Սուննիզմ

Սուննիզմ


Սուննիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որը գերիշխող է իր տարածվածությամբ: Սուննիները ճանաչում են ոչ միայն Ղուրանի, այլ նաև Սուննայի հեղինակությունը և նշանակությունը մահմեդականի կյանքում: Սուննիզմը ծագել է 7-րդ դարի կեսերին Արաբական թերակզում՝ իսլամի ներսում տեղի ունեցած բաժանման արդյունքում:

Այդ ժամանակ մահմեդականների մեծամասնությունը մերժեց խալիֆաթի հոգևոր հիմքերը և չընդունեց  Մուհամեդի ժառանգ հանդիսացող իրենց առաջնորդների գերբնական հատկանիշները: Սրանով էլ հենց սուննիները տարբերվում են  շիաներից, քանի որ վերջիններս ընդունում են Մուհամեդի զարմիկ Ալիի սերունդների առաջնորդության իրավունքը: Սուննիները իրենց առաջնորդներին ընտրում էին ողջ համայնքով: Սուննիները ընդունում են միայն չորս ճշմարիտ խալիֆների՝ Աբու Բաքր, Օմար, Օսման, Ալի (շիաները ընդունում են միայն Ալիին):

Սուննիները շեշտադրում են ս. ավանդության՝ Սուննայի կարևորությունը իսլամի մեջ, այդ պատճառով էլ համարում են, որ իսլամադավանները պետք է ճշգրտորեն հետևեն Մուհամեդի կյանքին ու վարքին: Սուննի մահմեդականները ունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց (մազխաբ)՝ հանաֆիական, մալաքիական, շաֆիական և հանբալյան: