Լրագրողական փորձից

Մանե Պապյան. Պրոֆեսիոնալ լրագրության դեմ չեն կարող խոսել ոչ ընթերցողները, ոչ էլ հերոսները

DSC_0814Մանե Պապյան

Մոնոէթնիկ, մոնոկրոն մեր երկրում լրագրողի համար հաճախ տաբու է ներկայացնել այլ կրոնական կազմակերպություններին, եթե քո խոսքը բացասական երանգ չի պարունակում. դա է քեզնից պահանջում քո ընթերցողը, հասարակությունը, նույնիսկ խմբագիրդ։ Հակառակ դեպքում՝  ինքդ կհայտնվես բոլորի բացասական վերաբերմունքի թիրախում:

Տարիներ առաջ Վանաձորում կառուցվեց «Եհովայի վկաներ» կրոնական կառույցի մասնաշենքը։ Դա բացասական արձագանք գտավ վանաձորցիների մոտ՝ ընդհուպ բողոքի ցույցեր եւ բողոքներ ՏԻՄ կառույցներին: Արդեն բազմաթիվ նյութեր էին պատրաստվել այդ թեմայով, եւ կարելի է ասել՝ բոլորը բացասական համատեքստով: Ես պայմանավորվեցի հարցազրույցի համար «Եհովայի վկաներ» կրոնական կառույցի ներկայացուցիչների հետ՝ հենց իրենց կենտրոնական գրասենյակում: Ինձ ընդունեցին չափազանց քաղաքավարի, բայց՝  չափազանց սառը: Ճիշտ է՝ նրանք համաձայնել էին հարցազրույցին, սակայն հենց առաջին հարցի պատասխանից հասկացա, որ շատ դժվար է լինելու լիցքաթափել մթնոլորտն ու հաղթահարել նրանց դիմադրությունը։

Ինձ մնում էր միայն մի բան՝  փոխել խոսակցության թեման։  Ավելի քան երեսուն րոպե  ես նրանց հարցեր էի տալիս իրենց հավատքի առանձնահատկությունների մասին: Սկզբում իմ հարցերը տարօրինակ թվացին դիմացիններիս, սակայն երբ նրանք իմ խոսքի մեջ որեւէ  բացասական վերաբերմունք չտեսան, մթնոլորտը փոխվեց՝ վստահություն առաջացավ, եւ մենք կարողացանք հանգիստ քննարկել ստեղծված իրավիճակը: Սա փոքր դրվագ է իմ լրագրողական փորձից, որ հիշեցի այս թեմայի հետ կապված։

Սակայն տարիների ընթացքում տարբեր թեմաներ լուսաբանելիս համոզվել եմ, որ պրոֆեսիոնալ լրագրության դեմ չեն կարողանում խոսել ո՝չ ընթերցողները, ո՝չ էլ հերոսները: