Պրեսբիտերական եկեղեցի

Պրեսբիտերական եկեղեցի


Պրեսբիտերական եկեղեցին 16-րդ դարում Անգլիայում ու Շոտլանդիայում բողոքականության կալվինական ճյուղից առանձնացած եկեղեցիներն են, որոնք պահանջում էին վերադառնալ եկեղեցու նախնական կառուցվածքին և եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում ճանաչում էին միայն պրեսբիտերի աստիճանը։ Հետևաբար հերքում էին եպիսկոպոսությունը և պահանջում էին եկեղեցին անջատել պետությունից:

Վերջին պահանջը ուղղված էր Անգլիկան եկեղեցու դեմ, քանի որ այն պետական եկեղեցի է՝ միապետի գլխավորությամբ: Պրեսբիտերական եկեղեցիները ղեկավարվում են հովիվների ու պրեսբիտերների կողմից, որոնք էլ հենց կազմում են պրեսբիտերական նվիրապետությունը:

Հետագա զարգացման ընթացքում պրեսբիտերական եկեղեցիներում հայտնվեցին ծխական ավագանի, պաստորների ժողովներ, շրջանային ու ազգային սինոդներ: Պրեսբիտերական եկեղեցիներում չկան ոչ պաշտամունքի սեղաններ, ոչ սրբապատկերներ, ոչ մոմեր, ժամերգությունը կատարվում է բեմահարթակից, կատարվում է քարոզ տեղի լեզվով, հնչում է ժամանակակից երաժշտություն: Տարածված է Շոտլանդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում: