Հետ գնալ

Զրադաշտականություն

Զրադաշտականություն – հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը:

Նրա գրչին են վերագրում զրադաշտականների սուրբ գիրքը՝ «Ավեստայի» հնագույն մասը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը երկու հավերժ հակադիր ուժերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի, չարի ու բարու սկզբների պայքարի ճանաչումն է: Ահուրամազդան մարմնավորում է լույսը, բարին, ճշմարիտը և կյանքը, իսկ Ահրիմանը կամ Անհրա-Մայնյուն՝ խավարը, չարը, սուտը և մահը: Նրանց պայքարի ասպարեզը աշխարհն է, որը վերջիվերջո պետք է ավարտվի բարու սկզբի հաղթանակով:

Զրադաշտական կրոնի դուալիզմն իր ազդեցությունն ունեցավ մանիքեականների, պավլիկյանների, կատարների և այլ ուսմունքների վրա: Համաձայն զրադաշտականների ուսմունքի վերջին դատաստանի օրը Ահուրամազդայի հետևորդները կմաքրագործվեն կրակի մեջ փրկչի՝ Միթրայի օգնությամբ, որը այդ մաքրման համար հարություն կտա մեռյալներին:

Ահուրամազդայի պայքարը դրսևորվում էր զրադաշտական էթիկայի երեք սյուները կազմող գաղափարների միջոցով, որոնք էին բարեպաշտությունը, ճշմարտությունը և անմահությունը: Մարդն արարվել է Ահուրամազդայի կողմից, սակայն նրան տրվել է ազատություն ընտրելու չարի ու բարու միջև, որի պատճառով էլ նա պարբերաբար հայտնվում է չարի ազդեցության ոլորտում: Զրադաշտական ուսմունքը մեծ տեղ է հատկացնում էթիկայի ու բարոյականության հարցերին, ինչպես նաև նորամուծություն հանդիսացող կամքի ազատության սկզբունքին:

Դուալիզմ – երկու հակադիր սկիզբների՝ հոգևոր ու նյութական, չարի ու բարու, տեսանելի ու անտես աշխարհների գոյությունը ընդունող կրոնափիլիսոփայական ուսմունքների առանձնահատուկ գիծ: Դուալիստական ընդգծված կրոնական համակարգ է զրադաշտականությունը, որտեղ պայքարում են բարի ու չար աստվածները՝ Ահրիմանն ու Ահուրա Մազդան: Դուալիստական համակարգ էր գնոստիկյանը՝ Դեմիուրգ-արարիչ ու Գերագույն բարի աստվածների հակադրությամբ: