Սառա Խոջոյան. Հիմք եմ ընդունում իրավունքի պաշտպանությունը

Սառա Խոջոյան. Հիմք եմ ընդունում իրավունքի պաշտպանությունը

1381592_10151885631252778_408850105_nԱյն գյուղը, որտեղ մեծացել եմ, փողոցներից մեկում կրոնական երկու կազմակերպությունների ներկայացուցիչներ էին ապրում: Ես ամեն օր տեսնում էի նրանց, բարեւում, խոսում, նրանց տուն էի գնում, խաղում նրանց երեխաների հետ՝  այնպես, ինչպես մեր փողոցում ապրող մյուս մարդկանց հետ: Միակ տարբերությունը, որ տեսնում էի նրանց եւ մեր միջեւ, այն էր, որ բոլորը նրանց «հավատացյալ» էին անվանում:

Երեւի այդ պատճառով է, որ երբ սկսեցի կրոնական թեմաներով գրել, որեւէ ընդգծված կարծրատիպ չունեի, թեպետ ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ:
Մինչ կրոնական թեմաներով գրելը, ես մարդու իրավունքներին վերաբերող այլ խնդիրներ էլ եմ լուսաբանել՝ գենդերային հավասարություն, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, երեխաների իրավունքների ոտնահարում, անգամ Հայաստանի համար այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին է սեռական փոքրամասնությունների գոյության իրավունքն ու դրա ոտնահարման դրսեւորումները:

Ու կրոնական թեմայով նյութերն էլ սկսել եմ գրել մարդու՝ խղճի և կրոնի ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

Իմ բախտը, կարծես, բերել է, քանի որ մի կողմից՝ կարծրատիպեր չունեմ, մյուս կողմից էլ՝ նյութի համար հիմք եմ ընդունում իրավունքն ու դրա պաշտպանությունը:

Ամենաբարդ խնդիրն այն է, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն վստահում այս թեման լուսաբանող լրագրողներին: Պատմում են, որ լրագրողներն իրենց հետ հարցազրույցները հաճախ իրենց դեմ են օգտագործում:

Ծրագրի շրջանակներում, որտեղ աշխատում էի, մենք ձայն էինք տալիս այն կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ուզում էին պատմել իրենց խնդիրների ու իրավունքների ոտնահարման մասին: Եւ ուրախ եմ, որ կարողացել եմ չեզոքություն պահպանել, ինչն ամենակարեւորն է լրագրողի համար:

Ցավոք, որոշ լրագրողներ իմ գործունեությունը կապում էին իմ անձնական հայացքների հետ՝ հաճախ հարցնելով իմ դավանանքի մասին: Իրականում, գուցե այն, որ ես Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, կարող էր խոչընդոտ լինել: Բայց հուսով եմ, որ այդպես չէ. գոնե կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների վստահությունը կարող է դրա ապացույցը լինել:

Ընդհանրապես, կարծում եմ, կարեւոր չէ, թե լրագրողն ինչ ոլորտ է լուսաբանում, նրա ներկայացրած նյութը պետք է համապատասխանի լրագրության ոսկե չափանիշներին` լինի ճշգրիտ, հավասարկշռված, բոլոր կողմերի ներկայացվածությամբ: Լրագրողի որեւէ կարծիք չպետք է նյութի հավասարակշռության վրա ազդեցություն ունենա:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.