Հետ գնալ

Պրեսբիտերական եկեղեցի

Պրեսբիտերական եկեղեցին 16-րդ դարում Անգլիայում ու Շոտլանդիայում բողոքականության կալվինական ճյուղից առանձնացած եկեղեցիներն են, որոնք պահանջում էին վերադառնալ եկեղեցու նախնական կառուցվածքին և եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում ճանաչում էին միայն պրեսբիտերի աստիճանը։ Հետևաբար հերքում էին եպիսկոպոսությունը և պահանջում էին եկեղեցին անջատել պետությունից:

Վերջին պահանջը ուղղված էր Անգլիկան եկեղեցու դեմ, քանի որ այն պետական եկեղեցի է՝ միապետի գլխավորությամբ: Պրեսբիտերական եկեղեցիները ղեկավարվում են հովիվների ու պրեսբիտերների կողմից, որոնք էլ հենց կազմում են պրեսբիտերական նվիրապետությունը:

Հետագա զարգացման ընթացքում պրեսբիտերական եկեղեցիներում հայտնվեցին ծխական ավագանի, պաստորների ժողովներ, շրջանային ու ազգային սինոդներ: Պրեսբիտերական եկեղեցիներում չկան ոչ պաշտամունքի սեղաններ, ոչ սրբապատկերներ, ոչ մոմեր, ժամերգությունը կատարվում է բեմահարթակից, կատարվում է քարոզ տեղի լեզվով, հնչում է ժամանակակից երաժշտություն: Տարածված է Շոտլանդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում:

Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի – բողոքականոության հիմնական ճյուղերից մեկը, որը հիմնադրել է Ժ. Կալվինը (1509-1564թթ.) ժնևում: Կալվինականության առանձնահատկությունը նախախնամության դավանանքի ընդունումն է, որի համաձայն՝ մարդու ճակատագիրը մինչև իր ծնունդը կանխորոշված է: Կալվինականությունը խորը քննադատության ենթարկեց կաթոլիկության ճոխ ծիսակարգն ու պաշտամունքը, եկեղեցում վերացրեց խորանը, սրբապատկերները, խաչերն...

Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային (ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը, սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ) համերաշխության եզրեր գտան  մեթոդիստական թևի եկեղեցիների (Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում: