Ուղղափառություն

Ուղղափառություն


Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը):

Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը, ինչպես նաև՝ քրիստոնեության հաջորդ Տիեզերաժողովների (ներառյալ 787 թ. Նիկեայի Տիեզերաժողովը) դավանաբանական որոշումները: Ուղղափառության՝ իբրև դավանաբանական համակարգի ամբողջական պատկերացումը շարադրված է Հավատո Հանգանակի 12 կետերում, իսկ դա նշանակում է, որ նրանց կարևորագույն կոնֆեսիոնալ պոստուլատները հանդիսանում են հետևյալ դոգմաները՝ Ս.Երրորդությունը, Մարմնավորումը (Անձնավորումը), Քավությունը, Հարությունը և Քրիստոսի համբառնումը: Ընդ որում, համարվում է, որ այդ դոգմաները փոփոխության և ճշգրտման ենթակա չեն թե՛ բովանդակային և թե՛ ձևական առումով:

Ուղղափառ եկեղեցական համակարգում գործում են մեկ տասնյակից ավելի ինքնանկախ ու չորս ինքնավոր եկեղեցիներ: Ուղղափառ ինքնանկախ եկեղեցիները, լինելով ընդհանրական տիեզերական եկեղեցու մի մասը, գործունեության մի բնագավառում հարաբերականորեն սահմանափակված են, իսկ մյուսում օժտված են լիակատար ազատությամբ և ազատ գործունեություն ծավալելու հնարավորությամբ: Ինքնանկախ եկեղեցու գոյությունը ապահովելու համար անհրաժեշտ է մինիմումը երեք եպիսկոպոսների առկայություն: Մայր (Կիրիրախեալ) եկեղեցին ինքն է որոշում ինքնավար եկեղեցիների կանոնադրությունը և ինքն է սահմանում նրանց իրավասության սահմանները: