Սխոլաստիկա

Սխոլաստիկա


Սխոլաստիկան (հուն. schole` դպրոց) միջնադարյան կրոնաիդեալիստական փիլիսոփայություն է, որը փորձում էր փիլիսոփայության կատեգորիաներն օգտագործել աստվածաբանական ճշմարտություններն ապացուցելու համար։ Սխոլաստիկայի սկզբնավորող համարվող Հովհաննես Դամասկացու շնորհիվ փիլիսոփայությունը հռչակվեց աստվածաբանության աղախինը:

Սխոլաստիկան սկսել է ձևավորվել քրիստոնեական աստվածաբանության գաղափարական համապարփակ տիրապետության պայմաններում, երբ հայրաբանությունը, ավարտելով ջատագովական խնդիրները, աստիճանաբար վերածվում է տիրապետող գաղափարախոսության։ Սխոլաստիկական մտածողները իրենց երկերում հիմնականում անդրադառնում են հավատի ու բանականության փոխահարաբերության հարցերին՝ դրանք դիտարկելով հավատքի առաջնահերթության տեսանկյունից:

Ճանաչված կաթոլիկյան սխոլաստիկական մտածողներից էին Էրիուգենը, Ալբերտ Սքոտը, Ալբերտ Մեծը, Անսելմ Քենթրբերացին և կաթոլիկ եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության հայր Թովմա Աքվինացին: Վերածննդի ազդեցությամբ սխոլաստիկան աստիճանաբար ետ է մղվում։ Սխոլաստիկայի ավանդույթների մասնակի աշխուժացում նկատվում է 16-17-րդ դդ. հատկապես Իսպանիայում (այսպես կոչված՝ երկրորդ սխոլաստիկա), որն ուղղված էր լուսավորչական շարժմանը։