Ոգի

Ոգի


Ոգին (լատ.՝ anima – ոգի, շունչ) անճանաչելի ոչ նյութական էակ է, որը հանդիսանում է նյութական իրերի, առարկաների ներքին շարժիչ ուժը, էներգիան: Ոգի հասկացությունը ձևավորվել է ոգեպաշտական (անիմիստական) հավատալիքների ձևավորման փուլում:

Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում:

Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա ուղեղը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Սակայն չկարողանալով բացատրել այնպիսի երևույթ, ինչպիսին երազն է, որի ժամանակ մարդը տեսնում է իր նախնիներին, նախնադարյան մարդը եկավ այն հետևության, որ յուրաքանչյուր մարդ ունի իր երկվորյակը, որը չի մեռնում մարդու հետ և շարունակում է պահպանել իր գոյությունը մահվանից հետո:

Քանի որ նախամարդու պատկերացումներում ոգին միայն մատերիական բնույթ ուներ, այդ պատճառով էլ շատ ցեղերի մոտ մարդու ստվերը նույնացվել է նրա երկվորյակի հետ: Դա իր արտացոլումն է գտել նաև լեզվամտածողության մեջ, որտեղ ստվեր և ոգի բառերը շատ դեպքերում նույնացվել են: Ոգեպաշտական հավատալիքներն ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո: