Վատիկան

Վատիկան


Վատիկանը պապական քաղաք-պետություն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ։ Հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թ. հատուկ հրովարտակով։ Կենտրոնը պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։

Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։ Վատիկանի կառավարությունը գլխավորում է պապի նշանակած պետական քարտուղարը։

Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։ Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։