Տոտեմիզմ

Տոտեմիզմ


Տոտեմիզմը (օդջիբվների լեզվով՝ տոտեմ (կամ «օտոտեմ») - «նրա ցեղը կամ տոհմը») շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարի եվրոպական գրականության մեջ Ջ. Մակ-Լենանի (1870թ.) և Ջ. Ֆրեզերի (1887թ.) աշխատությունների հրատարակումից հետո:

Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներով:

Տոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները:

Ծիսական գործողությունների ժամանակ ցեղի անդամները տարբեր ներկերով ու հագուստներով հիմնականում փորձում էին պատկերել իրենց տոտեմին ու իրենց շարժումներով նմանակել նրա գործողությունները: Հայ ժողովրդի կյանքում զարգացած տոտեմիստական հավատալիքները պահպանվել են բազմաթիվ հեքիաթներում, գրավոր ու բանավոր հուշարձաններում և դրանցից ամենագլխավորում` «Սասնա Ծռեր» էպոսում: