Թոմիզմ

Թոմիզմ


Թոմիզմ – կրոնափիլիսոփայական ուսմունք, որն ընկած է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության հիմքում: Այս ուսմունքի հիմնադիրն է դոմինիկյան վանական Թովմա Աքվինացին (1225-1274թթ.), որի ուսմունքի անկյունաքարը փիլիսոփայությունը ու նրա գործիքները աստվածաբանության ճշմարտությունները հիմնավորելու համար օգտագործելն էր: Աքվինացին իր ուսմունքում մեծապես օգտագործեց Արիստոտելի տրամաբանությունը, որի հիման վրա էլ նա գրեց իր հայտնի աստծո գոյության հինգ ապացույցները:

1323թ. կաթոլիկ եկեղեցին Թովմա Աքվինացուն սուրբ հռչակեց և դասեց «եկեղեցու ուսուցիչների» շարքը: Թոմիստական փիլիսոփայության հիմքում ընկած է կեցության մետաֆիզիկական ուսմունքը (գոյաբանությունը), որի իմաստը աստծո կեցության կամ գոյության հիմնավորումն է:

Թոմիստական փիլիսոփայության մեջ բարձրագույն էությունը պոտենցիալ կեցությունն է (աստված), որը դիտվում է որպես ողջ գոյավորի սկիզբ: Արիստոտելի փիլիսոփայության գոյության ու էության, ակտի և պոտենցիայի, մատերիայի  ու ձևի կատեգորիաները ստանում են նոր, կրոնափիլիսոփայական ուղղվածություն: Նրա փիլիսոփայության մեջ հավատն ու բանականությունը ներդաշնակ են, քանի որ կոչված են ծառայելու մեկ նպատակի:

Մարդու իմացական հնարավորությունները կարող են ճանաչել միայն ցածրագույն ճշմարտությունները, իսկ բարձրագույն ճշմարտությունները կարող են հասու լինել միայն հայտնության միջոցով: Աստված մասամբ է հասանելի բանականության ճանաչողությանը և այդ իմաստով աստվածաբանությունն ու գիտությունը համընկնում են աստծո մասին իրենց ճշմարտություններում: Թոմիզմը կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությունն է («Aeterni patris» էնցիկլիկան, 1879թ.) և հանդես է գալիս նեոթոմիզմի ձևով: