռ պետք է մեր համար ապրենք: Իր համար՝ իր համար, թող իր համար ապրի: Նա որոշել էր իր համար հայ աղջիկ գտնել: Ասացի՝ աստված քո հետ, փնտրիր քո համար լավ աղջիկ, մենք առանց քեզ էլ յոլա կգնանք, ես կյանքում հենց այսպիսի բաներ եմ տեսել:  

Նա ինձ ասել էր, որ հեռացնեմ երեխային, որ աբորտ անեմ: Ես չուզեցի: Նախ առաջին երեխաս է, հետո չգիտեմ էլի կկարողանայի՞ երեխա ունենալ, թե՝ չէ, իսկ նա արդեն կա իմ կյանքում: Ես աղջկա էի սպասում, ամեն ինչ վարդագույն էի գնել: Հետո ծնվեց, ասացին՝ տղա է: Թող լինի տղա…

 Գիտի, որ երեխան ծնվել է, ես օգնություն խնդրեցի նրանից, ասաց, որ ոչ իմ, ոչ երեխայի մասին լսել չի ուզում: Փառք աստծո, այսօր գոնե երեխաս կա, կա մեկը, հանուն ում ես պետք է ապրեմ: Ոչինչ, որ նրա հայրը իրեն ու ինձ լքել է, փոխարենը ես ունեմ որդուս:  

Ասում են, երբ երեխաները խառնուրդ են ծնվում՝ մոլոկանի ու հայի խառնուրդ, դա մեղք է: Ասում եմ, հայը գալիս է ու քո գյուղում իր հացը վաճառում: Դու ինչո՞ւ ես գնում նրա հացը: Ուրեմն քոնը գնիր, եթե դա մեղք է: Դու հայկական հողի վրայով ես քայլում… Ի՞նչ տարբերություն հայ, մոլոկան, ռուս:

Մեր գյուղում  ես երկրորդն եմ, ով հանդիպել ու երեխա է ունեցել հայ տղայից:  Տարիներ առաջ ՝ 90-ականների վերջին էր կարծեմ, մեր գյուղից մի աղջիկ հանդիպում էր հայ տղայի հետ: Հղիացել էր հայից: Ծնողները նրան ծեծեցին,  վռնդեցին տնից: Այդ հայը Երևանից էր, նրան տարավ Երևան, երեխան արդեն 16 տարեկան է: Ծնողները նրան սկզբում չէին ընդունում, երբ տեսան, որ նրա մոտ ամեն ինչ լավ է, իր տունը, իր երեխան, իր գործն ունի, սկսեցին ընդունել:

Դիլիջանում մոտ մեկ տարի ապրելուց հետո տեղափոխվեցինք Սպիտակ: Տուն չունեինք, այնտեղ տուն էին տվել, սնունդ էին տալիս, առանց փողի աշխատում էինք… Հետո գնացինք Լեռնապատ: Մինչ այդ երբեք կով չէի կթել: Այնտեղ սովորեցի կթել, որ գոնե տանիք ունենանք գլխներիս, բայց ահավոր պայմաններ էին, երկար չկարողացանք դիմանալ… Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ կկարողանամ 9 ամիս պահել երեխայիս:

2015թ.-ի սեպտեմբերին ծնվեց տղաս: Սկսեցինք վարձով ապրել: Երեխան փոքր էր, մենք էլեկտրականություն էինք օգտագործում, 40 հազար դրամի լույսը գրեց: Տանտերը եկավ, ասեց՝ կամ վճարեք, կամ դուրս եկեք: Մենք վիճեցինք, մորս հետ էլ վիճեցինք:  Մայրս սկսել էր հարբեցողությամբ զբաղվել, համոզում էի, որ չխմի, ինձ չէր լսում: Ստիպված էինք արագ հավաքել իրերն ու փախչել այդ տնից, որ տանտերը մեզ չգտնի:

Դեկտեմբերի 14-ին երեխային ստիպված էի մանկատուն հանձնել: Մի օր Վարդանանց փողոցի շենքերից մեկի շքամուտքում մնացի ողջ գիշեր: Ես պատրաստվում էի քնել մի անկյունում: Գիշերը տանտերերից դուրս եկան: Նրանք դուրս եկան ու վախեցան: Այնքան վախեցան, որ համարյա փախան:

Մորս վերջին անգամ տեսա դեկտեմբերի 19-ին, կրկին խմած էր: Համոզում էի, որ չխմի, բայց նա ինձ չէր լսում: Ստիպված նորից վիճեցինք, մեկնեցի Երևան, սկսեցի աշխատանք փնտրել:

 Երբ մենք դեռ մորս հետ էինք ապրում, մեր վրա ամուսիններ դուրս եկան: Հայեր էին, ուզում էին որդեգրեն երեխային: Սկզբում համաձայնվեցի, հետո սիրտս կանխազգաց, որ պետք չի, ես հասկացա, որ երեխայից բացի ոչ ոք չունեմ: Հոգիս զգաց, որ ինչ-որ բան այստեղ այն չէ, որ կրիմինալի հոտ է  գալիս սրանից: Ասացին, որ իրենց ծանոթին երեխա չունի, իրենք իրենց ծանոթի համար են ուզում: Բայց այդ ծանոթին ես այդպես էլ չտեսա:

Աղբյուրը՝ Հետք